Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բրյուսովցիները ամփոփեցին պրակտիկան

Ապրիլ 08,2011 00:00

Բուհի ուսանողները ներկայացրին լրատվամիջոցների հետ աշխատանքի արդյունքները

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի «Միջազգային լրագրության» ավարտական կուրսի ուսանողներն այս տարի ակտիվ պրակտիկա են ունեցել: Համալսարանն ապագա լրագրողների համար պայմաններ է ստեղծել պրակտիկան անցկացնելու տեղական լրատվամիջոցներում՝ «Հ1»-ում, Հանրային ռադիոյում, «Երկիր Մեդիայում», «Արմենպրեսում», «Նոյյան տապանում», «Լրագիրում», «Ինտերնյուսում», ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունում եւ բուհի գիտաուսումնական կենտրոնում:

Երկու ուսանողներ՝ Էլեն Չիլինգարյանն ու Նարե Ստեփանյանն էլ պրակտիկան անց էին կացրել «Առավոտ» օրաթերթում: Այս բուհում լրագրողներն իրենք են՝ որոշակի ժամանակ սովորելուց հետո, ընտրում լրագրողի մասնագիտացումը: «Միջմշակութային հաղորդակցության» ֆակուլտետ ընդունված ուսանողներն առաջին կուրսի 2-րդ կիսամյակից ընտրում են որեւէ մասնագիտացում՝ հոգեբանի, քաղաքագետի, լրագրողի եւ այլն: Երեկ ապագա լրագրողները ներկայացնում էին իրենց 6 շաբաթական լրագրողական պրակտիկայի ընթացքը, նաեւ ցուցադրում այդ ընթացքում պատրաստած, եթեր հեռարձակված կամ տպագրված նյութերը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը Լեզվաբանական համալսարանում օրենսդրություն եւ էթիկա է դասավանդում: Նա համոզված է, որ 30 հոգանոց կուրսի մոտ կեսը կարող է լրագրող դառնալ: Հույս ունի, որ պրակտիկայից հետո էլ որոշներին աշխատանք կառաջարկեն: Նա կարեւոր է համարում լրագրողական կրթությունը: Ըստ նրա, այլ հարց է, որ հայկական բուհերում ուսուցումը հիմնականում տեսականի վրա է հիմնված. «Դա նույնն է, որ բժիշկը 6 տարի տեսական գիտելիքներ ստանա ու ոչ մի անգամ հիվանդանոց չգնա: Ապագա լրագրողներին էլ ամեն տարի պետք է ուղարկել պրակտիկայի: Պրակտիկ առարկաները պետք է ավելացնել»: Մ. Հարությունյանը մասնագիտական վարպետության դասերին փորձում է այդ բացն ամեն կերպ լրացնել:

«Միջազգային լրագրություն» մասնագիտացման ողջ գիտական եւ ուսումնական գործընթացը պլանավորվում եւ կառավարվում է բուհում գործող գիտաուսումնական կենտրոնի կողմից:

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ուսանողների մեծ մասը, սկսած ուսանողական տարիներից, ակտիվ կերպով համագործակցում է տարբեր զանգվածային լրատվամիջոցների հետ:

«Բոլոր ուսանողներին ավարտելուց հետո մի հարց է հուզում, ուսումն ավարտելուց հետո կարո՞ղ են արդյոք աշխատանք գտնել: Նրանք, ովքեր ուզում են, որպես կանոն կարողանում են իրենց դրսեւորել եւ աշխատել մասնագիտությամբ»,- կարծում է նա:

Հարցին, թե բացի արտադրական պրակտիկայից, ինչպե՞ս են կարողանում լրացնել գործնականի բացը, Տ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախորդ տարի ստեղծել են միջազգային լրագրության գիտաուսումնական կայքէջը, որն ուսանողների համար իրենց նյութերը տեղադրելու եւ առաջին քայլերն անելու հարթակ է հանդիսանում: ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկ ամսից ավելի պրակտիկա անցած ուսանողներից Հռիփսիմեն էլ նշեց, որ իրենք այնպիսի հոդվածներ են պատրաստել, որոնցով հիմնականում հակահարձակման են ենթարկել ադրբեջանական մամուլի հրապարակումները, աշխատել են նաեւ նախարարության mil.am կայքի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել