Լրահոս
Օրվա լրահոսը

Մի աման ճաշ են տալիս, քթի՞ց են բերում

Ապրիլ 09,2011 00:00

Պատճառաբանում են, որ թոշակառուն կոնֆլիկտային է

Արդեն 2 շաբաթ է, որ միայնակ եւ անժառանգ թոշակառու՝ 63-ամյա Անահիտ Հովհաննիսյանին չեն թողնում օգտվել իր համար միակ սնվելու վայրից՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության բարեգործական ճաշարանից: Այդ ամենի համար հիմք է հանդիսացել այն, որ նա ճաշարանի աշխատակիցներին պարբերաբար իր դժգոհություններն է ներկայացրել մատուցվող ճաշի որակի, ափսեների մաքրության եւ ճաշի չափաբաժնի  հետ կապված: «Վերջին անգամ ես ճաշարանից օգտվել եմ մարտի 24-ին: Հենց այդ օրն էլ ամեն ինչ սկսվեց: Ժամը 12-ին մոտեցա շահառուների մատյանին, որտեղ պետք է ստորագրեի, այնուհետեւ սնունդը վերցնեի, սակայն ճաշ բաժանողը, սովորության համաձայն, խնդիրներ առաջացրեց, քանի որ ես ցանկություն հայտնեցի նաեւ մի ծերունու ճաշն էլ վերցնել, որպեսզի հետո հասցնեմ նրան: Առաջին անգամ չէի այդպիսի բան անում, սակայն, չգիտես ինչու, այս անգամ մեծ աղմուկ բարձրացրին: Ճաշ բաժանողը սկսեց բոլորի մոտ ինձնից գանգատվել: Մոտեցա նրան՝ ասեմ, որ ինձ չվիրավորի, բայց սոցաշխատողն ինձ թույլ չտվեց: Ես նստեցի իմ տեղը, բայց նա աղաղակում էր դեռ ու մատ թափ տալիս վրաս: Հենց համարձակվեցի ասել, որ այդպես չխոսի հետս, նա ինձ դուրս հրավիրեց ճաշարանից: Զանգեցի եւ դժգոհեցի «Առաքելություն Հայաստանի» մեր տարածքայինի պատասխանատուին՝ Ռաֆիկ Մնոյանին, նա էլ ասաց, որ կպարզեն, բայց երբ արդեն մի քանի օրից գնացի ճաշարան, ինձ ասացին, որ այլեւս չեմ կարող ճաշարանից օգտվել՝ զրկվել եմ: Այլեւս չգնացի ճաշարան»,- պատմեց «Առավոտի» խմբագրություն եկած տիկին Անահիտը. «Ստիպում են, որ գնամ աղբարկղերից սնունդ հավաքեմ: Այդ աղբարկղերում էլ արդեն սնունդ չի մնացել, անապահովների ճաշարան էլ չեն թողնում: Չնայած, որ թողնում են՝ նորմալ ճաշ էլ չեն տալիս, կիսատ են լցնում: Ճաշոտ ամանը «գուբկայով» մաքրում են ու նորից ճաշ լցնում եւ նման ստորացուցիչ բաներ, երբ բողոքում ես՝ դուրս են վռնդում»:
Այս առնչությամբ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատու Ռաֆիկ Մնոյանը «Առավոտին» պարզաբանեց, որ Անահիտ Հովհաննիսյանը կոնֆլիկտային անձնավորություն է. «Անընդհատ խնդիրներ է առաջացրել, հիմա՝ առավել եւս: Վերջին անգամ ժամանակավոր զրկեցինք, սակայն նա ավելի շարունակեց իր դժգոհությունները, տարբեր տեղեր է դիմել, վեճեր է արել, մենք էլ արդեն զեկուցագիր կազմեցինք եւ զրկեցինք օգտվելու ճաշարանից: Մենք նրա հետ չենք կարողանում աշխատել: Մեր աշխատողները 100-ավոր ծերերի հետ են աշխատում, բայց իր հետ չենք կարողանում: Նա վատ օրինակ է մնացածի համար: Նրան մեր իրավաբանը, սոցաշխատողը կանչել են, ժողով են արել, ասել են. ինչ արել՝ արել ես, հիմա խոստացիր, որ այլեւս նման կոնֆլիկտներ չես անի, բայց նրա մեջ ոչ մի զղջալու բան չի առաջացել: Մեկն էլ ունենք, նման կոնֆլիկտային անձնավորություն է, այնտեղ, որտեղ մարդիկ ճաշից հետո լվացվում են, նա այդտեղ լվացք է անում: Անընդհատ բացատրում ենք, որ այդպես չի կարելի, նա չի լսում»: Մեր այն հարցին, իսկ եթե թոշակառուն զղջար, ինչ է փոխվելու, պարոն Մնոյանն ասաց. «Պետք է գնա գլխավոր գրասենյակ, դիմում գրի, որ ինքն այլեւս իրեն այդպես չի պահի, եւ մենք իրեն հետ կընդունենք»:
Մեր դիտարկմանը, թե չե՞ն կարծում, որ անապահովի հետ պետք է ավելի մեղմ լինել, քանի որ բարեգործական ճաշարանն իր այդ որոշմամբ՝ պարզապես զրկում է մարդուն սնվելու միակ հնարավորությունից, պարոն Մնոյանը պատասխանեց. «Բայց դա չի նշանակում, որ պետք է կոնֆլիկտներ ստեղծի: Դրա համար էլ 2008-ից պահում էինք: Մեզ համար ինչ տարբերություն, Թամարան կուտի, թե Անահիտը: Մեր ղեկավարը այստեղից-այնտեղից միջոցներ է գտնում, որ անապահովներին օգնի»: Ինչ վերաբերում է ճաշերի որակին, ապա, ըստ Ռ. Մնոյանի, ճաշարանում կշեռք կա դրված եւ կասկած ունեցողները կարող են իրենց տրված սննդի չափաբաժինը կշռել. «Անընդհատ գալիս են մեզ մոտ ստուգումների, դեռեւս ոչ մի խնդիր չենք ունեցել՝ որակի հետ կապված»:
Նշենք, որ, բացի այդ, տիկին Անահիտի սոցիալապես անապահով լինելու մասին գնահատող բալը մի քանի տարվա մեջ էականորեն նվազել է, չնայած նրա կարգավիճակը չի փոխվել: Բալերի նվազման պատճառով թոշակառուն զրկվել է տարիներ առաջ «Հայխնայբանկին» պահ տված իր ավանդը ստանալու առաջնահերթությունից, բնակարանը պետության հաշվին գազիֆիկացնելուց եւ անվճար բուժօգնությունից: Բալ բարձրացնելու, ինչպես նաեւ տեղեկանալու, թե ինչու են այդքան նվազել իր անապահովության մասին հավաստող թվերը, նա դիմել է վարչական դատարան, սակայն նրա հայցը մերժվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել