Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՑ ԲԵՌԼԻՆԻ «ԹԵԳԵԼ» ՓԱԿ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ

Ապրիլ 09,2011 00:00

\"\"Վերջերս՝ ս/թ մարտի 8-ին, ինձ բացառիկ հնարավորություն ընձեռվեց լինելու Բեռլինի գաղութներից մեկում՝ «Թեգել» փակ քրեակատարողական հիմնարկում (Justizvollzugsanstalt Tegel): Բացառիկ, որովհետեւ քաղաքացիների այցելություններ գաղութներում բնականաբար լինել չեն կարող: «Մեզ մոտ, ի տարբերություն մյուս պետական մարմինների, «բաց դռների օր» չի լինում, որովհետեւ այդ դեպքում բոլորը կգնան այստեղից: Մեզ մոտ դռները միշտ փակ են»,- գերմանացիներին հատուկ նուրբ հումորով նշեց մեզ ուղեկցող աշխատակիցը: Այցը նախաձեռնել էինք մենք՝ Գերմանական տնտեսության հիմնադրամի «Բեռլին 1» խմբի կրթաթոշակառուներս: Հաշվի առնելով հիմնադրամի հետ քրեակատարողական հիմնարկի սերտ կապերը՝ մեզ հաճույքով ընդունեցին այնտեղ եւ երեք ժամ շարունակ մանրամասն ներկայացրեցին հիմնարկի ներքին կյանքը: Գաղութի վարչակազմի թույլտվությամբ հակիրճ կպատմեմ իմ տպավորությունների մասին:
Ինչ որ ես տեսա այնտեղ, խորապես տպավորել է ինձ: Նախ ասեմ, որ «Թեգելը» Գերմանիայի ամենամեծ քրեակատարողական հիմնարկն է. տարածքը՝ 130.000 քմ (13 ֆուտբոլի դաշտի մեծություն), տեղավորում է 1571 դատապարտյալի, այսինքն՝ առկա են այդքան սենյակներ դատապարտյալների համար (չեմ կարող «խուց» անվանել): Այնտեղ պատիժ են կրում հիմնականում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված արական սեռի անձինք: Մեր այցելության պահին հիմնարկը թերբեռնված էր եւ պահում էր շուրջ 1300 դատապարտյալի: Օտարերկրացի դատապարտյալները կազմում են ընդհանուր կազմի մոտ 32%-ը: Իմ հարցին, թե կա՞ն արդյոք հայազգի դատապարտյալներ, տրվեց հաստատական պատասխան՝ երեք հոգի, որոնց, սակայն, տեսնել չկարողացա, քանի որ աշխատանքի ժամ էր:
Մեզ ուղեկցող աշխատակիցը բացատրեց, որ գերմանական քրեակատարողական համակարգում «սրբազան» սկզբունք է դատապարտյալներին առանձին սենյակներում պահելը, որովհետեւ դատապարտյալներին միասին պահելիս գաղութը կվերածվի հանցավորության որջի եւ չի ծառայի իր օրինական նպատակին՝ դատապարտյալին ուղղելուն: Նա շատ ուրախ էր, որ իրենք շատ շուտ են «գլխի ընկել» այդ մասին: Յուրաքանչյուր դատապարտյալ ունի իր սենյակը՝ 8 քմ մակերեսով, առանձնացված զուգարանով եւ նորմալ կահավորանքով՝ հանդերձապահարան, գրասեղան, գրապահարան, հեռուստացույց, մահճակալ, աթոռ: Համեմատության համար նշեմ, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդ. համաձայն՝ հայկական ուղղիչ հիմնարկներում դատապարտյալի բնակելի տարածության չափը կարող է լինել նաեւ 4 քմ, այնինչ Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի Առաջին սենատը դեռեւս 1973 թվականի իր մի վճռով մարդու արժանապատվության ոտնահարում է համարել երկու կալանավորներին 8 քմ մակերեսով խցում պահելը: Դատապարտյալները «Թեգելում» նույնիսկ միասին ընդհանուր ճաշասրահում չեն ճաշում, այլ ստանում են իրենց բաժին սնունդը եւ ճաշում՝ որտեղ ուզում են: Ամեն հարկում կա խոհանոց, որտեղ նրանք իրենց համար սուրճ են պատրաստում, խմորեղեն թխում եւ այլն: Գոյություն ունի նաեւ մարզասրահ, գրադարան: Դատապարտյալներն ունեն պատվիրաթերթիկների միջոցով անկանխիկ առեւտուր անելու հնարավորություն: Նրանք պատվիրում եւ ստանում են իրենց ցանկացած ապրանքը:
Յուրաքանչյուր դատապարտյալի համար բացվում է հաշվի համար՝ բաղկացած երկու ենթահաշվից, որոնցից մեկի վրա կուտակվում է նրա աշխատավարձի 75%-ը, որը նա կարող է ծախսել իր հայեցողությամբ, մյուս հաշվի վրա՝ աշխատավարձի 25%-ը, որն անձեռնմխելի է: Այդ հաշվի վրա կուտակված գումարը տրվում է դատապարտյալին միայն պատժի կրումից ազատվելիս իր սկզբնական ծախսերը հոգալու համար (բնակարանի վարձ, սնունդ եւ այլն):
Օտարերկրացիների համար անցկացվում են գերմաներեն լեզվի դասընթացներ, եւ ապահովվում է նրանց մայրենի լեզվով հեռուստահաղորդումների հեռարձակումը գաղութում, քանի որ դա սահմանադրական իրավունք է: Գաղութում կա եկեղեցի, միաժամանակ անհրաժեշտ պայմաններ են ապահովվում նաեւ այլ կրոններ դավա նողների համար՝ անխոչընդոտ կերպով կատարելու իրենց կրոնական ծեսերը: Դատապարտյալները հնարավորություն ունեն նաեւ հաճախելու դպրոց կամ ստանալու միջնակարգ մասնագիտական կրթություն: Նրանց շնորհվում է ավարտական վկայական, որտեղ չի երեւում, որ այդ կրթությունը ձեռք է բերվել գաղութում: Կալանավորներն ունեն նաեւ իրենց (մասնագիտական) հմտություններին համապատասխան աշխատանք կատարելու հնարավորություն, որի դիմաց ստանում են օրական 8-14 եվրո աշխատավարձ՝ կախված աշխատանքի տեսակից: Գաղութն ունի նաեւ տպարան: Դատապարտյալներն իրենք լույս են ընծայում «Հույսի ճառագայթ» («Lichtblick») անվանումը կրող իրենց պարբերականը, որը բացարձակապես ոչ մի գրաքննության չի ենթարկվում եւ այդ տեսանկյունից եզակի է ամբողջ Գերմանիայում:
Ինձ ապշեցրեց դատապարտյալների վրա ծախսվող գումարի չափը: Պարզվում է՝ Գերմանիայում մեկ դատապարտյալի համար օրական պետությունը ծախսում է 90 եվրո գումար: «Թեգելն» ուներ մոտ 1300 կալանավոր, հետեւաբար միայն այդ գաղութի համար գերմանական պետությունն օրական ծախսում է ավելի քան 100.000 եվրո գումար: Իսկ քանի նման գաղութներ կան Գերմանիայում: Ինչպես բացատրեց ինձ մեզ ուղեկցող աշխատակիցը, այդ ամենն արվում է, քանի որ յուրաքանչյուր դատապարտյալի երջանիկ ապագան թանկ է իրենց համար: Պարզվեց նաեւ, որ Գերմանիան աշխարհում միակ պետությունն է, որտեղ պատասխանատվություն չի նախատեսվում դատապարտյալի փախուստի փորձի համար (եթե այդ ընթացքում նա այլ վնաս չի պատճառում ուրիշներին), քանի որ գերմանացիների ըմբռնմամբ՝ մարդը ի բնե ազատ էակ է, եւ միանգամայն բնական է, որ ազատությունից զրկված մարդը միշտ ձգտում է ազատության: Այս մոտեցումն ուղղակի ապշեցրել է ինձ: Հետեւաբար, նրանց կարծիքով, չի կարելի մարդուն պատժել մի բանի համար, ինչը ԲՆԱԿԱՆ է եւ այլ կերպ չի էլ կարող լինել:
Ինձ հիացրեց նաեւ կալանավորների հետ հսկիչների վարվելակերպը: Գաղութում տիրում էր համատարած անդորր, ոչ մի աղմուկ, բռնության ոչ մի նշույլ: Հսկիչը, երբ ցանկանում էր մեզ ցույց տալ, թե ինչ տեսք ունի կալանավորի սենյակը, թակում էր սենյակի դուռը եւ հարցնում, թե դատապարտյալը կցանկանա՞ արդյոք ցույց տալ այն: Եղան մարդիկ, ովքեր առանց դուռը բացելու ներսից պատասխանեցին՝ ոչ: Ու այդ պատասխանն «օրենք» էր հսկիչի համար: Ի վերջո մեզ ցույց տրվեց միայն այն սենյակը, որտեղ ապրող կալանավորը հաճույքով թույլատրեց դա: Հսկիչը մեզ ասաց. «Այստեղ պահվող մարդիկ զրկված են ՄԻԱՅՆ ազատությունից, բայց ոչ երբեք ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ»:
ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ՍԴ փորձագիտական-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ, Բեռլինի Հումբոլդտ համալսարանի դոկտորանտ
5 ապրիլի, 2011, Բեռլին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել