Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱԿԱՆ» ՓԱՌԱՏՈՆ

Ապրիլ 08,2011 00:00

Կոմիտասի անվան կրթօջախի ձեռնարկը՝  «ի պաշտպանություն» ժամանակակից կոմպոզիտորների

«Բարձրարվեստ երաժշտությունը կարող է համարվել միայն կոմպոզիտորի սեփականությունը, եթե չլինեն հզոր մեկենասներ, ովքեր այդ երաժշտության առջեւ բացում են լայն ճանապարհ». այսպես է արտահայտվել 20-րդ դարի մեծանուն դիրիժոր Եվգենի Մրավինսկին: Եվ իրոք, ապրիլի 1-ին մեկնարկած Հայ երաժշտության փառատոնը անդրադառնում է մոտ 60 ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին: Դատելով փառատոնային հայտագրից, փաստենք, որ այս ծավալուն միջոցառումը չունի եւ ոչ մի աջակից: Մյուս կողմից էլ հակադրվելով Մրավինսկու մտքին, ինչ-որ տեղ էլ սփոփանք գտնելու նպատակով նշենք, որ բարձրակարգ երաժշտությունն ինքն է իր համար ճանապարհ հարթում՝ նախանձախնդիր եւ այս գաղափարին նվիրված մարդկանց եւ կազմակերպությունների շնորհիվ: Տվյալ դեպքում փառատոնի գաղափարի, կազմակերպման ու անցկացման հեղինակը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան է:

«Առավոտը» հանդիպեց կոմպոզիտոր, կոնսերվատորիայի պրոռեկտոր, պրոֆեսոր Ստեփան Սուքիասյանի հետ: Նրա խոսքերով՝ «վերջին շրջանի մշակութային խառնաշփոթի մեջ, երբ պրոֆեսիոնալ երաժշտարվեստը իր տեղը զիջել է երաժշտական տարբեր կասկածելի ժանրերի, կոնսերվատորիան որպես հայ պրոֆեսիոնալ երաժշտության ժառանգորդ, կրող, դարբնոց, ի վերջո՝ տարածող, պատասխանատվություն վերցրեց տեր կանգնելու բարձրարվեստ երաժշտությանը, հանձինս ժամանակակից հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների երկերի: Փառատոնի անցկացումը կոնսերվատորիայի ռեկտորատի որոշումն էր»: Յուրաքանչյուր ծավալուն միջոցառում նախապատրաստական փուլում ունենում է խնդիրներ: Թե որո՞նք էին Հայ երաժշտության փառատոնի կազմակերպական խնդիրները, պարոն Սուքիասյանն ասաց. «Մեծ հաշվով, վերջին 20 տարում հայ կոմպոզիտորների ստեղծած բարձրարժեք երկերը հասու չեն նույնիսկ մեր ուսանողությանը, բնականաբար՝ երաժշտասերներին, մի խոսքով՝ կյանքի ընթացքից դուրս էին մնացել, եւ այս փորձը՝ անդրադառնալ դրանց, վերադարձնել ու կյանքի կոչել, հասկանալի պատճառով գերխնդիր է: Ոչ պակաս կարեւոր խնդրի, ակնհայտ մի բացթողման հետ էլ առնչվեցինք. սկսած երաժշտական դպրոցների ուսումնական ծրագրերից մինչեւ կոնսերվատորիա ու ասպիրանտուրա, դուրս են մնացել մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները: Եվ պատճառը մեկն է՝ չկա հրատարակված գրականություն»: Հավելեց նաեւ, որ մինչ փառատոնը կոնսերվատորիայի կատարողական ամբիոններին (կամերային, կվարտետային, փողային, լարային, ազգային նվագարանների, վոկալ եւ դաշնամուրային) հանձնարարվել է կոնսերվատորիայի գրադարանում եղած գրականությունից (տպագիր եւ ձեռագիր) ընտրել ստեղծագործություններ, որոնք փառատոնում պետք է ներկայացվեին միայն ուսանողության ուժերով: «Անցկացրինք լսումներ, շուրջ 100 կոմպոզիտորից ընտրվեց 60-ինը: Փառատոնը մի խնդիր էլ բարձրացրեց. առաջինը մեր ազգային նվագարանների գրականության պակասն է: Փողային որոշ գործիքների համար էլ (տրոմբոն, ֆագոտ, գալարափող, տուբա) քիչ գործեր կան գրված, եղածն էլ տպագրված չէ: Այսինքն՝ այստեղ պետք է հրավիրել եւ կոմպոզիտորների, եւ պատկան մարմինների ուշադրությունը»,- հայտնեց պրոռեկտորը: Ասաց նաեւ, որ նախապատրաստական աշխատանքների շրջանում ինքն ու կոմպոզիտորներից ոմանք (Վահրամ Բաբայան, Արզաս Ոսկանյան եւ այլք) այնքան են ոգեւորվել, որ ստեղծագործել են հատուկ այս փառատոնի համար: Ուսանողներն էլ այնքան են ոգեւորվել, որ կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը որոշել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 17-ին կայանալիք փառատոնային գալա համերգից հետո կազմակերպել արդյունքների ամփոփում եւ քննարկումներ: Ս. Սուքիասյանը ասաց նաեւ, որ ապրիլի 22-ին էլ կոնսերվատորիայի դահլիճում կկայանա ուսանող կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված համերգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել