Օրերս Երեւանի Յուրի Բախշյանի անվան թիվ 27 դպրոցի 7-11-րդ դասարանների աշակերտները «ֆրանկոֆոնիական» շրջանակներում բեմադրել էին թատերական ներկայացում՝ ըստ Ժան Բատիստ Մոլիերի «Երեւակայական հիվանդը» պիեսի:
Պրոֆեսիոնալ թատերախումբ հիշեցնող երեխաները դահլիճում ներկա հանդիսատեսին մեկ ժամով տեղափոխեցին 17-րդ դար՝ վարպետորեն ներկայացնելով դարաշրջանի վարքն ու բարքը:
Բեմադրությունը հայալեզու էր: Դպրոցականները խոսում էին գեղեցիկ հայերենով: Նշենք, որ գործը արեւմտահայերեն տարբերակով է եղել, իսկ միջոցառման կազմակերպիչ Հասմիկ Գրիգորյանը փոխել է արեւելահայերենի: «Առավոտի» հետ զրույցում Հ. Գրիգորյանը նշեց, որ միջոցառումը միայն ինքը չէր կազմակերպել. «Սա աշակերտների աշխատանքն էր: Ամեն ինչ նրանք են արել, ուղղակի մենք ռեժիսորի հետ նրանց ուղղորդել ենք: Գործն ընտրել էին երեխաները: Անցյալ տարի նույն «ֆրանկոֆոնիայի» շրջանակներում մեր միջոցառման ժամանակ ընտրել էինք Մոլիերի «Ժլատը» գործը: Այո, ժամանակից երեխաներին հետաքրքրում է Մոլիերը»:
Բեմադրության ռեժիսորը դպրոցի թատերական խմբի ղեկավար Արթուր Պետրոսյանն է: Նրա խոսքով՝ Մոլիերի «Երեւակայական հիվանդը» գործը հատուկ է ընտրվել. «Բեմադրությունը լիարժեք համապատասխանում է 17-րդ դարի շնչին: Բեմադրվել է կարճ ժամանակահատվածում՝ 13 օրում: Փոփոխություն այնքան էլ չենք արել, ուղղակի դարձրել ենք մեկ գործողություն, որպեսզի երեխաների համար հեշտ լինի խաղալը»: Արթուրն ասում է, որ նպատակ ունի բեմադրությունը հանել դպրոցի պատերից դուրս եւ ներկայացնել «լայն» հանդիսատեսի դատին. «Չեմ ուզում, որ այս ներկայացումը «մահանա» դպրոցի պատերի ներսում»: