Չինաստանի ոստիկանությունը հայտնի նկարիչ եւ այլախոհ Այ Վեյվեին կասկածում է տնտեսական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ: BBC-ի մատուցմամբ, այս մասին հաղորդել է չինական պաշտոնական «Սինխուա» գործակալությունը:
Դա առաջին հաղորդագրությունն էր կիրակի օրը Պեկինի օդակայանում Հոնկոնգ մեկնելիս կալանավորված Այ Վեյվեի ճակատագրի մասին:
Նկարչի կինը՝ Լու Ցին լրագրողներին հայտնել է, որ իրենց տունը խուզարկության է ենթարկվել, որի արդյունքում առգրավվել են համակարգիչն ու գումար: Նրա ասելով, խուզարկությանը մասնակցել է 40 ոստիկան:
Նա ասել է, թե անհանգստանում է ամուսնու առողջության համար, որովհետեւ նա տառապում է մի քանի հիվանդություններով եւ մշտապես դեղերի կարիք ունի:
BBC-ն շեշտում է, թե Այ Վեյվեի նկատմամբ հարուցված նոր հետաքննությունը վկայում է, որ պաշտոնական Պեկինը նրան փորձում է ներկայացնել որպես հանցագործի, այլ ոչ թե քաղաքական այլախոհի: Չորեքշաբթի օրը Չինաստանի պետական թերթը՝ The Global Times-ը, նկարչին ներկայացրել էր որպես թափառաշրջիկ, որի գործունեությունը օրենքի տեսանկյունից կասկածներ է հարուցում: Այս շաբաթ արեւմտյան երկրներն արդեն կոչ են արել Չինաստանին՝ անհապաղ ազատ արձակել Այ Վեյվեին՝ Պեկինում օլիմպիական հայտնի մարզադաշտի համահեղինակին ու երկրի ամենահայտնի ժամանակակից նկարչին: Վերջինս աշխարհին հայտնի է ոչ միայն իր կտավներով, այլեւ մարդու իրավունքները ոտնահարելու համար Պեկինին ուղղված քննադատությամբ:
Վերջին մի քանի ամիսներին Չինաստանում կալանավորվել է ավելի քան 20 այլախոհ: