Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդյունավետ եւ հուսադրող

Ապրիլ 09,2011 00:00

\"\"Այսպես բնորոշեց հանրապետության նախագահի պաշտոնավարման անցած երեք տարիները Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Ես նախագահի պաշտոնավարման անցած երեք տարին կորակեի արդյունավետ եւ հուսադրող. արդյունավետ, որովհետեւ թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության մեջ, չնայած մարտահրավերներին, լուրջ քայլեր կատարվեցին: Նախագահը ցույց տվեց այն քաղաքական կամքը, որ ժողովրդավարական արժեքները այլընտրանք չունեն: Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, ՀՀԿ-ի ջանքերով տեղի ունեցան բազմաթիվ օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում ընդդիմությանը տրվեցին լայն իրավունքներ: Նախագահի անձնական ջանքերի շնորհիվ իրականացվեց լայնամասշտաբ համաներում, որը հումանիստական լուրջ քայլ էր: Նախագահը իրականացրեց երկու կարեւոր քայլ, որպեսզի քաղաքական երկխոսությունը լինի ոչ թե խոսք, այլ գործ:
Նախ՝ ստեղծվեց հանրային խորհուրդը, որը դարձավ իշխանություն-հասարակություն երկխոսության ամբիոն: Եվ կարեւորը՝ նոր քաղաքական մշակույթ մտցվեց. երկրի համար կարեւորագույն հարցերը քննարկվում են տարբեր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններում:
Գաղտնիք չէ, որ երկրի նախագահը անձամբ է մատնանշում առկա խնդիրները, եւ լուծումները տրվում են անմիջապես: Նախագահը, ի տարբերություն որոշ նախկինների՝ անձամբ է տեսնում խնդիրը, բարձրացնում է եւ լուծումներ պահանջում, անկախ նրանից՝ ընդդիմությունը սուր է քննադատում, թե մեղմ է քննադատում:
Արտաքին քաղաքականության հարցերում Հայաստանը մեկուսացվածությունից վերածվել է օրակարգ ձեւավորող երկրի: Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում միջազգային հանրության կարծիքը համահունչ էր մեր երկրի դիրքորոշմանը: Եվ «ֆուտբոլային դիվանագիտությունը» ցույց տվեց, որ հանրապետության նախագահը լուրջ քայլեր է կատարում տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ապահովման համար: Ղարաբաղյան հարցում նախագահի ջանքերի շնորհիվ ունենք այն, որ միջազգային փաստաթղթերում ամրագրված է ինքնորոշման իրավունքը՝ որպես անքակտելի սկզբունք, եւ այսօր արդեն բոլորին է հասանելի, որ Արցախը միմիայն ազատ եւ անկախ կարգավիճակ է ունենալու:
Այս եւ էլի մի շարք քայլեր նկատի ունենալով եմ պնդում, որ նախագահ Սարգսյանի կառավարման երեք տարիները ոչ միայն արդյունավետ էին, այլեւ հուսադրող, եւ մենք գնում ենք դեպի այն լույսը, որին ձգտում ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել