Նոյեմբերյան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 30 առանձնատան բնակիչ Սուրեն Իսրայելյանը ամեն գիշեր քնում է՝ ահը սրտում: Տնից ընդամենը 5 մ հեռու գտնվող փողոցի հենապատը այս տարվա գարնանային հեղեղումներց սկսել է քանդվել: Պատի վերեւի հատվածը փլվել է դեռեւս 1997 թվականի հուլիսի 18-ին՝ Նոյեմբերյանի երկրաշարժից:
Սուրեն Իսրայելյանը վախենում է ընտանիքի 5 անդամների, այդ թվում՝ երկու դպրոցական տղաների կյանքի համար: Սուրենի ահազանգով Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը եւ քաղաքապետարանի աշխատակից Հայկ Բուդաղյանը եկել են, տեղում ծանոթացել իրավիճակին եւ խոստացել, որ քաղաքապետարանի մասնագիտական հանձնաժողովը կգա, կուսումնասիրի եւ կպարզի, թե հենապատի վերականգնման համար որքան փող է պետք: Մինչ հանձնաժողովը կգա, պատն ավելի է թեքվում: Դա ակնհայտ երեւում է պատի վերեւի հատվածից` փողոցից:
Սուրենը իր պրոբլեմ-դժբախտությամբ՝ միակը չէ: Արդեն 5 տարի քանդված է Սայաթ-Նովայի թիվ 22 առանձնատանը կից հենապատը: Այդ տան բնակիչ Սաշիկ Խաչիկյանն ասաց, որ քաղաքապետարան չի դիմել, քանզի չի հավատացել, որ օգնություն կլինի: Բայց եթե Սաշիկի դեպքում փողոցի քանդված հենապատը տան համար մեծ սպառնալիք չէ, Սուրենի ընտանիքն ապրում է դամոկլյան սուրը գլխին: