Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ

Ապրիլ 08,2011 00:00

Հայերը հիմնականում քթի կորեկցիա են անում

Գեղեցիկի մասին յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումները: Բոլորն են ցանկանում լինել գեղեցիկ, իսկ այսօրվա բժշկությունը հնարավորություն է տալիս իրագործել անգամ ամենահամարձակ մտահղացումները: Քթի կորեկցիա, դեմքի երիտասարդացում, կրծքի չափսերի փոփոխություն եւ այլն: Ամբողջ աշխարհում լայնորեն տարածված այս երեւույթը Հայաստանում էլ է «մոդայիկ» դարձել եւ հասանելի է բոլորին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում պլաստիկ վիրաբույժների օգնությանը դիմում են հիմնականում քթի կորեկցիայի համար: Ամենայն հավանականությամբ՝ սրա պատճառը «հայի քիթ» ասվածն է:

Մարմնի ցանկացած թերություն մարդու մեջ մի շարք խնդիրներ կարող է առաջացնել, ինչն էլ հետագայում կարող է վերածվել լուրջ հոգեբանական խնդիրների: Մեզ հետ զրույցում հոգեբան Բելլա Ղազարյանը նշում է՝ «սովորաբար պլաստիկ վիրահատության դիմում են այն մարդիկ, ովքեր կոմպլեքսավորված են. այս մարդիկ ոչ մեկի հետ չեն կարողանում նորմալ հարաբերություններ ստեղծել եւ այդ ամենը պատճառաբանում են իրենց արտաքինի վատը լինելով»:

Օրինակ՝ 30-ամյա Ռուզաննա Հայրապետյանը պատմում է, որ երկար տարիներ ցանկացել է վիրահատել քիթը. «Հայրս դեմ էր, բայց ես ինձ միշտ անվստահ էի զգում մարդկանց հետ շփվելիս: Արդեն մեկ տարի է, ինչ վիրահատվել եմ եւ ինձ շատ է գոհացնում արդյունքը»,- հավատացնում է նա:

Վիրաբույժ Արտավազդ Սահակյանը նշում է, որ իրենց օգնությանը ավելի շատ դիմում են երիտասարդները եւ հիմնականում քթի գեղագիտական վիրահատության համար, քանի որ արտաքին տեսքն առաջնային են համարում:

Քիթը կարող է տարբեր դեֆորմացիաներ ունենալ: Բժշկության մեջ տարբերակում են սապատավոր, լայն, երկար, կարճ քիթ: Սակայն պետք չէ անհանգստանալ, քանի որ այս բոլոր խնդիրներն էլ հաղթահարելի են: Բժշկի խոսքերով, լուծում պահանջող ամենակարեւոր խնդիրը ճիշտ վիրաբույժ ընտրելն է: Նախքան վիրահատությունը՝ կատարվում է քթի մոդելավորում. «Մոդելավորման հարցում, իհարկե, հաշվի են առնվում հիվանդի ցանկությունները, բայց դրան անպայման գումարվում է բժշկի խորհուրդը: Արդյունքը բավականին մոտ է լինում նախատեսածին»,- ասում է Ա. Սահակյանը:

Վիրահատությունը հիմնականում անցնում է թեթեւ, առանց հետվիրահատական խնդիրների: Բայց հիվանդի կյանքը հիմնովին փոխվում է. «Վիրահատությունից հետո հիվանդը ձեռք է բերում միջանձնային հարաբերություններ ստեղծելու կարեւոր նախապայման՝ ինքնավստահություն»,- ընդգծում է հոգեբանը:

«Վիրահատությունից հետո կյանքս արմատապես փոխվել է, վերացել են նախկին կոմպլեքսները, ինքնագնահատականս բարձրացել է, մարդկանց հետ շփումը ավելի անկաշկանդ է դարձել: Հիմա ամեն անգամ հայելուն նայելիս ուրախանում եմ իմ նոր տեսքով»,- նշում է Ռուզաննան:

Բայց՝ ինչպես ցանկացած բնագավառում, այստեղ էլ երբեմն բարդություններ են առաջանում: «Եթե արդյունքը չի գոհացնում հիվանդին, ապա մենք կատարում ենք երկրորդ անվճար վիրահատությունը: Բայց շատ կարեւոր հանգամանք է նաեւ ճիշտ հիվանդ ընտրելը: Կան շառլատան, շիզոիդ կերպարներ, որոնք կարող են բժշկին անընդհատ շանտաժի ենթարկել, փող պահանջել»,- ասում է Ա. Սահակյանը:

Հոգեբանի խոսքերով էլ, ցանկացած վիրահատություն ինքնին սթրես է. «Կախված մարդու սթրեսադիմացկունության աստիճանից՝ վիրահատության արդյունքը կարող է գոհացնել կամ չգոհացնել: Հաճախ չդիմանալով լարվածությանը՝ վիրահատվածին թվում է, թե իր սպասելիքները չեն արդարացել»:

Պլաստիկ վիրահատություն ասելով՝ անմիջապես հասկանում ենք գեղագիտական վիրահատությունները, բայց իրականում դա այնքան էլ այդպես չէ. «Պլաստիկ վիրաբուժությունը շատ ավելի լայն ու բարդ հասկացություն է: Այն ներառում է ավելի լայն սպեկտրով վիրահատություններ, այդ թվում՝ նաեւ վերականգնողական»,- ավելացնում է բժիշկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել