Ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Դորտմունդում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ արծաթե մեդալ: Այդ միակ պարգեւը մեր երկրի հաշվարկին բերեց 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը:
Երեկ իր սաների մասնակցության մասին «Առավոտի» հետ հարցազրույցում պատմեց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
– Ընդամենը մեկ արծաթե մեդալ: Գո՞հ եք արդյունքից:
– Հիմնականում՝ ոչ: Ըմբիշներ եղան, որոնք գրավեցին այս պահին իրենց արժանի տեղերը: Մի քանիսն էլ, որոնցից սպասելիքներն ավելի մեծ էին, հանդես եկան, հույսերը չարդարացրին:
– Յուրաքանչյուրի մասին մի քանի խոսք կասե՞ք:
– Սկսեմ երիտասարդ Մուրթազալիեւից, որն առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո: Նա տարավ երեք տպավորիչ հաղթանակ, որոնցից երկուսը հատկապես ուզում եմ առանձնացնել. բուլղարացի Եվրոպայի, աշխարհի եւ օլիմպիական խաղերի մրցանակակիր Թերզիեւի հետ գոտեմարտը, երկրորդը՝ կիսաեզրափակչում վրացական ուժեղ դպրոցի ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Խուրցիշվիլու նկատմամբ հաղթանակը: Մուրթազալիեւը միայն վճռորոշ գոտեմարտում միավորների նվազագույն տարբերությամբ զիջեց Ռուսաստանի ընտրանու առաջատար, բազմափորձ Դենիս Ցարգուշին, որը, ի դեպ, 2008 թվականից այս կողմ ոչ մի պարտություն չունի եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է: «Ոսկին» նվաճել չկարողանալու համար պատճառաբանություններ չեմ ուզում բերել: Ռուսաստանցին այդ օրն իսկապես ուժեղ էր: Բայց որ նա եզրափակչում ոտքերին յուղ էր քսել, չասել չեմ կարող:
55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանին վիճակահանությամբ մեկնարկում շատ բարդ մրցակից էր բաժին ընկել՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն՝ բուլղարացի Վելիկովը, որին գերազանց ոճով հաղթելուց 15 րոպե անց կրկին հրավիրվեց գորգ ու տանուլ տվեց բելառուս մրցակցին: Պատճառն այն է, որ Միհրանը չհասցրեց այդ կարճ ժամանակաընթացքում ուժերը վերականգնել, իսկ բելառուսն ավելի շուտ էր գորգ մտել: Սա ինձ լուրջ մտահոգում է եւ ես պատրաստվում եմ հարց բարձրացնել, որպեսզի մեր սպորտային բժշկությունը հայ մարզիկներին կարճ ժամանակում վերականգնվել կարողանալու հարցով լրջորեն զբաղվի:
60 կգ քաշում հանդես էր գալիս Հայաստանի չեմպիոն Աշոտ Տերտերյանը, որը լավ էր հանդես եկել վերջերս Թուրքիայում անցկացված միջազգային մրցաշարում՝ հաղթանակ տոնելով վրացու եւ երկու թուրք ըմբիշների նկատմամբ: Աշոտից էլ մեդալ էինք ակնկալում: Սակայն նա շատ անակնկալ հենց առաջին մարտը տանուլ տվեց Անգլիայի դրոշի ներքո հանդես եկող բուլղարացի ըմբիշին: Պատճառը, գուցե, այն էր, որ Դորտմունդը նրա՝ Եվրոպայի մեծահասակների անդրանիկ առաջնությունն էր:
Խիստ դժգոհ եմ 66 կգ քաշային փորձառու Ժիրայր Հովհաննիսյանից: Ճիշտ է, նա նոր էր բուժել վնասվածքը եւ լիարժեքորեն մասնակցում էր հավաքներին, սակայն իրավունք չուներ մեկնարկային գոտեմարտում պարտվել ռուսաստանցի Ադամ Բատիրովին:
Էդգար Ենոքյանը հինգերորդ տեղն զբաղեցրեց 96 կգ քաշային կարգում՝ երեք հաղթանակ տանելով: Նա կիսաեզրափակչում թեեւ զիջեց Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող օսեթ՝ Եվրոպայի, աշխարհի չեմպիոն եւ օլիմպիական խաղերի մրցանակակիր Գասյումովին, սակայն շատ լավ գոտեմարտեց: Իսկ այդ արգելքն էլ հաղթահարելուն խանգարեց, թերեւս, անպայման հաղթելու մեծ ցանկությունը, որը հակառակ դեր կատարեց:
Ինչ վերաբերում է ծանր քաշային Ռուսլան Բասիեւին, նա եւս մեկ հաղթանակից հետո պարտություն կրեց ու պայքարը շարունակելու հնարավորություն չունեցավ: Բասիեւի մասին պիտի ասեմ, որ նա իսկապես բարձրակարգ ըմբիշ է. սակայն գալիս է մի պահ, երբ տարիքն արդեն իրենն է ասում:
– Դորտմունդում 84 կգ քաշային կարգում մեր երկրից ասպարեզ մտավ Հապետնակ Կուրղինյանը: Դա շատերի համար տարօրինակ էր, հատկապես՝ Հայաստանի առաջնությունում նման անունով մասնակից չկար:
– Այս քաշային կարգում Գերմանիա մեկնելուց առաջ խնդիրներ եղան, որոնց մասին անպայման կուզենայի տեղյակ պահել: Մարզչական խորհուրդը Եվրոպա գործուղել որոշել էր Հայաստանի չեմպիոն Հաջիմուրադ Նուրմագոմեդովին, որը եզրափակչում պարտության էր մատնել Վադիմ Լալիեւին: Նուրմագոմեդովը Հայաստանի քաղաքացիություն ունի, սակայն ՖԻԼԱ-ի կանոններով այլ երկրի դրոշի ներքո հանդես գալու իրավունքի համար ժամանակի որոշակի սահմանափակում կա: Մենք ՖԻԼԱ-ի հետ նախնական բանակցությունների արդյունքում այնտեղից դրական պատասխան էինք ստացել: Սակայն վերջին պահին միջազգային ֆեդերացիան պաշտոնապես տեղեկացրեց, որ ըմբիշը Դորտմունդում մեր երկրից հանդես գալու իրավունք առայժմ չունի: Ստիպված եղանք նրան փոխարինել Հայաստանի արծաթե մեդալակիր Վադիմ Լալիեւով, որը նույնպես մասնակցել էր հավաքներին եւ լավ մարզավիճակում էր: Ավելացնեմ նաեւ, որ նման կարգի մրցումների մեկնելիս եւ այդպիսի անակնկալների համար ֆեդերացիան, համենայնդեպս, տվյալ երկրի դեսպանատուն ներկայացնում է երկու մարզիկի գործ: Լալիեւի անձնագրում նույնպես Գերմանիայի մուտքի վիզան խփված էր ու նա էր մարտի 27-ին Դորտմունդ մեկնելու: Բայց վերջին օրերին նա վնասվածք ստացավ: Բացի դա, մեկնելուց երեք օր առաջ տեղեկացանք, որ Լալիեւն անձնական այլ ծրագրեր ունի եւ հրաժարվում է մրցման մեկնելուց: Ու հավաքականը Եվրոպայի առաջնություն մեկնեց վեց ըմբիշով:
– Հանրապետության բրոնզե մեդալակիրներից մեկին հնարավոր չէ՞ր թիմ ընդգրկել:
– Նախ, թղթարարությունը երկու-երեք օրվա ընթացքում հասցնել ֆիզիկապես էլ հնարավոր չէր: Երկրորդ, նրանց վարպետության աստիճանը Եվրոպայի մակարդակին չէր համապատասխանում: Այնպես որ, այսպես թե այնպես, մարզչական խորհուրդը նրանց թիմ չէր ընդգրկի:
– Իսկ ո՞վ է Հապետնակ Կուրղինյանը եւ ինչո՞ւ նրան կարելի էր Դորտմունդում հայտավորել, իսկ մեր երրորդ մրցանակակիրներին՝ ոչ:
– Կուրղինյանը հավաքականի մարզիչներից է եւ համեմատաբար վերջերս է թողել մեծ սպորտը: Իսկ նրան հայտավորելը հարկադրական քայլ էր: ՖԻԼԱ-ի կանոնադրությամբ, եթե մի ազգային ֆեդերացիան մայրցամաքի առաջնությանը որեւէ քաշային կարգում ներկայացուցիչ չի ունենում, տուգանվում է շվեյցարական 2 հազար ֆրանկ եւ զրկվում այդ քաշային կարգում աշխարհի առաջնությանը մասնակցելու, հետեւաբար՝ նաեւ օլիմպիական ուղեգրի հավակնելու իրավունքից: 2011 թվականը նախաօլիմպիական տարի է, աշնանը Ստամբուլում նշանակված աշխարհի առաջնությունը՝ վարկանիշային, որտեղ ամեն մի քաշային կարգում 1-5-րդ տեղերը օլիմպիական ուղեգրի արժեք ունեն: Հասկանալի է, որ մենք չէինք կարող դա թույլ տալ, մանավանդ որ, նպատակ ունենք Լոնդոնում հանդես գալ ամբողջական կազմով: Դրա համար էլ հենց տեղում որոշեցինք Հապետնակ Կուրղինյանին հայտավորել, մանավանդ որ, նրա անձնական քաշը համապատասխանում էր: Եվ պատկերացրեք, որ նա մեկ հաղթանակ տարավ եւ երկրորդում էլ մոտ էր նույնպիսի հաջողության:
– Հիմա ի՞նչ ծրագրեր ունեք:
– Շարունակել նախապատրաստվել տարվա գլխավոր մրցմանը՝ աշխարհի առաջնությանը: Մինչեւ աշուն պլանավորել ենք մասնակցել չորս միջազգային մրցաշարի, որոնց արդյունքներով էլ կընտրենք Ստամբուլ մեկնողներին:
– Այդ մրցաշարերին միայն լավագույննե՞րն են մասնակցելու:
– Ոչ: Բոլորին էլ, հնարավոր է անգամ նրանց, ովքեր Հայաստանի առաջնությունում մրցանակային տեղ չեն զբաղեցրել, իրենց դրսեւորելու հնարավորություն ենք ընձեռելու:
– Իսկ հնարավո՞ր է, որ մեր ընտրանու հիմնական կորիզում փոփոխություններ լինեն:
– Այս պահին հակված եմ «այո» պատասխանել: Մեզ՝ մարզիչներիս համար յուրայիններ չկան: Ով արժանի լինի՝ նա էլ հավաքականում տեղ կունենա: