«Առավոտում» (16.03.2011) հրապարակվեց իմ «Անհրաժեշտ է օրինականացնել էֆթանազիան Հայաստանում» հոդվածի առաջին արձագանքը, որը լիովին բացասական է: Ի տարբերություն իմ ընդդիմախոսի, որը խնամքով խուսափել է իր հոդվածում իմ անունը հիշատակելուց, ես չեմ խուսափի նրա անունը տալ՝ Ժորա սարկավագ Սարգսյան:
Ընդդիմախոսիս հոդվածը վերնագրված է «Հարկավոր է ամբողջ ուժով ձգտել ապրել»: Երկու ձեռքով ստորագրում եմ այդ բառերի տակ: Բայց այն, թե կոնկրետ մարդը, կոնկրետ անհատը իր մեջ որքան ուժ կգտնի ապրելու համար, մեծապես կախված է նրանից, թե ինչ հասարակությունում է այդ մարդը ապրում: Ինչ մարդկային համայնքում:
Մենք վերջերս մի հավելյալ անգամ ականատես եղանք, թե որքան կարեւոր է մարդու կյանքի համար, որ նրա համայնքը լավը լինի: Ականատես եղանք, թե ինչպես մի լավ կազմակերպված համայնք՝ Ճապոնիան, կարողացավ նվազագույն կորուստներով դիմակայել իրեն բաժին հասած տիեզերական աղետին: Որ գլխավոր պատճառը հենց համայնքն է, ոչ թե ճապոնացիների ազգային հատկանիշները, ցույց է տալիս երկու հարեւան արաբական երկրների` Եգիպտոսի ու Լիբիայի օրինակը: Առաջինը կարողացավ խուսափել վերահաս քաղաքացիական պատերազմից, երկրորդում (որը զգալիորեն ավելի փոքր է) պատերազմը սկսվեց, որին հետեւեց օտարների միջամտությունը:
Որպեսզի մարդն որքան հնարավոր է ձգտի ապրել, մի շարք պայմաններ են պետք, այդ թվում` իմ ընդդիմախոսի հոդվածի՝ վերը հիշատակված վերնագիր-կոչը: Ավաղ, դա էլ բավական չէ: Զուր չէ, որ մենք բոլորս, մեր համեստ ուժերի չափ ձգտում ենք լավացնել այդ համայնքները: Մի՞թե Ժորա սարկավագը (եւ կրոնի սպասավորներն ընդհանրապես) նույն նպատակը չունի, եւ կրոնն այդ նպատակը չի հետապնդել դարեր շարունակ: Ահա այդ նպատակին ծառայելու ուղիներից մեկը ես տեսնում եմ էֆթանազիայի օրինականացման մեջ: Պարզապես կա կարծիք, որ որոշ կյանքերի անիմաստ երկարացումը չի նպաստում համայնքի բարելավմանը: Չեմ կարող չնկատել, որ այդպես են ասել նաեւ շատ բռնակալներ իրենց հանցանքները արդարացնելիս: Հնարավոր է, որ իրավացի չեմ: Բայց որ մարդկության զարգացումը այդ մտքին է բերել նաեւ մի քանի (ի դեպ, քրիստոնյա) զարգացած երկրների… Փաստարկներս չեմ կրկնի, դրանք նախորդ իմ հոդվածում են («Առավոտ», մարտի 16):
Ցավով եմ նկատում, որ Ժորա սարկավագի առարկող հոդվածում իմ տեսակետը աղավաղված է: Ինձ հետ բանավիճելու միտված նրա հոդվածն ունի ենթավերնագիր`«Ոչ մեկը, լինի բժիշկ, թե հարազատ, ավելի գթասիրտ չէ, քան Աստված»: Սրանից կարելի է ենթադրել, որ ես կոչ եմ անում, որ բժիշկները կամ հարազատները իրենց վրա վերցնեն էֆթանազիայի, այսինքն՝ մարդուն կյանքից զրկելու պատասխանատվությունը: Մինչդեռ, իմ հոդվածի գլխավոր գաղափարն է` էֆթանազիայի ԻՐԱՎՈՒՆՔԸ, այսինքն՝ այն դեպքերը, երբ մարդն ինքը, լինելով բավական դատողունակ, իրավունք կունենա որոշում կայացնելու իր մասին: Այսինքն՝ ես խոսում եմ մարդու ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ թիվն ավելացնելու մասին (ընդսմին, չեմ մերժում նաեւ անիմաստ կյանքի երկարաձգումը. Հայաստանի պես աղքատ երկրում ո՞վ կարող է իրեն թույլ տալ մարդուն կոմայի մեջ պահել 5 տարի, ինչպես դա արվում է Իսրայելի նախկին վարչապետ՝ 83-ամյա Արիել Շարոնի համար):
Այդ էլ ասեմ, որ իմ հոդվածում հիշատակված երկրներում, ուր էֆթանազիան օրենքով թույլատրված է, ամենեւին էլ դյուրին չէ դրա իրականացումը: Օրինակ, Հոլանդիայում օրենքը պահանջում է վեց պայմանի միաժամանակյա առկայություն, ու ես, կոչ անելով հետեւել նրանց օրինակին, հավատացած եմ, որ եթե մի օր Հայաստանն էլ հայտնվի այդ շարքում, ապա այստեղ դա ավելի դյուրին չի լինի: Այդ է պատճառը, որ ես ակնկալում էի տեսնել եւ լսել իրավաբանների ու քաղաքական գործիչների, նաեւ բժիշկների կարծիքները այս հարցի շուրջ: Թող հարգարժան Ժորա սարկավագը չնեղանա, կրոնի սպասավորների բացասական կարծիքը ես առանց այն էլ գիտեի:
Եվ այսպես, իմ առաջարկն է` մի նոր ԻՐԱՎՈՒՆՔ տրամադրել Հայաստանի քաղաքացիներին: Իրավունք` զոհել իրենց կյանքը հանուն հայրենի համայնքի:
Ափսոսելի օրինաչափություն է, որ մեր իշխանությունները չեն սիրում իրենց քաղաքացիներին նոր իրավունքներ տալ: Ինչպես չհիշեմ այն դեպքը, երբ Ազգային ժողովը երկար քննարկումներից հետո հրաժարվեց ԻՐԱՎՈՒՆՔ տալ տեղական ինքնակառավարման մարմիններին` սահմանել … մի շարք տեղական հարկեր (վեց հարկատեսակից մնաց երկուսը, դրանք էլ դեռ հեռու են իրականություն դառնալուց): Էլ ուր մնաց` անհատ քաղաքացիներին նոր ԻՐԱՎՈՒՆՔՈՎ օժտելը: