Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցը՝ առանց սուրճի սարքի

Ապրիլ 09,2011 00:00

«Առավոտի» ապրիլի 7-ի «Սուրճի սարք՝ դպրոցում» հրապարակմամբ անդրադարձել էինք Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի ծնողների մտահոգությանը՝ կապված օրերս դպրոցում տեղադրված սուրճի սարքին, որից ակտիվորեն օգտվել են նաեւ մանկահասակ երեխաները: Երեկ այցելեցինք այդ դպրոց՝ պարզելու, սարքը հանվե՞լ է, թե՞ տեղում է: Մեզ հետ զրույցում աշակերտները հաստատեցին, որ դպրոցում օրերս սուրճի սարք է դրվել, նրանք պատմում էին նաեւ, թե ինչ հերթեր են գոյացել այդ սարքի մոտ: Երբ փորձեցինք մտնել դպրոցի մասնաշենք, հավաքարարն ու պահակը, իմանալով, որ լրագրող եմ, «սվիններով» ընդունեցին եւ սկզբում արգելում էին ներս մտնել: Մի կերպ հանդիպեցինք տնօրեն Հասմիկ Ղարիբյանի հետ: Նա մեզ փոխանցեց, որ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո սարքը եկել- տարել են: Տնօրենը հերքեց, որ սարքն անձամբ է տեղադրել, եւ ստացված եկամուտն էլ իր գրպանն է մտնելու: «Շատ կուզենայի սարքն իմը լիներ, բայց, ցավոք, նման հնարավորություն չունեմ: Սարքի տեղադրումը մեր դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախաձեռնությամբ է եղել, աշխատել է մի քանի ժամ՝ առավոտյան 9-ից մինչեւ 12:30: Երբ այդ  «բումը» սկսվեց, ասացի՝ հանե՛ք տարեք, ինձ պե՛տք չի: Սուրճ չի էլ եղել, ընդամենը տաք շոկոլադ, կաթ ու թեյ»,- ասաց նա: Հ. Ղարիբյանը սուրճի սարքի տեղադրումը դպրոցներում նորմալ երեւույթ է համարում եւ գտնում է, որ ինքն անօրինական ոչինչ չի արել:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է համաձայնել հանել այն, տնօրենը պատասխանեց. «Որովհետեւ անձնական շահագրգռություն չունեի եւ ավելորդ գլխացավանք չէի ուզում, բայց այն, ինչ որ արվում էր, լավ բան էր, թող ունենայինք նման սարք, դպրոցի հաշվեհամարի վրա էլ գումար կհավաքվեր: Շատ կուզեի, որ յուրաքանչյուր դպրոցի եւ շրջանավարտ, եւ հոգաբարձուների խորհրդի անդամ դպրոցի հաշվեհամարի վրա որեւէ օգնություն փոխանցեր, որպեսզի կարողանանք դպրոցը պահել: Այնքա՜ն թերի բաներ ունենք դպրոցում՝ լավ պայմաններ ստեղծելու համար»: Տիկին Ղարիբյանը սուրճի սարք տեղադրելն էլ լավ պայմաններից մեկն է համարում եւ ցավում է, որ իր բարի ցանկությունը նպատակին չծառայեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել