Ապրիլի 7-ին «Կասկադ» համալիրում կայացած համերգը, որին մասնակցում էին Արամ MP3-ը եւ «Jazzle» խումբը, նվիրված էր կանանց միամսյակի ավարտին: Միջոցառման ժամանակ երգիչները նախ շնորհավորեցին բոլոր կանանց եւ աղջիկներին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, ապա հնչեցրին Շարլ Ազնավուրի, Մայքլ Ջեքսոնի, Էրիկ Կլապտոնի, Բոբ Մառլիի, Ռեյ Չարլզի եւ շատ այլ աշխարհահռչակ երգիչների կատարումներ: Բեմը զարդարված էր լուսային գեղեցիկ էֆեկտներով: Համերգը անցավ բավականին ջերմ ու անմիջական մթնոլորտում: Ներկաները ոչ միայն լսում էին կատարումները, այլեւ ձայնակցում եւ պարում:
Համերգից հետո որոշեցի մի փոքրիկ հարցախույզ անցկացնել ներկաների հետ: Եվ այն հարցիս, թե ի՞նչն է նրանց այստեղ բերել, հնչեցին գրեթե միանման պատասխաններ. «Եկել ենք լավ երաժշտություն լսելու եւ փոքր-ինչ առօրյա հոգսերից կտրվելու»: Նշեմ, որ մարդիկ ցանկանում էին, որ այսպիսի միջոցառումներ մայրաքաղաքում հաճախակի կազմակերպվեն: