Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են կանայք ընկալվել անցյալում եւ հիմա

Ապրիլ 08,2011 00:00

Հասարակության տարբեր շերտերի մեկնաբանությունները

\"\"Շեշտադրելու համար հայ կնոջ անգնահատէլի դերը մեր հասարակությունում, Հայաստանի կառավարությունը տարիներ առաջ ապրիլի 7-ը պաշտոնապես հայտարարեց Կանանց մայրության եւ գեղեցկության տոն: Բայց ինչ-ինչ պատճառներով օրացույցից ապրիլի 7-ի կարմիր շրջանակը վերացավ:

Սա չխանգարեց, որ հայերը շարունակեն ապրիլի 7-ին շնորհավորանքներ շռայլել կանանց եւ աղջիկներին:

Այս տարին էլ բացառություն չեղավ: Քաղաքի տարբեր ծաղկի վաճառասրահների մոտ գոյացած մեծ հերթերը խոսում են այն մասին, որ հայ կինը շարունակում է լինել օրինակելի եւ պաշտելի՝ բոլոր ժամանակների եւ սերունդների համար:

Նկարչուհի Լուսիկ Ագուլեցին հայ կնոջ կերպարը նկարագրելիս առաջին հերթին նրան բնորոշում է՝ որպես արարիչ. «Հայկական ավանդական ընտանիքում կինը ընտանիքի ամրությունն է: Կինն արարչական հատկություն ունի: Մարիամ Աստվածածնից կինը սկսում է դիտարկվել որպես կենարար ծառ, եւ տղամարդիկ մեզ ընդունում են Մարիամ Աստվածածնի նմանությամբ: Անցյալում կինը հայկական ընտանիքներում բնորոշված էր որպես զուսպ, համեստ ու լուռ էակ ու միայն տարիքի հետ է նա ձեռք բերում զգալի դերակատարում ընտանիքում: Դարերի ընթացքում հայ կնոջ դերն ավելի բարձրացավ: Յուրաքանչյուր ազգի մեջ կինը յուրահատուկ կողմեր ունի: Հայ հասարակության մեջ նա դիտարկվել է որպես սնող, ապագա սերնդի մայր: Այսօր եւս հայ կնոջ առաքելությունը նախեւառաջ սերունդ դաստիարակելն է: Այդ ամենի հետ մեկտեղ որքան էլ կնոջ դերը բարձրացել է ընտանիքում, միեւնույն է՝ նա մնում է որպես քնքուշ մի էակ: Անժխտելի է այն փաստը, որ մինչ օրս ցանկացած լավ ընտանիքում կինը հարգված է»:

Տիկին Ագուլեցու խոսքով, բոլոր ծեսերի մեջ կինը մեծարվել է. «Եթե հայերը կնոջը համեմատում են Մարիամ Աստվածածնի հետ, ուրեմն իրավունք չունենք կարծել, թե կնոջ իրավունքները նվաստացված են եղել: Կնոջից է կախված, թե ինքն իրեն որքանո՞վ է կարողանում պաշտպանել: Հիմա շատերն էլ հենց դրա համար են ձգտում դիպլոմ ունենալ, որպեսզի մտավոր կարողություն տանեն ամուսնու տուն: Որքան էլ ժամանակի մեջ փոխվենք, գնանք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ: Հայ կանայք այնպիսի մշակույթ ունեն, որ օտարներից որեւէ բան վերցնելու կարիք չկա բոլորովին: Ես միայն խորհուրդ կտայի կանանց, որպեսզի իրենց մշակութային արժեքները պահպանեն: Հայ կինը եղել է եւ կա լավ մայր, լավ կին, ու, ամենակարեւորը, միշտ սիրել ու սիրվել է»:

Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը հայ կնոջը համարում է ընտանիքի ամրության գրավական. «Կնոջից է կախված ընտանիքի ամրությունը: Կնոջը բնորոշ է եղել ընտանիքին, մերձավորներին ու ամբողջ հասարակությանը ցույց տալ որոշակի պատասխանատվություն, եւ դա պահպանվում է մինչ օրս: Ժամանակին, երբ մի ընտանիքում օրորվում էր 20 օրորոց, դա նշանակում էր, որ այդ տանը 20 տեգերկին կա, ինչը մեր օրերում անհավատալի երեւույթ է: Սա խոսում է ընտանիքի ամրության մասին, որի պահողը կին արմատն է: Նման համալիր ընտանիքներում կինը մեծ դեր ուներ: Հայ կինը ամենաչարչարվողն է, ամուսնու հանդեպ ամենաուշադիրը, ուստի կնոջը պետք է մեծարել՝ որեւէ հարցում չսահմանափակելով նրան: Այնինչ՝ անցյալում սահմանափակումները շատ են եղել, կնոջ դերակատարումը գնահատված է եղել զուսպ իրավունքներով, արգելանքների համակարգը կաշկանդել է նրան»: Ազգագրագետը փաստեց. «Անցյալում, երբ 12-13 տարեկան աղջկա հարսնանալու շրջանն է եղել, ընտանիքի ուշադրությունը կենտրոնացել է նրա վրա: Հարս լինելուն պես՝ կինը կաշկանդվել է: Իրավունք չի ունեցել անգամ մի տղամարդու նայել, որովհետեւ կհամարվեր ամոթը կորցրած: Մարմնի ոչ մի հատված չպետք է բաց մնար: Կինն իրավունք չուներ իրենից տարիքով մարդու հանդեպ հերարձակ լինել: Եթե ավագ հյուր էր լինում եւ կնոջ գրկին երեխա, նա պետք է անմիջապես վայր դներ մանկիկին գրկից եւ թաքցներ: Այդպես իրավունք չուներ հյուր ընդունելու: Բարոյական ոչ մի վրիպում անհետեւանք չի մնացել: Եթե հնում կնոջը բռնում էին հանցանքի վայրում, նույնիսկ շուրթերն էին կտրում, անգամ կարող էին սպանել: Կինը ընտանիքի պատիվն էր»:

Հոգեբան Կարինե Նալչաջյանն ասաց, որ կնոջ կաշկանդված կերպարը մնացել է նահապետական ընտանիքներում. «Այսօր կանանց իրավունքները բարձրացել են: Կինն իր մեջ չի կրում երկրորդական լինելու զգացողությունը, նա խեղճացած չէ, կինն այսօր շատ հարգված է՝ անկախ տարիքից: Բայց մյուս կողմից էլ նահապետական ընտանիքների առավելությունն այն էր, որ եղել է դերերի հստակ բաժանում ու պատկերացում: Եթե ընտանիքը կազմված է 3-4 հոգուց եւ դերերը հստակեցված չեն, ամենափոքրիկ ընտանիքը չի կարող գոյատեւել: Այսօր մեր հասարակությանը հենց դերային ընկալումն է պակասում»:

ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը նկատեց. «Հայաստանում կանայք ներկայացված լինելու կարիք չեն ունեցել, քանի որ հասարակության մեջ մշտապես հարգված են եղել, իրենց դերն ու դիրքն են ունեցել եւ ունեն մինչ օրս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել