Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ» ՇՏԱՊ PR-ՇԻԿ Է ՊԵՏՔ

Ապրիլ 09,2011 00:00

Մինչ մեր եկեղեցին «Bentley»-ներով է տարված, «Եհովայի վկաները»  փնտրում են PR ծառայություններ մատուցող կազմակերպություններ:

Ապրիլի 7-ին, ժամը 10:00-ի սահմաններում, «Եհովայի վկաներ» կազմակերպությունից զանգել են «PR-ի զարգացման հայկական կենտրոն» ու հետաքրքրվել նրանց ծառայությունների մատուցման կարգից: Սկզբում զանգողը չի ներկայացել, փորձել է անանուն իր համար ճշտումներ անել ու պայմանավորվածություն ձեռք բերել, հետո տեսնելով, որ հրաժարվում են իրենց թաքուն խաղերի մեջ մտնել ու անհայտ ծագման կազմակերպության PR անել, ներկայացել է որպես Արթուր Իսպիրյան՝ «Հայաստանի Եհովայի վկաների քրիստոնեական կազմակերպությունից», որը ցանկանում է Հայաստանում PR արշավ կազմակերպել: Սկզբում նրանց պետք է եղել մամուլի ասուլիսներ հրավիրել՝ Եվրոպական դատարանին ինչ-որ հայց ներկայացնելու եւ դրա արդյունքների մասին: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը՝ «Մենք միանգամից մերժեցինք նրանց, որովհետեւ սկզբունքներ ունենք՝ մենք ոչ մի գումարի դիմաց չենք զբաղվի կրոնական աղանդների PR-ով: Ինչպես ես հասկացա, հավանաբար սկզբի համար իրենց պետք էր PR անել, այսպես ասած, «հերթական շահերի ոտնահարման» վերաբերյալ դատերի կամ հայտնի սպանության դեպքերի հետ կապված գործերի համար, երբ լուրեր տարածվեցին, որ վկաները ծնողասպան են եւ այլն»:
Քանի որ կենտրոնում գրանցվել էր «Եհովայի վկաներից» զանգողի հեռախոսահամարը, մենք փորձեցինք այդ համարով ճշտել՝ ինչո՞ւ են «Եհովայի վկաները» հանկարծ «PR»-ի կարիք զգացել Հայաստանում: Նախ, Արթուր Իսպիրյանը չհերքեց, որ իսկապես «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ է եւ որ, իրոք, իրենք դիմել են PR-ի ծառայություններ մատուցող կենտրոնին, բայց նա վստահեցրեց, որ «իրենք բացարձակապես PR-ի կարիք չունեն». «Մեզ ոչ թե PR-շիկ է պետք, այլ մենք ուղղակի հետաքրքրված էինք այդ ակումբով, նրանց պայմաններով՝ այդքան բան»: Երբ հարցրինք, թե ինչո՞ւ պետք է հենց այնպես դուք հետաքրքրվեք ինչ-որ կենտրոնով՝ «Եհովայի վկան» խոստովանեց, որ իրենք ցանկացել են իմանալ, թե ինչպես կարող են այդ ծառայություններից օգտվել. «Մեզ պետք էին տվյալներ, թե արդյոք կարո՞ղ ենք իրենց ծառայություններից օգտվել, բայց մենք մանրամասներ նրանց չենք հայտնել, ամբողջական տեղեկություն չենք տվել, պայմանավորվածություն ձեռք չենք բերել եւ չենք պատրաստվում ինչ-որ PR անել այստեղ»: Մեր հարցին՝ ո՞ր դատական հայցի հետ կապված եք ուզել մամուլի ասուլիսներ հրավիրել ու PR արշավ կազմակերպել երկրով մեկ՝ Ա. Իսպիրյանը պատասխանեց. «Դեռ այդ վճիռը չկա էլ, ուղղակի ուզում էինք PR կազմակերպության տեղն իմանալ՝ ուրիշ ոչինչ»: Նա վստահեցրեց, որ դա հեռուստամեկնաբան Գեւորգ Ալթունյանի դեմ դատական հայցի հետ կապ չունի:
Նշենք, որ երեկ «PR-ի զարգացման կենտրոնը» հայտարարություն է տարածել ու հորդորել Հայաստանում PR ծառայություններ մատուցող այլ ընկերությունների, որ խուսափեն նմանատիպ վտանգավոր ու դրսից ֆինանսավորվող ուժերին որեւէ տեսակի աջակցություն ցուցաբերել:
Կենտրոնի նախագահը «Առավոտին» իր մտահոգությունը հայտնեց, թե կգտնվեն կազմակերպություններ, որ հանուն փողի աղանդների համար կճեղքեն եթերը, մամուլը կողողեն նրանց PR-ով. «Մեզ համար սկզբունքներ կան, մենք ամեն ինչի ու ամեն մեկի PR-ով չենք զբաղվում: Բայց քանի դեռ Հայ առաքելական եկեղեցին տեղից չի շարժվում՝ աղանդավորները շատ կոնկրետ քայլերով, հնարավոր է՝ սոցիալական կայքերն օգտագործելով ուժեղ PR անեն: Արդեն Facebook-ում «Կյանքի խոսք» կազմակերպությունից մարդիկ կան, որ երիտասարդությանը գրավելով՝ լուրջ բանակ են հավաքում: Նրանց կարգախոսն է՝ Մենք միավորում ենք միայն հաջողակ մարդկանց, ու իրենց հաջողակ համարողները տարվում են նրանցով: Հայաստանում «Էմոների շարժումը» նույնպես լավ PR-ի արդյունք է, նրանք օգտագործեցին «արգելված պտուղը քաղցր է» էֆեկտը, որն ամենաշատը անչափահասների վրա է ազդում, ու հիմա նրանք իսկապես վտանգավոր են մեր ազգի համար: Տեսնես մեր եկեղեցին ե՞րբ գլխի կընկնի, որ իրենք էլ լուրջ PR-ի կարիք ունեն, եւ եթե մեզ ֆինանսավորեն, սեւ PR-ի միջոցով թեկուզ կարող ենք պայքարել աղանդավորական կազմակերպությունների դեմ»:
Նշենք, որ, ըստ «Եհովայի վկաների» պաշտոնական կայքի տվյալների, մեր երկիրը 230 երկրների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում «Եհովայի վկաների» քանակով: Միայն 2009-ին 3 մլն 240 հազար բնակչություն ունեցող Հայաստանում 10 հազար 586 վկա էր գրանցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել