Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐԱԼԻԿ, ՄԱՐԱԼԻԿ, ԳՆԱՑԻ-ՏԵՍԱ՝ ՓՈՔՐ ՔԱՂԱՔ Է»

Ապրիլ 09,2011 00:00

Հարցազրույց Մարալիկի տեքստիլ կոմբինատի տնօրեն Հակոբ Աղաբեկյանի հետ

– Սովորաբար, մեզ մոտ եթե գործարան է փակվում, այդպես էլ փակված է մնում, ինչպե՞ս է, որ Ձեր գործարանը՝ հին տեխնիկայով, ոչ միայն աշխատում է, այլեւ աշխատատեղեր են բացվում, եթե ես ճիշտ եմ հիշում՝ ՀՀ նախագահի նախընտրական արշավի ժամանակ հենց այս գործարանում տեղի ունեցավ ընտրողների հետ հանդիպումը:
– Ես ուզում եմ Ձեր հարցին պատասխանել որպես մասնագետ, որովհետեւ ես ինձ համարում եմ տեքստիլ արդյունաբերության մասնագետ, քանի որ դպրոցն ավարտելուց հետո դրսում ստացել եմ կրթություն, վերադարձել եմ հայրենիք եւ աշխատելով գործարանում՝ հասել եմ գլխավոր ինժեների, գլխավոր տեխնոլոգի պաշտոնների: Թյուր է կարծիքը, որ եթե տեխնոլոգիաները հին են, գործարանները պետք չէ աշխատեցնել: Իրականում, եղածը պետք է աշխատեցնես, բոլոր հնարավորությունները օգտագործես եւ հետո միայն խոսես ներդրումների մասին: Կոնկրետ մեր գործարանի մասով հրաշք է տեղի ունեցել եւ այդ հրաշքը կատարվեց հանրապետության նախագահի նախընտրական այցի շրջանակներում: Այո, դուք ճիշտ եք հիշում, հենց մեր գործարանի տարածքում տեղի ունեցավ ընտրողների հետ հանդիպումը: Եթե չլիներ նախագահի այցը, եթե նախագահը պատահաբար Մարալիկ չայցելեր եւ չհանդիպեր Մարալիկի հասարակության հետ, գուցե եւ այս գործարանը չաշխատեր եւ նմանվեր հանրապետության այն գործարաններին, որոնք փակվել են Խորհրդային միության փլուզումից հետո: Իր այցից հետո երկրի նախագահը տվեց կոնկրետ հանձնարարականներ կառավարության ներկայացուցիչներին, մարզպետին: Ցավոք, նրանք համապատասխան հետեւություններ չարեցին: Ես ստիպված դիմեցի հանրապետության նախագահին, նախագահը հանձնարարեց պաշտպանության նախարարին, եւ կարճ ժամանակահատվածում մենք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, եւ այսօր, ինչպես տեսնում եք, կատարելով պաշտպանության նախարարության 2011-ի համար անհրաժեշտ իրային ունեցվածքի շրջանակի համար ձեւավորված պատվերները, ունենք հարյուրից ավելի աշխատող եւ քայլեր ենք անում, որպեսզի շուկայում մեր ապրանքն առաջարկ ունենա: Վստահաբար շեշտում եմ, որ մեր ֆաբրիկան ամեն ամիս կտորեղենի տեսքով, թելի տեսքով, գործվածքի տեսքով շուկային առաջարկներ է անելու եւ այդ առաջարկները մրցունակ են լինելու ներկրվողների համեմատությամբ:
– Դուք միայն պաշտպանության նախարարության պատվերո՞վ եք աշխատում եւ Ձեր սպառումը ա՞յդ ոլորտն է:
– Այո, հիմնականում կատարում ենք ՊՆ պատվերները, բայց նպատակ ունենք 2011-ի ընթացքում շուկային առաջարկել կոնկրետ գործվածքներ: Օրինակ, հայտնի վաֆլե սրբիչի կտորը առաջարկելու ենք շուկային շատ ավելի հարմար գնով, քան ներկրվածն է: Եվ սա որակով եւս չի զիջելու ներկրվողին: Եթե հետեւենք բորսայում բամբակի գնին, ապա կարող ենք ճիշտ ընտրել պահը, ճիշտ ձեռք բերել բամբակը եւ շուկայում ունենալ կայուն գնագոյացմամբ ապրանք: ՊՆ-ի պատվերները խթան կարող են հանդիսանալ շուկայում կայուն դիրք զբաղեցնելու համար, խթան կարող են հանդիսանալ նաեւ միջազգային բորսայում առաջարկներ անելու համար: Խորհրդային միությունում այսպիսի գործարաններ՝ մանվածքային կոմբինատներ քիչ են եղել, մենք ունենք բավականին լավ սարքավորումներ ցանկացած համարի թել արտադրելու համար եւ եթե բամբակը ձեռք բերենք ճիշտ պահին, իսկ ճիշտ պահը բերքահավաքի ժամանակ պահեստների դատարկման անհրաժեշտության պահն է, այդ դեպքում կարող ենք թել արտադրել եւ միջազգային բորսայում տվյալ պահին ձեւավորված բամբակի գնի շրջանակներում առաջարկ անել: Վստահ եմ՝ գնորդ կճարվի:
– Չե՞ք գտնում, որ Ձեր բիզնեսի զարգացմամբ կխանգարեք ներկրողներին:
– Այո, իրականում հարվածելու ենք ներկրողների շահերին, բայց եկեք այսպես մտածենք՝ իսկ ո՞ւր մնաց պետական շահը եւ ո՞ւր է պետական մտածելակերպը: Կարծում եմ, մեր կառավարությունը այս մոտեցումների շուրջ հետեւություններ կանի: Եվ ինչու միայն մեր կոմբինատը, հանրապետությունում արդեն կան տեղական արտադրության կազմակերպման նախաձեռնություններ: Մասնավոր օրինակը հենց այն է, ինչ այսօր իրականացվում է մեր ֆաբրիկայում՝ ՊՆ-ի հետ պատվեր է կնքվում եւ դա հիմք է հանդիսանում ունենալ կայուն աշխատանք, որպեսզի մեր ապրանքը շուկային կարողանա առաջարկել թեկուզ նույն ՊՆ-ի մրցութային գների շրջանակներում, որը, ի դեպ, բավականին ցածր գին է, քան այսօր շուկայում վաճառվող նմանատիպ ապրանքներինը:
– Թեպետ ինքս ոլորտի մասնագետ չեմ, բայց անգամ երեխան գիտի, որ մեր երկիրը բամբակ չունի, իսկ Ձեր թիվ մեկ հումքը հենց այդ բույսն է, առանց դրա էլ ի՞նչ հեռանկար:
– Աշխարհի շատ երկրներ ընդհանրապես բամբակ չունեն, բայց ունեն կոմբինատներ, կտորեղեն են գործում՝ բավարարելով ոչ միայն իրենց ներքին շուկան, այլեւ արտահանում են: Երկու-երեք երկիր է ընդամենը, որ բամբակի հիմնական մատակարարն է եւ, փառք Աստծո, նոր տեխնոլոգիաներ են առաջացել, շուկա են հանվել արհեստական հումքեր, կաղնու փայտից այսօր ստանում են բամբակ, որը ոչնչով չի զիջում իսկական բամբակին, մենք այս տարի պարտադիր կփորձենք բրդի-վիսկոզի խառնուրդով թելերի արտադրություն կազմակերպել եւ կհասնենք նրան, որ բամբակ ներկրելով ե՛ւ մեր շուկայում առաջարկ կանենք, ե՛ւ դրսին մրցունակ գին կառաջարկենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել