Նախարար Հրայր Թովմասյանի հարցազրույցը «Առավոտին»
– Կառավարության վերջին նիստում արդարադատության համակարգում փոփոխությունների մասին որոշում է կայացվել, ի՞նչ է դա իրենից ներկայացնելու:
– Արդարադատության նախարարությունը իր կառուցվածքում ուներ առանձին նոտարական բաժին, որը մի քանի գործառույթներ էր իրականացնում. կառավարության այն մոտեցումը, որ նախարարությունները բացառապես պետք է զբաղվեն քաղաքականության մշակմամբ եւ որոշակի ծառայություններ չպետք է մատուցեն եւ տեսչական ու ստուգումների ֆունկցիաներ չպետք է ունենան, այս պարագայում խախտված էր, եւ այդ երեք հոգիանոց բաժինը զբաղվում էր ոչ միայն քաղաքականության մշակմամբ, այլեւ նոտարական թարգմանիչների եւ նոտարների քննությունն էր կազմակերպում եւ, միաժամանակ, համապատասխան ստուգումներ էր կատարում, ինչը նենգափոխում, խառնում էր ամբողջ համակարգը: Ուստի որոշվեց միմյանցից տարանջատել այս երկու ֆունկցիաները եւ նախարարության կառուցվածքում ունենալ մի ստորաբաժանում, որը զետեղված կլինի արդարադատության նախարարության գործունեության իրավական ապահովման վարչությունում, պայմանական եմ այս անունը տալիս: Նույն սխալը կար նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ինչպես նաեւ իրավաբանական անձանց գրանցման պետական գործակալության հետ: Ստացվում էր, որ այս երկու ոլորտներում քաղաքականություն մշակող ստորաբաժանում ընդհանրապես չկար: Մինչեւ անգամ չկար ստորաբաժանում, որը պետք է քաղաքականություն մշակի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քրեակատարողական ծառայությունը եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը: Ուստի նորաստեղծ վարչությունը կզբաղվի այն ոլորտների օրենսդրության մշակմամբ, որոնք գտնվում են հենց արդարադատության նախարարության համակարգում՝ ԶԱԳՍ-եր, քրեակատարողական ծառայություն, ԴԱՀԿ, իրավաբանական անձանց պետական ռեգիստր եւ այլն: Մեկ այլ խնդիր եւս, որին ուղղված էր այս քայլը: Տարօրինակ էր, որ նախարարության համակարգում կար եվրաինտեգրացման վարչություն, միաժամանակ՝ միջազգային հարաբերությունների վարչությունում՝ եվրաինտեգրացման բաժին: Այս իրավիճակում դժվար էր տարբերակել, թե որը ինչով էր զբաղվում: Այժմ եվրաինտեգրացման վարչությունը կլուծարվի, եւ որոշակի կարողություններ կավելացվեն համապատասխան բաժնում: Բավականին տարօրինակ վիճակ էր նաեւ վերահսկողության ծառայությունում, որը միաժամանակ մի քանի ֆունկցիաներ էր կատարում՝ սկսած դատական ներկայացուցչությունից մինչեւ օտարերկրյա դատարանների ակտերի Հայաստանում կատարում, մինչեւ որոշակի տեսչական ֆունկցիաներ եւ ներքին հսկողություն: Առանձնացված եւս մեկ ստորաբաժանում է ստեղծվելու, որը լինելու է օրինականության նկատմամբ վերահսկողության տեսչություն: Այս տեսչությունը կունենա բաժիններ, որոնք մի դեպքում՝ քրեակատարողական հիմնարկներում հսկողություն կիրականացնեն, մյուս դեպքում՝ ԴԱՀԿ եւ այլն: Որոշակի հզորություններ կավելացվեն այս տեսչությունում, որը հսկողություն կիրականացնի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման հետ կապված: Պետք է խոստովանեմ՝ այն կարողությունները, որոնք այսօր կան, բավարար չեն մեծաթիվ դիմումները լիարժեք քննարկելու եւ որոշակի քայլեր կատարելու համար: Թերեւս նաեւ դրանով է պայմանավորված, որ առ այսօր ես ձեռնպահ եմ մնացել կարգապահական վարույթ դիմելուց:
– Ակնհայտորեն արդարադատության համակարգում այս փոփոխություններից շատերն են դժգոհելու, պատկերացնո՞ւմ եք, թե քանիսի «գործին եք խփում», չէ՞ որ կոնկրետ մարդկանց շահերին եք հարվածում: Չե՞ք անհանգստանում, որ ամբողջ համակարգը դեմ դուրս կգա:
– Այս պարագայում նախարարի լիազորությունները բավականին փոքր են, բայց պիտի նույն կադրերին փորձենք օգտագործել, եւ դա է դրված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիմքում, բայց այն, որ որոշ մարդիկ դուրս են մնալու, եւ նոր մարդիկ են գալու, միանշանակ է եւ պարզ: Նաեւ մի բան, որը կարող է ուրախացնել հ/կ-ներին. ըստ էության, այլեւս առանձին տեսչություն, որը հսկողություն է իրականացնում ոչ առեւտրային կազմակերպությունների հանդեպ, չի լինելու: Կլինի մի փոքրիկ բաժին միայն, որը պրոակտիվ չի լինելու հ/կ-ների նկատմամբ, ինչը տարբեր միջազգային կազմակերպություններ շարունակ բարձրացնում են:
– Չեմ կարող Ձեզ չհարցնել՝ ինչո՞ւ այս փոփոխությունները չեն արվել նախորդ նախարարների, նկատի ունեմ՝ ոչ միայն Ձեր անմիջական նախորդի, այլեւ նրանից առաջ եղածների օրոք, նրանք չէի՞ն պատկերացնում սրանց կարեւորությունը:
– Չեմ կարող ասել: Ինձ, որպես նախարարի, պետք էր տեսնել, թե համակարգը ինչպես է աշխատում, ո՞ր օղակներն են, որ ամբողջական չեն աշխատում, եւ դա ստուգելու համար փոխնախարարներին պարբերաբար ասում էի՝ ներկայացնեն, թե վարչության յուրաքանչյուր անդամ ինչո՞վ է զբաղվում: Եվ երբ համադրում ես արածները, տեսնում ես՝ կրկնություններ կան: Նույնիսկ փոխնախարարների միջեւ աշխատանքի համակարգման խնդիր կար: Կարծում եմ՝ այսպիսով մենք կունենանք ավելի արդյունավետ եւ խնդիրների լուծմանն ուղղված ճկուն մի համակարգ:
– Նոտարներին առնչվող փոփոխությունները թերեւս առավել աղմկահարույց են լինելու. ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր նոտարական գրասենյակները աճում են սնկերի պես, եւ շատերն են մղվում դեպի նոտարական աշխատանք, հասկանալի է, որ դա այսօր շահութաբեր գործ է համարվում: Ուրեմն այս մարդկանց վիճակը ի՞նչ է լինելու:
– Գրասենյակներին ոչինչ չի լինելու այս փոփոխությունների արդյունքում, նոտարական գրասենյակներն իրենց աշխատանքով են զբաղվելու: Պարզապես նախարարությունը չի ունենալու վարչություն, որն ամեն ինչով էր զբաղվում, նախարարությունն ունենալու է բաժին, որը քաղաքականություն է մշակելու եւ լինելու է հսկողություն իրականացնող բաժին:
– Այսինքն՝ այլեւս գլխավոր նոտար չի՞ լինելու:
– Այո, որպես այդպիսին, գլխավոր նոտար չի լինելու: Ինչ վերաբերում է նոտարներին, ապա մենք նույնիսկ նոտարների սակավություն ունենք: Կառավարության նիստում քննարկվեց նաեւ նոտարական թարգմանիչների քննության կազմակերպման հարցը, որը նախարարին հնարավորություն է տալիս արտահերթ քննություն կազմակերպել եւ ոչ ուշ, քան տարին մեկ: Մենք պետք է հասնենք նրան, որ բոլոր մարզերում ունենանք առնվազն ռուսերենի եւ անգլերենի թարգմանիչներ: Ընդհանրապես նոտարական ամբողջ ինստիտուտը կփոփոխվի, կամ փիլիսոփայության փոփոխություն կնկատեք: Փոփոխության կենթարկվի նաեւ նոտարների քննության ընթացակարգը, դա կսահմանվի օրենքով, նաեւ օրենքով կսահմանվեն նոտարական ծառայության գումարները: