Դիսիդենտական արվեստից՝ մինչեւ աստվածային էություն
Անվանի նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի համար այս տարին հոբելյանական է, շուտով նրա ծննդյան 70-ամյակն է: Փառքի, տիտղոսների, պետական պարգեւների պակաս վարպետը չունի, ասում է՝ հինգ մատի արանքով է նման բաներին նայում: Ցանկությունը մեկն է, որ վերջապես սկսեն գիտակցել՝ արտիստը՝ արվեստագետը աստվածային էակ է: Ժամանակին հենց այս խոսքերով էլ Ռաֆայել Սանտին մի առիթով կշտամբել է տիրակալ Լորենցոյին, երբ վերջինս իբր թերություն է տեսել նրա գործերից մեկում:
Հիշում է՝ 20 տարեկան էր, երբ ոտք դրեց Երեւան, որը հետագայում դարձավ նրա կյանքի գլխավոր քաղաքը, իր առաջին ցուցահանդեսը՝ Սեյրան Խաթլամաջյանի հետ 1966-ին, ուղղակի փայլուն անցավ. «Միանգամից ոտքով հրեցի դուռը, ներս մտա ու, փառք Տիրոջը, որ առայսօր ապրում եւ աշխատում եմ: Հիմա եմ սկսել գիտակցել, թե ո՞նց կարողացա կրիայի պես մտնել այդ պատյանի տակ՝ գեղեցիկ աշխարհի մեջ… թատրոն, կանացի կերպարներ, հնարեցի ինձ համար իմ աշխարհը ու փախա դրա մեջ: Եվ դա ինձ սնեց»:
Գեղարվեստի մաեստրոն ասում է, որ տարիներն իր համար կանգուն, սառեցված վիճակում են. «Ես չեմ կարող ըմբռնել ժամանակը, չէ՞ որ դա միայն տարեթվերը չեն: Եվ հետո, մանավանդ արվեստում միշտ էլ նույն պրոբլեմներն են եղել, ուղղակի փոխվել են ձեւերը»:
Ռ. Էլիբեկյանն իրեն զգացմունքային է համարում, ամեն ինչի հանդեպ ընկալումն էլ այդպիսին է՝ որպես սովորական մարդ, ոչ թե զուտ մտավորական, պրոֆեսոր կամ ակադեմիկո՜ս. «Ես ամեն ինչին նայում եմ պարզ, արհեստավոր նկարչի աչքերով, քանի որ արհեստը արվեստի համարյա 90 %-ն է կազմում՝ բոլոր ասպարեզներում, թատրոն, երաժշտություն, գրականություն, մանավանդ կերպարվեստ… Բժիշկը, վիրաբույժն էլ արտիստ են, արվեստագետ, եթե, իհարկե, լավ բժիշկ է»:
Հետադարձ հայացքով վերհիշելով ամեն ինչ, նկարիչը նշում է. «Շատ լավ գիտակցում եմ, որ հիմա արբանյակներ են թռչում, էլ կառքեր չկան, բայց դա ոչինչ չի նշանակում, մեկ է՝ ես ինձ համար ստեղծել եմ մի ժամանակ, որը ինձ օգնում է: Ամեն մարդ իր ժամանակն ունի, ժամանակի իր զգացողությունը»:
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով հայ արվեստագետների 60-ականների պարադոքսալ սերնդին, որը հեղափոխություն արեց խորհրդային կապանքների պայմաններում, վարպետը շեշտեց. «Մեզ համար եւ դժվար էր, եւ շատ հեշտ էր, որովհետեւ մեր մշակույթը օգնում էր՝ Մոմիկ, Սարգիս Պիծակ, խաչքարեր կերտողներ: Սարյանը, Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, Լեւոնը Ներսիսյանը մեր կողքին էին… Այն ժամանակվա բոհեմային մթնոլորտը (բառն այնքան էլ չեմ սիրում) լրիվ ուրիշ էր… Նկարիչների միության բացօթյա սրճարան կար, անունը դրել էինք թԺՀ: Այդտեղ մենք էինք նստում՝ գումար չունեցողներս, հարեւանությամբ՝ «Երեւան» ռեստորանն էր՝ ճաղերով փակված: Սովետի ժամանակ տարին մեկ-երկու անգամ ցուցահանդեսներ էին լինում, եւ պետությունը նկարիչներից նկարներ էր առնում, ոմանց քիչ էր վճարում, ոմանց՝ շատ: Հենց մեզ վճարում էին, Լեւոնը Ներսիսյան ասում էր՝ մի հատ չգնա՞նք, մի հատ ՂՀթ, այսինքն՝ «Երեւան» ռեստորան… Մեր սերունդը շատերին՝ մոռացած նկարիչներին, ի դերեւ հանեց: Օրինակ՝ Հովսեփ Կարալյանը, Ջոտտո Գրիգորյանը Թիֆլիսից Երեւան տեղափոխվեցին, զգալով, որ ազատության շունչ կա Հայաստանում: Ուրիշ տեղեր էլ էդ շունչը կար, հրաշալի նկարիչներ կային, իրենց սոցարտը դիսիդենտական արվեստ էր՝ ուղղված ռեժիմի տապալմանը: Ու քանի որ մենք Մոսկվայից հեռու էինք, հայերը կենսաբանորեն, մշակութային ժառանգությամբ, տեմպերամենտով ուրիշ էին, մեզ մոտ ավելի ազատ էր, պարարտ հող կար»:
Ռ. Էլիբեկյանը, իր ձեւակերպմամբ, մղկտալով է հիշում նաեւ այն արվեստագետներին, ովքեր բոլշեւիկյան դաժան «ակցաններին» զոհ գնացին, իհարկե՝ իրենց սերունդն էլ է գրաքննության ենթարկվել. գեղխորհուրդը մերժել է իրեն, Մինասին, Քոչարին… շատերին: Մյուս կողմից էլ, նկարչի կարծիքով, Հայաստանի ղեկավարները որոշ բաների վրա կարծես աչք էին փակում, ինչի շնորհիվ էլ 1974թ. ստեղծվեց Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանը՝ միակը ողջ սոցճամբարում: Այս մտքի վրա մեր զրուցակիցը հիշում է Լիոն Ֆեյխտվանգերի «Լաուտենզակ եղբայրները» վեպը. «Եղբայրները վեճ ունեին: Երբ նրանցից մեկին հարցնում են՝ ֆաշիզմի՞, թե՞ կոմունիզմի կողմնակից ես, ասում է՝ ոչ ֆաշիզմի, ոչ էլ կոմունիզմի, ես վարիետեի կողմնակից եմ: Այնպես որ՝ մերոնք, պատկերավոր ասած, «վարիետեի» կողմնակից էին, թանգարանը իրենց պետք էր, մեր ղեկավարները եւ խելոք էին, եւ խորամանկ, արտիստներս էլ օգտվում էինք այդ հանգամանքից»:
«Առավոտի» հարցին՝ այսօրվա երիտասարդ արվեստագետներին կարելի՞ է բախտավոր համարել, մեծանուն նկարիչը պատասխանում է. «Իհարկե, բախտավոր են: Մեր ժամանակ նկարչի կամ երաժշտի նուրբ մատներով ստիպված էին ճեղքել երկաթե արգելապատնեշը, իսկ հիմա անկախ Հայաստան պետությունը ստեղծվեց, երիտասարդները կարող են ցուցադրվել՝ ուր ուզեն, ափսոս, որ հիմա էլ բոլոր ոլորտներում շփոթության մեջ են. խառնում են ազատական գաղափարները ամենաթողության հետ: Ես միշտ հիշում եմ Ուինստոն Չերչիլի այն խոսքերը, որ դեմոկրատիան ահավոր երեւույթ է, բայց դրանից ավելի լավ բան մարդկությունը առայժմ չի մտածել: Ասածս այն է, որ բոլոր համակարգերը իրենց լավուվատ կողմերն ունեն, ուղղակի պիտի կարողանալ ճիշտ ընկալել համակարգը»:
Վարպետը ամեն ինչ «իր միջով» է անցկացնում, ու կատակլիզմները փոխում են նրա ստեղծագործության ընթացքն ու «բնավորությունը»:
Ղարաբաղյան շարժում, պատերազմ, երկրաշարժ, Ջուղայի խաչքարերի սպանդ, մշակութային «Արարատ» ալիքի փակում, մարդկային ոչ ճիշտ հարաբերություններ՝ ամեն ինչի համար ցավում է նրա սիրտը: Անգամ տրամվայների անհետացումը Երեւանից՝ նկարիչը ծանր է տանում. «Եթե Եվրոպայում դրանք ընդունված են, գեղեցիկ է, էկոլոգիապես մաքուր, այստեղ ինչո՞ւ հանեցին, որ ոմանց քառակուսի մեքենաները կարողանան խախտումներ անելով՝ սրընթաց սլանա՞լ»:
Գեղեցիկի նկարիչը նաեւ երազում է այն օրը, որ մի հայորդի՝ իսկական, հզոր, ժամանակակից արվեստի թանգարան կհիմնադրի, ինչպես Կառլոս Սլիմ Էլուն արեց Նյու Մեքսիկոյում, եւ մշակույթը մատչելի կդարձնի ողջ ժողովրդին. «Կառլոսը այդ թանգարանը կառուցել ու նվիրել է Մեքսիկայի ժողովրդին, բայց կարեւորն այստեղ այդ շենքը չէ, այլ ծրագիրը: Դա նույնն է, որ մեկը ծիրանի այգի տնկի, ասի՝ ժողովուրդ, գնացեք ազատ օգտվեք: Ինչ վերաբերում է ներկայիս Ժամանակակից արվեստի թանգարանին, այն Իգիթյանի կենտրոնը պետք է լինի, հիմքը՝ Ժամանակակից արվեստի թանգարանի, որը հետո սերունդները կավելացնեն, կգան ավելի տաղանդավորները: Թէ չէ՝ այսօր խոնավության մեջ, խրճիթներում փչանում են արվեստի գործերը, ի դեպ՝ արվեստի համար երիտասարդ ու տարիքով չկա: Արվեստն ուղղակի փայփայել է պետք, խելք ունենալ՝ սիրելու ու դրա վրա միջոցներ ծախսելու համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ