2009 թվականի մարտի 10-ին «Մարզպետներին «կչափեն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարությունը մշակել եւ հաստատել է մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչներ՝ մարզի համայնքների բյուջեների կատարում, մարզպետներին վերապահված վերահսկողական լիազորությունների լիարժեքություն, մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակ, գյուղատնտեսության բնագավառում կատարված աշխատանքներ, ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալ եւ այլն: Մարզպետները առավելագույնը 100 միավոր կարող են հավաքել՝ մինչեւ 60 միավորը գնահատվում է անբավարար, 60-85-ը՝ բավարար, 85-ից բարձրը՝ լավ: Գնահատողներն են ՀՀ մի շարք նախարարություններ՝ տարածքային կառավարման, ֆինանսների, քաղաքաշինության, գյուղատնտեսության եւ այլն:
2009-ին 100 հնարավորից 93.51 միավորով լավագույնն էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը («Առավոտ», 25.02.2010): Իսկ 2010 թվականի լավագույնը՝ 96.080 միավորով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Տավուշը 2010-ին երկրորդն է: 2009-ի արդյունքներով երկրորդը Շիրակն էր, որն անցած տարվա համար՝ վերջինն է: Կառավարությունը դեռ չի հաստատել նախագիծը: Առավել մանրամասն՝ առաջիկայում: