Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը հինգշաբթի օրը ժամանելու է Ստամբուլ: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Zaman-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Բագապշը Թուրքիա է մեկնում տեղի աբխազական համայնքի հրավերով: Առաջիկա երկու օրերին Աբխազիայի նախագահը հանդիպումներ կունենա Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, ապա կմեկնի Ստամբուլ եւ աբխազական հոծ բնակչություն ունեցող Ադաբազար քաղաք: Պարբերականը պնդում է, որ այցի նախաձեռնողը Թուրքիայի աբխազական ընկերակցությունների ֆեդերացիան է, եւ Թուրքիայում գործող որեւէ պետական կառույց այս ուղեւորության կազմակերպման մեջ ներգրավված չէ:
Թբիլիսիում Թուրքիայի դեսպանը եւս նախօրեին հայտարարել է, թե ընդհանրապես որեւէ տեղեկություն չունի Բագապշի հնարավոր այցելության մասին:
Նրա այցի նման գաղտնապահությունը պատահական չէ. նախկինում եւս նա մի քանի անգամ պատրաստվում էր մեկնել Թուրքիա, սակայն վերջին պահին այցերը չեղյալ էին հայտարարվում վրացական կողմի՝ պաշտոնական Անկարայի վրա բանեցրած դիվանագիտական ճնշման արդյունքում:
Zaman-ի մեկնաբանը նկատում է, որ Բագապշը Անկարայում կայանալիք հանդիպումների ընթացքում, ըստ ամենայնի, խնդրելու է Թուրքիայի իշխանություններին վերականգնել ուղղակի ծովային հաղորդակցությունը Աբխազիայի հետ: