Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐԱՆՏՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Ապրիլ 08,2011 00:00

Կամ՝ ինչպես բացառել քավոր-սանիկ տարբերակը

Գիտության զարգացումը ապահովում է առաջընթաց մարդկության գործունեության տարբեր բնագավառներում, եւ ներդրումները գիտության մեջ անկասկած պետք է համարել արդարացված: Իհարկե, պետք է ունենալ շատ մեծ երեւակայություն, որպեսզի Հայաստանում գիտության պետական ֆինանսավորումը համարվի ներդրում այս ոլորտի զարգացման համար: Այդ չնչին գումարները իրականում կարող են մի կերպ պահպանել որոշ ենթակառույցներ եւ ապահովել գիտաշխատողներին ծիծաղելի աշխատավարձով: Ամեն դեպքում՝ որոշ գումարներ տրվում են գիտությանը, եւ խնդիր է առաջանում այդ գումարների արդյունավետ բաշխման եւ օգտագործման հետ կապված: Միգուցե այդ նպատակին էր ուղղված վերջերս Գիտության պետական կոմիտեի կողմից իրականացված գրանտային հիմունքներով ֆինանսավորումը: Այդ իմաստով հատկանշական էր կոմիտեի նախագահ պարոն Սամվել Հարությունյանի հայտարարությունները այն սկզբունքների մասին, որոնցով առաջնորդվելու են փորձագետները իրենց ընտրության մեջ: Մասնավորապես նշվում էր, որ Հայաստանում առաջին անգամ թեմաների ընտրության մեջ կկիրառվեն միջազգայնորեն ճանաչված սկզբունքներ, ինչպիսիք են հոդվածները միջազգային ամսագրերում: Իրոք, այդ սկզբունքները (հոդվածներ միջազգային ամսագրերում, խմբի որակները, միջազգային փորձաքննություն) ոչ մի կասկած չեն հարուցում: Եթե գիտնականը երկար ժամանակ չի տպագրվում միջազգային ճանաչված ամսագրերում, նշանակում է, որ աշխատանքը կամ չի ներկայացնում որեւէ հետաքրքրություն, կամ նյութատեխնիկական բազան եւ մի շարք այլ գործոններ թույլ չեն տալիս կատարել այդ աշխատանքը: Ստացված արդյունքները պետք է ցույց տային նաեւ գիտական կազմակերպությունների որակը: Պարզ է, ինչքան շատ թեմաներ են տվյալ կազմակերպությունում ստանում գրանտային ֆինանսավորում, այդքան բարձր է այդ կազմակերպության «ռեյտինգը»: Սակայն այդ մրցման արդյունքները ավելի շատ հարցեր առաջացրեցին: Մասնավորապես, բոլորովին պարզ չէ՝ ինչի հիման վրա է կատարում այդ հայտարարությունը պրն Հարությունյանը, եթե հարցաթերթիկում, որով պետք է առաջնորդվեն փորձագետները, չկա որեւէ կետ, որում ընդգրկված է, օրինակ, արտասահմանում տպագրված հոդվածների քանակը: Ավելին, հարցաթերթիկների կետերը թույլ են տալիս կամայական գնահատել ցանկացած աշխատանք: Պետք չէ շատ խելոք լինել՝ հասկանալու համար, թե ինչի դա կբերի: Մյուս կողմից, տանք ավանդական հարցը՝ «Ը րցՊՖՌ ՍՑՏ?»։ Ինքը՝ փորձագետը, կամ նրա լաբորատորիայի անդամը նույնպես ներկայացրել է աշխատանք եւ նույնպես ունի որոշակի ակնկալիքներ, եւ նա գիտի, որ ֆինանսավորվելու են սահմանափակ թվով աշխատանքներ: Այս պայմաններում մտածել, որ կկիրառվեն օբյեկտիվության սկզբունքները՝ առնվազն միամտություն կլինի: Պարզ է, որ այս դեպքում նա պետք է դուրս շպրտի հավանական մրցակցի աշխատանքը, հատկապես, որ դրա համար նա ոչ մի պատասխանատվություն չի կրում: Ավելին, նրան թույլ է տրվում գնահատել ցանկացած աշխատանք՝ նկարելով միավորներ առանց որեւէ մեկնաբանության: Այն հայտարարությունը, որ հիմնական փորձաքննությունը կատարել են միջազգային փորձագետները, չի դիմանում որեւէ քննադատության, քանի որ այդ դեպքում պետք է ենթադրել, որ այդ փորձագետները նաեւ հայերենի մասնագետներ են (ստացված գրախոսությունները հայերեն լեզվով են): Կոմիտեի աշխատակիցները պնդում են, որ այս հարցաթերթիկի հիմքում ընկած են FP7 Եվրոպական գրանտային ծրագրի հիմունքները, սակայն կներեք, այստեղ նույնիսկ համեմատությունը անտեղի է: Մի կողմից՝ այնտեղ ֆինանսական ռեսուրսները անհամեմատ մեծ են, իսկ մյուս կողմից՝ նրանց փորձագետների որակավորման վերաբերյալ կասկածներ չկան: Ստացվեց բավականին սպասելի արդյունք` մենք ունեցանք հավանության արժանացած այնպիսի աշխատանքներ, որոնց ղեկավարները ընդհանրապես չունեն տպագրված աշխատանքներ միջազգային ամսագրերում: Կարելի է, իհարկե, սրանով սահմանափակվել եւ համարել, որ գործ ունենք տեխնիկական բացթողումների հետ, եւ հետագայում խնդիրները կշտկվեն, սակայն հոդվածագիրը չունի այդպիսի լավատեսություն: Խնդիրն այն է, որ օբյեկտիվ գործոններով գնահատել գիտական աշխատանքը (հոդվածների քանակ, մեջբերումներ)՝ առաջացնում է լուրջ դիմադրություն, եւ «քավոր-սանիկ» տարբերակն է դառնում նախընտրելի: Մյուս կողմից՝ նման փորձաքննությունները ի վերջո բերելու են նրան, որ այն փշրանքները, որոնք դեռ պահպանվել են Հայաստանի գիտության մեջ, բարեհաջող կվերանան, եւ Հայաստանում էլ ավելի կզարգանա յուրահատուկ հայկական գիտությունը, որը ոչ մի կապ չի ունենա համաշխարհային գիտության հետ:

Ինչո՞ւ հիմք չընդունել հայտնի միլիարդատեր Սորոսի օրինակը, որը 90-ականների սկզբին դրամաշնորհներ բաժանեց սովետական գիտնականներին՝ հիմնվելով միայն նրանց տպագրած աշխատանքների վրա: Համաձայնեք` երբ մարդը տալիս է սեփական գումարները, նա շատ լավ ամեն ինչ գնահատում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել