Լրահոս
Օրվա լրահոսը

Չչարանանք…

Ապրիլ 09,2011 00:00

Տարիքով՝ հասուն, հոգով՝ երիտասարդ

Ինչքա՜ն շատ ենք մենք վերջին տարիներին սարսափած դիտում հեռուստատեսությամբ բնության հերթական աղետը եւ նրա պատճառած արհավիրքները: Հոգեբանները իրավացիորեն այդ բոլորը կապում են աշխարհի տարբեր անկյուններում կուտակված չարության էներգիայի հետ եւ խորհուրդ են տալիս միմյանց նկատմամբ լինել ավելի համբերատար եւ հանդուրժող:
Ամենից առաջ դա վերաբերվում է տարբեր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներին եւ կուսակցություններին, մտավորականներին եւ մշակույթի գործիչներին:
Ինչպե՞ս հասնել այդ երանելի հոգեվիճակին: Ցանկացած մարդ հաճախ իր գործընկերների, բարեկամների կամ անծանոթների հետ անհաճո խոսակցություններ է ունենում: Նման մարդկանց, որոնք վիրավորում են քեզ, կարելի է բաժանել երկու խմբի.
ա) բարեկրթության կանոններից անտեղյակ, ակամա վիրավորանք պատճառողներ,
բ) հասարակ հարցերը մեծ քննարկման առարկա դարձնելու սիրահարներ, որոնք առիթը բաց չեն թողնում վիճելու, ինչ-որ բան ապացուցելու, իրենց պաշտոնի, կոչման կարեւորությունը ընդգծելու համար: Վերջիններս այնպիսի մարդիկ են, որոնք ավելի շատ վշտանում են ուրիշի հաջողություններից, քան սեփական անհաջողություններից: Եթե գնանք այդ մարդկանց հետ մեր հարաբերությունները սրելու ճանապարհով, ապա կյանքն ուղղակի անտանելի կդառնա: Ես կցանկանայի մի քանի խորհուրդ տալ, որոնք կօգնեն պահպանել նյարդերը եւ բարի հարաբերությունները շրջապատի հետ: Ամենից առաջ աշխատեք հեռու մնալ ձեզ համար ոչ հաճելի մարդկանց հետ հաղորդակցվելուց: Մի զրուցեք նրանց հետ, ովքեր չեն կիսում ձեր հայացքները եւ կյանքի մասին այլ պատկերացումներ ունեն: Իսկ եթե, այնուամենայնիվ, ստիպված եք շփվել աշխատավայրում, ապա ձգտեք այնպիսի տարածություն պահպանել, որ ապահովագրված լինեք նրանց միջամտությունից: Օրինակ, եթե ինձ ինչ-որ մեկը միանգամայն անտեղի վիրավորում է, ապա ես հուզվում եմ, բայց աշխատում եմ այլեւս չհանդիպել այդ մարդուն եւ ոչ մի բացատրություն չտալ նրա արդարացումներին: Հետեւաբար, ամենաճիշտը նրանց ասածներին ուշադրություն չդարձնելն է: Խելացի մարդիկ եղածից չեն վիրավորվում, փորձում են մեղքը փնտրել իրենց մեջ եւ անել անհրաժեշտ եզրահանգումներ:
Իսկ եթե ինձ վիրավորող մարդը թանկ է ինձ համար, եւ ես չեմ ուզում նրան կորցնել, ապա պարզապես որոշ ժամանակ նրան զրկում եմ իմ ժպիտից, որպեսզի զգա իր սխալը: Դրանից հետո գտնում եմ նրա արարքի համար որեւէ արդարացում եւ մոռանում վիրավորանքի մասին: Եթե վիրավորողն ինձ համար անարժեք մարդ է, ապա մտովի նրան վերածում եմ մի արձանիկի եւ դնում պահարանի չերեւացող մասում: Նա այլեւս գոյություն չունի ինձ համար, եւ ես մոռանում եմ ընդմիշտ նրա մասին:
Խորհուրդ կտայի նաեւ բոլորին (հատկապես կանանց)՝ երբեք չվշտանալ եւ չչարանալ նյութական որեւէ պակասությունից՝ լինի զարդ, թե կոշիկ, զգեստ, թե կահույք: Չարությունը, նախանձը, կռվարարությունը երեք քույրեր են, որոնք կրծում են հոգիները եւ կրճատում կյանքը: Ավելի լավ է ապրել հետեւյալ կարգախոսով՝ «Որքան տարիքով հասուն, այնքան հոգով երիտասարդ»:
Պետք է նաեւ միշտ հիշել, որ հոգու աղբի դուրս մղման լավագույն միջոցը սիրած գործով զբաղվելն է. գրիր, ստեղծագործիր, նկարիր, նվագիր, նայիր երիտասարդ տարիների քո լուսանկարները, կրկին բաց քո հավաքածուները, կարդա օրագրերդ եւ նոթատետրերդ, հյուր գնա եւ հյուրեր ընդունիր, բարի գործ կատարիր, եւ այդ ամենը կօգնի քո հոգու առողջացմանը եւ չարությունից զերծ մնալուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել