Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՌՆՈՂ» ԱՐՀԵՍՏԸ

Ապրիլ 08,2011 00:00

Արմավիրի միակ դարբնոցում դեռ լսվում է մուրճի ու զնդանի ձայնը, իսկ 80-ամյա դարբինն առասպելական զորությամբ շարունակում է պահպանել հին ավանդույթը: Դարբնոցը գործում է 1920-ական թվականներից: Հայրենական պատերազմի տարիներին այն ծառայել է զինանոց: Այս շրջանում էր, երբ պատանի Կորյունը, տեսնելով բոցկլտացող կրակի մոտ տքնող հինգ դարբիններին, համալրեց նրանց շարքերը, իսկ այսօր դարձել է անցյալի հետ կապող միակ օղակը:

«Գարունը բացվում է, թե չէ՝ լսվում է Կորյունի մուրճի ձայնը, գյուղացիների վար ու ցանքի բոլոր գործիքները նա է մշակում` բահին պոչ է դնում, գերանդի սրում, նալեր ու բրիչներ սարքում եւ էնքան էլ բարեխիղճ է, որ շատ դեպքում աշխատանքի վարձն էլ չի վերցնում կամ էլ թողնում է հետոյին»,-պատմում է Շուշան տատը:

50-ից ավելի աշակերտներ է ունեցել պապը, փորձել է իր արհեստը սովորեցնել նաեւ թոռներին, բայց նրանցից ոչ մեկը չի բռնել դարբին պապի ուղին. «Ասում են՝ եկամտաբեր չի, տանջանքը շատ է, փողը՝ քիչ, բայց որ ինձ հարցնես, էս կյանքում հեշտ բան չկա, իսկ դարբնոցն աշխատացնելու համար մենակ կամքի ուժը հերիք չի, գործը սիրել է պետք»,- բացատրում է Կորյուն պապը:

«Մի հարց թե լինի, պապին ենք դիմում, հողագործությունից լավ գլուխ է հանում, մեր երեխեքին էլ իր թոռներից չի տարբերում, ամենքին անունով գիտի ու սիրում է հարազատի պես: Մենակ թե պապն առողջական լուրջ խնդիրներ ունի, ճիշտ է՝ ցույց չի տալիս, բայց մենք հո գիտենք ինչքան ծանր տարավ սրտի վիրահատությունը, աշխատում ենք շատ չհոգնեցնել»,- պատմում են գյուղացիները:

Պապը հազարից մեկ է բացակայում դարբնոցից, անգամ իր ծննդյան օրն է աշխատանքի դուրս եկել եւ երբ հարազատները պապի տարեդարձին տան փոխարեն դարբնոցում են հավաքվել, անսպասելի անակնկալից շատ է հուզվել:

Ամռան տապին պապը հաճույքով թիկն է տալիս դարբնոցի կողքի թթենուն, որն ինքն է տնկել: Ծառի հովին սեղան է նստում ընկերների հետ, խոսում, կատակներ անում: Բայց մի տեսակ սրտնեղած է պապը: Դարբնոցի տանիքի տակ ծվարող ծիծեռնակները, որոնց բույնը թոռներից կրտսերը պարսատիկով քանդել էր, այս տարի հետ չէին դարձել. «Է, էսքան էլ չար կլինի մարդ, որ էս տղան է, ախր առանց ծիծեռնակ ի՞նչ դարբնոց»:

…Մի հին ու ծխապատ դարբնոց, մրոտ պատեր, գործիքներ եւ դարբնոցի քուրայի պես այրվող մի սիրտ, կյանքի բովում թրծված մարդ, ով իրենից հետո կթողնի հարուստ հուշեր՝ եւ պատմություն, եւ փակված մի դուռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել