Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ՝ ՊԱՏԱՆԴ

Ապրիլ 09,2011 00:00

Երեկ «Առավոտը» պարբերաբար ահազանգեր էր ստանում ՀԱԿ- ակտիվիստներից՝ այն մասին, որ ոստիկանները առգրավել են միկրոավտոբուսները, փակել են Գյումրի-Երեւան մայրուղու տարբեր հատվածները՝ չթույլատրելով մեկնել հանրահավաքի: Մարալիկից մեզ մասնավորապես դժգոհեցին, որ տեղի ոստիկանությունը դեռեւս առավոտյան  «պատանդ» է վերցրել 3 միկրոավտոբուս՝ պարալիզացնելով Մարալիկ-Երեւան երթեւեկությունը, «ոստիկանախեղդ» էր արվել Սառնաղբյուրի հատվածը:  Գյումրիից էլ հետ են դարձրել հանրահավաքի մեկնող 2 միկրոավտոբուս: ՀԱԿ-ի պատասխանատուները մեզ վստահեցնում էին, որ ոստիկանները 1 օր առաջ կանչել էին բոլոր միկրոավտոբուսների տերերին եւ սպառնացել՝ չգնալ Երեւան:
 Մենք Գյումրու ավտոկայարանում ժամը 14.00-ի սահմաններում ականատես եղանք, որ միկրոավտոբուսները Երեւան չէին գնում: Մեր հարցին, թե ինչո՞ւ են ուղեւորներին սպասեցնել տալիս, դիսպետչերը փորձեց արդարանալ՝ ասելով, որ գազալցակայաններում գազի ճնշումը թույլ է, եւ միկրոավտոբուսները այնտեղից ուշ են վերադառնում: Տնօրենի խիստ հայացքից հետո, վերջինս փոխեց իր խոսքը՝ ասելով, որ, ի տարբերություն մյուս վայրերի,  միկրոավտոբուսները Գյումրիից նորմալ աշխատում են: Սակայն նշենք, որ աշխատեցին այն պահին, երբ մենք կանգնած սպասում էինք:  Դժգոհությունների հետ կապված փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ Անիի տարածաշրջանի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանից: Վերջինս կտրականապես հերքեց միկրոավտոբուսները պատանդ պահելու փաստը. «Սխալ ահազանգ եք ստացել, ով ահազանգում է՝ խառնակչություն է անում, անունն ի՞նչ դնեմ, որ միկրոավտոբուսները ոստիկանությունում պահեմ, դրանք սեփականատերեր ունեն՝ ՓԲԸ- են, ԲԲԸ-են, որ ուղեւոր չկա՝ ո՞նց գնան, ավելի ճիշտ՝ իրենց գործն է, կգնան, թե՝ չէ: Եթե մի անգամ էլ ձեզ ահազանգեն՝ ձեր անունից, ինչու չէ՝ նաեւ իմ անունից մի լավ անպատվեք», – խորհուրդ տվեց ոստիկանապետը: Մենք զանգեցինք նաեւ Մարալիկ-Երեւան միկրոավտոբուսի սեփականատեր Սերոժին: Վերջինս էլ փորձեց հերքել այն, որ իր միկրոավտոբուսները ոստիկանություն են տարել ու բաց չեն թողնում: Իսկ եթե ամեն ինչ իդեալական է, ինչո՞ւ միկրոավտոբուսները Երեւան չեն ուղեւորվում, սեփականատերն այս հարցին անհասկանալի պատասխան տվեց, իհարկե՝ չհերքելով մեր տեղեկությունները, որ միկրոավտոբուսներն իրոք մայրաքաղաք չեն մեկնել: Հիշեցնենք, որ քրեակատարողական հիմնարկի վարչության նախկին պետ Աշոտ Գիզիրյանի՝ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո, սա առաջին դեպքն է, որ ոստիկանները փակում են միտինգավորների ճանապարհը:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել