Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոն գնալը արարողություն էր

Ապրիլ 09,2011 00:00

Բեյրութահայ հանդիսատեսը տարբերվում է հայաստանցիներից

Անվանի դերասան Սոս Սարգսյանի ղեկավարած «Համազգային» թատրոնը օրերս վերադարձավ Բեյրութի Համազգային կրթական մշակութային միության անցկացրած՝ «Հայ թատրոնի միամսյակ» փառատոնից: Մարտի 29-ից ապրիլի 5-ը տեղի «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում հայրենիքից ժամանած թատրոնը ներկայացրել է 4 բեմադրություն՝ Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» (բեմադրիչ՝ Հր. Գասպարյան), Վ. Սարոյանի՝ «Փրկության կղզի» (բեմադրիչ՝ Ն. Ծատուրյան), Ռ. Լամուրեի «Ախ կանայք, կանայք» (բեմադրիչ՝ Վ. Ստեփանյան) եւ Էդ. դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը» (բեմադրիչ՝ Ս. Սարգսյան):
«Առավոտը» հանդիպեց թատրոնի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Վարդան Մկրտչյանի հետ: Նա տեղեկացրեց, որ բեյրության հյուրախաղը նախատեսված էր դեռեւս 2010թ.՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 80-ամյակին, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվել էր եւ միայն հրավիրող կողմի հետեւողականության շնորհիվ էր, որ այս տարի թատրոնն առիթ ունեցավ երկրորդ անգամ ներկայանալու բեյրութահայերին (առաջին անգամ «Համազգայինը» Բեյրութ մեկնել է 1994թ.):
Ի տարբերություն հայաստանյան թատրոնների, «Համազգայինի» խաղացանկում հիմնականում արդի հայ թատերգության ճանաչված գործերն են, այդ թվում՝ Ռ. Հովսեփյանի «Չինական պարիսպ», Ա. Սիմոնյանի «44 աստիճան», Մ. Խերանյանի «Շխոնց Միհրան» եւ այլն: Իսկ թե ինչ սկզբունքով էին ընտրվել հյուրախաղային ներկայացումները, Վ. Մկրտչյանն ասաց, որ երկու կողմերը՝ եւ հրավիրող, եւ «Համազգայինի» գրասենյակը, այս հարցում եկել էին ընդհանուր համաձայնության: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ներկայացումները մշտապես գտնվում էին տեղի լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ազդակի» եւ լիբանանյան կենտրոնական TV-ի ուշադրության կենտրոնում, որի ցանցում հայ համայնքն ունի ամենօրյա 20 րոպեանոց ծրագիր:
Տնօրենի խոսքերով՝ Բեյրութում հանդիպել են նախանձելի հանդիսատեսի. «Լսել ենք, որ նախկինում թատրոն գնալը Երեւանում արարողություն է եղել, սկսած հանդիսատեսի հագուկապից՝ վերջացրած նրանց արձագանքից: Հիմա այդպես է Բեյրությում: «Փրկության կղզի» ներկայացման մեջ մի կտոր կա, երբ փոքրիկ տղան՝ Քլեյը, գտնում է մի ոստրե ու ենթադրում, թե այնտեղ մարգարիտ պիտի լինի, որը կվաճառի եւ այդպիսով կկանխի հոր արտագնա աշխատանքի մեկնելը… Օրինակ, երեւանյան հանդիսատեսը հումորով է վերաբերվում այս հուզիչ տեսարանին, իսկ բեյրութահայը հուզմունքից պարզապես խեղդվում էր…»:
Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ հրավիրվել է «կլոր սեղան»՝ հայ թատրոնի առջեւ ծագած հիմնական խնդիրների թեմայով: Իսկ թե իր կարծիքով ո՞րն է հայ թատրոնի գերխնդիրը, Վ. Մկրտչյանն ասաց. «Եթե տարիներ առաջ երազում էինք տեսնել պետպատվերով ներկայացումներ, ունենալ կայուն աշխատավարձ, հյուրախաղեր՝ հիմա ունենք: Գերխնդիրը մեկն է՝ հայ թատրոնն ունի լուրջ ներդրումների կարիք՝ թատերական աշխարհում լուրջ հայտ ներկայացնելու համար»: Մեզ հասած այն լուրը, թե «Համազգայինի» հետ մեկնած ճանաչված դերասան Կարեն Ջանիբեկյանը հենց Բեյրութում իր դժգոհությունն է հայտնել վարձատրության մասով, տնօրենը չհերքելով ու չհաստատելով, հայտնեց հետեւյալը. «Կարեն Ջանիբեկյանը իրավասու չէր ինչ-ինչ հայտարարություններ անել, որովհետեւ ի սկզբանե ծանոթ է եղել պայմաններին, որոնք ընդունել է»: Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի նորանշանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մազմանյանի անվան շուրջ շրջանառվող այն խոսակցություններին, թե նա մտադիր է ինստիտուտի շենքում գործող շուրջ 20-ամյա «Համազգայինը» զրկել տարածքից, Վ. Մկրտչյանն ասաց. «Մազմանյանը մշտապես հարգանք է ցուցաբերել Սոս Սարգսյանի վաստակի եւ անձի հանդեպ, վերջերս էլ մի առիթով արտահայտվել է, թե ինքը չի պատրաստվում շենքից հանել «Համազգայինը»: Ես հավատում եմ նրա խոսքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել