Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ուսանողները «Առավոտին» օրերս դժգոհեցին, որ իրենց բուհի բուֆետում սննդամթերքի գները շուրջ 50 դրամով բարձրացել են: Օրինակ՝ հավով եւ սնկով բրդուճը 300 դրամից դարձել է 350 դրամ, ֆիլեովը՝ 250 դրամից՝ 300 եւ այլն: Նշված գնաճը ուսանողները պատճառաբանում են այն հանգամանքով, որ նախորդ կիսամյակ բուհի բուֆետը ՀԴՄ կտրոն չտրամադրելու պատճառով շուրջ մեկ ամիս փակ է եղել, ուստի այս կիսամյակ գները բարձրացրել են, որպեսզի շահույթ ստանան եւ չաշխատած օրերի տեղը հանեն: Ուստի «Առավոտը» նշված դժգոհության հետ կապված պարզաբանումներ ստացավ ԵՃՇՊՀ աշխատակազմի ղեկավար Եղիազար Վարդանյանից: Նա փոխանցեց. «Նշված դժգոհությունը լսելով՝ բուհի ռեկտորը ջղայնացավ եւ «Ինժեներ լիգա» կազմակերպությանը, որը զբաղվում է բուֆետի հարցերով, հանձնարարեց, որ մեկ օրվա ընթացքում այն ապրանքների գները, որոնք բարձրացել են՝ իջեցվեն»: Մեկ ամիս բուֆետի չաշխատելու մասին էլ Ե. Վարդանյանն ասաց. «Բուհի բուֆետը մեկ ամիս չի աշխատել, քանի որ մրցույթ էր հայտարարվել, որ ընտրվի այն կազմակերպությունը, որը կզբաղվի բուֆետի հարցերով: Մի խոսքով, վաղը եւեթ բուֆետում գները կրկին կբերվեն նախկին գնացուցակի»: