Թեմատիկ ֆինանսավորման մրցույթի արդյունքները զայրացրել են գիտնականներին
Չնայած գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են, սակայն գիտական շրջանակներում չեն դադարում դրանց թերությունների մասին խոսակցությունները: Բազում գիտնականներ դժգոհում են, որ Գիտության պետական կոմիտեին վերապահված գործառույթը՝ մրցույթի անցկացումը, իրականացվել է ոչ օբյեկտիվ պայմաններում: Նշենք, որ ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում էր 686 միլիոն դրամ: Գումարի 17%-ը հատկացվել է ֆիզիկայի, 12%-ը՝ կենսաբանության, 8.5%-ը՝ գյուղատնտեսության, 4.5%-ը՝ բժշկագիտության բնագավառներին, 4.5%-ը՝ հումանիտար գիտություններին, 14%-ը՝ հայագիտությանը եւ սոցիալական գիտություններին: Այս տվյալներից էլ պարզ է դառնում, որ հումանիտար գիտություններին եւ հայագիտությանը անհամեմատ ավելի քիչ պետական միջոցներ են հատկացվել, քան ճշգրիտ գիտություններին: Սա էլ գիտնականների դժգոհության մյուս առիթն է:
Նշված խնդիրների վերաբերյալ զրուցեցինք ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակության ժառագության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու, արվեստաբանության դոցենտ Հակոբ Սիմոնյանի հետ: Նա շեշտեց գիտության ոլորտում գոյություն ունեցող մի շարք խնդիրներ, որոնք դեռեւս գոյություն ունեին խորհրդային համակարգում, ինչպիսիք են թեմատիկ ֆինանսավորման ոչ թե գիտության զարգացման լոկոմոտիվ լինելը, այլ սոցիալական խնդիրների լուծման միջոց ծառայելը: Այնուհետեւ անդրադարձավ ՀՀ անկախությունից հետո ձեւավորված ամենամեծ խնդրին՝ այն, որ գիտնականի 50-60 հազար դրամ աշխատավարձը նույնիսկ բավարար չէ կոմունալ խնդիրներ լուծելու համար: Հետո էլ նշեց այս տխրահռչակ իրավիճակից բխող բազում զեղծարարություններ, օրինակ, սոցիալական խնդիր լուծելու համար գիտնականներից շատերը գրացված էին մի քանի թեմաներում կամ գումար էին ստանում ե՛ւ թեմատիկ, ե՛ւ բազային ֆինանսավորմամբ, ինչը փորձեց լուծել Գիտության պետական կոմիտեն: Սակայն, ըստ մեր զրուցակցի՝ այս կառույցը դրան պատրաստ չէր: Այնուհետեւ պարոն Սիմոնյանը նշեց մի շարք թերություններ. «Չէր կարելի մեկ ընդհանուր ձեւաչափով քննել ճշգրիտ գիտությունների եւ հայագիտության բնագավառների թեմաները: Չմշակվեց փորձագետների ինստիտուտի ձեւավորման գործընթացը, այնինչ առանց դրա անհնար է ստանալ օբյեկտիվ եւ իրական փորձագիտություն: Ստացվեց, որ թեմաները փորձագիտության տրվեցին մեր գիտնականներին, եւ այստեղ երեւաց մեր հասարակության այլանդակ դեմքը: Հենց, այսպես կոչված, անկախ փորձագետներն իրենք շատ բան արեցին, հաճախ նույն մարդիկ, որոնք այլոց նկատմամբ անարդար են վարվել, դժգոհում են, թե ինչու իրենց թեման չանցավ եւ այլն: Փաստորեն, այստեղ մեղավորը ոչ թե միայն պետական մարմիններն են, այլեւ մենք՝ գիտնականներս: Ցույց տվեցինք, որ ազնիվ ու անկախ չենք, այլ սեփական շահերով ենք շարժվում: Իսկ դրա համար պետք է մշակվեր փորձագետների ինստիտուտ, պիտի ստեղծվեր խորհուրդ, որը կքննարկեր, թե ովքեր կարող են լինել փորձագետներ, քանի որ հաճախ նույն ինստիտուտի աշխատակցին էր վստահվում տվյալ ինստիտուտի կողմից ներկայացված թեմայի փորձագիտությունը: Սա անարդարություն է»: Գիտնականի մյուս դիտողությունը կապված էր հարցաթերթիկում ընդգրկված հարցերին: Օրինակ, Հ. Սիմոնյանի փոխանցմամբ՝ այդտեղ ընդգրկված կարող էր լինել հարց՝ կազմակերպության նյութատեխնիկական բազայի վերաբերյալ, այնինչ փորձագետը հնարավոր է ծանոթ էլ չլինի այդ կազմակերպությանը: Կամ կարող է ընդգրկված լինել հարց՝ արդյո՞ք կազմակերպությունը համագործակցում է արտասահմանյան կազմակերպության հետ: Գիտնականը հարց է բարձրացնում՝ եթե թեման հայ գրականագիտության բնագավառում է, ապա ի՞նչ արտասահմանյան համագործակցության մասին կարող է խոսք լինել եւ այլն: Հետո էլ պարոն Սիմոնյանը նշեց. «Հարցաթերթիկում վատ էին ձեւակերպված այն չափորոշիչները, ըստ որոնց՝ գիտնականը կարող էր մասնակցել մրցույթին: Ըստ այդմ՝ փորձագիտություն կարող են անցնել միայն գրախոսվող ամսագրերում հրատարակված 5 հոդվածի առկայության դեպքում: Դա գրեթե անլուծելի խնդիր էր: Մեր բնագավառում, օրինակ, կա 3-4 գրախոսվող ամսագիր: Կամ մենագրությունը ստորադասվում է հոդվածին, ինչը եւս անտրամաբանական է»: Հ. Սիմոնյանը նշեց, որ փորձագետները պետք է իրենց նշանակած յուրաքանչյուր միավորի համար պատասխան տան խորհրդի առջեւ, ինչը այժմ ադպես չէ: Այդ դեպքում էլ փորձագետներից շատերի թեմաների գնահատման դեպքում ազդեցություն է ունեցել այն հանգամանքը, թե փորձագետն ու թեման ներկայացրած գիտնականը ինչ անձնական հարաբերությունների մեջ են իրար հետ: Հ. Սիմոնյանը չբացառեց նաեւ, որ շատ թեմաների համար գուցե եւ վերեւներից զանգեր եղած լինեն: Հնագետի եւ նրա գործընկերների ներկայացրած 4 թեմաներն էլ մերժվել են Գիտության պետական կոմիտեի անցկացված մրցույթի արդյունքում: Դրանք նպատակ ունեին բացահայտել ՀՀ-ում վաղագույն քաղաքակրթությունների, վաղ պետական կազմավորումների ծագումը, Հայաստանի տեղը եւ դերը հին աշխարհում, ո՞վ ենք մենք, իրո՞ք այդ քոչվոր ժողովուրդն ենք, ինչպես Ադրբեջանի պնդմամաբ արդեն Եվրոպան է խոսում, թե՞ այս երկրի իրական տերն ենք ի սկզբանե: Կան թեմաներ, որոնք վերաբերում էին Հայաստանի հնագույն արվեստին, մեգալիթյան հուշարձաններին, Արցախի եւ պատմական Սյունիքի հուշարձանների ուսումնասիրությանը: Հ. Սիմոնյանը նշեց. «Այս թեմաներին նույնիսկ 60 միավոր չտրվեց, ինչը ցույց է տալիս, թե որքան տենդենցիոզ ձեւով է գործել փորձագետների ինստիտուտը»: Հ. Սիմոնյանի հավաստմամբ, սակայն, եղել են նաեւ ավարտված թեմաներ, որոնք ներկայացվել են մրցույթի եւ ստացել ֆինանսավորում: Նշված խնդիրների լուծման համար մեր զրուցակիցն առաջարկում է կոմիտեի ենթակայության տակ ստեղծել խորհուրդ, որը կզբաղվի փորձագիտական ինստիտուտի ձեւավորմամբ: Նաեւ առաջարկում է, որ փորձագետները, թեկուզ թեմաներին տրվող ֆինանսավորման հաշվին, ավելի վարձատրվեն, քան ներկայիս 8000 դրամն է: Ինչպես նաեւ՝ անցկացվի փորձաքննություն՝ պարզելու, թե ֆինանսավորում ստացած գիտական խմբերը ինչ արդյունքներ են տվել: