Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը հայտարարություն է տարածել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: ԱԻՄ-ի երեկ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ընտրություններին կուսակցության մասնակցությունը կախված է ժողովրդի՝ ԱԻՄ-ին սատարելու պատրաստակամության չափից։ Դա պարզելու համար կուսակցությունը հայտարարել է դրամահավաք. «Նվազագույն նախնական անհրաժեշտ դրամագլխի ապահովումը, որով իրենց գործունեությունը կվերսկսեն երեւանյան եւ մարզային գրասենյակները, անառարկելի վկայությունը կլինի այն բանի, որ հասարակությունը պատրաստ է սատարել երկրում իրավիճակն արմատապես բարեփոխելու ԱԻՄ ծրագրերին»: Երեկ ասուլիսում Հայրիկյանն ասել է, որ ինքը մի քանի օրում իր ընկերներից կարող է հավաքել այնքան գումար, որքան իրեն անհրաժեշտ է, սակայն հանգանակությունը կվկայի այն մասին, որ ժողովուրդն իսկապես ցանկանում է տեսնել ԱԻՄ-ին ընտրություններում։ Մարտին սկսված հանգանակության արդյունքում արդեն իսկ հավաքվել է 1 մլն դրամ։ Հայրիկյանը նշել է, որ ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ են համարում հավաքել 50 միլիոն դրամ, բայց ակնկալում են, որ կհավաքեն 10 միլիոն: