Չեխ հնագետները հայտնաբերել են ամենահին հոմոսեքսուալիստի մնացորդները, որն ապրել է 5000 տարի առաջ:
Հնագետները նրա սեռական կողմնորոշման մասին ենթադրություններ են արել՝ ելնելով այն բանից, թե ինչպես են նրան թաղել: Մասնագետներն ասում են, որ թաղումն իրականացվել է մ.թ.ա. 2900-2500թթ. ընկած ժամանակահատվածում: Ավանդաբար այդ շրջանում տղամարդկանց թաղում էին աջ կողքի վրա պառկած, գլուխը՝ արեւմուտք, կանանց՝ ձախ կողքի վրա, գլուխը՝ արեւելք:
Հայտնաբերված տղամարդը թաղված է ձախ կողքի վրա, գլուխը՝ արեւմուտք: Երկրորդ նշանը, որի վրա հենվում են հնագետները՝ այն առարկաներն են, որոնք դրվել են դիակի հետ: Սովորաբար տղամարդկանց հետ թաղում էին զենքեր, մուրճեր ու դանակներ, իսկ կանանց հետ՝ կճուճներ, ժանիքե զարդեր եւ պղնձե ականջօղեր:
Հայտնաբերված տղամարդու գերեզմանում եղել է ոչ թե զենք, այլ կճուճներ: Ըստ tert.am-ի՝ հնագետները կարծում են, որ դա չի կարող սխալի կամ անուշադրության հետեւանք լինել՝ հաշվի առնելով, թե այդ շրջանում ինչպիսի մեծ կարեւորություն էին տալիս հուղարկավորության արարողություններին: Այստեղից գիտնականները եզրակացնում են, որ հայտնաբերված տղամարդը, ամենայն հավանականությամբ, կամ հոմոսեքսուալիստ է կամ տրանսվեստիտ: