Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կինն այսօր պահանջատեր է

Ապրիլ 08,2011 00:00

«Հայ կնոջ դերը սփյուռքում». այս խորագրով երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվել էր «կլոր սեղան», որի ընթացքում քննարկվեցին «Հայրենադարձությունը եւ հայ կինը», «Կինը ավանդական եւ արդի հասարակության մեջ Հայաստանում եւ սփյուռքում» թեմաները: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով, մեր օրերում, երբ վտանգված է հայ գենը, լեզուն, ընտանիքն ու հավատքը, ամենուրեք ուծացում է, ավելի է կարեւորվում հայ կնոջ դերը. «Հայ կինը հայ մշակույթի պահապանն է, Հայ դատի մարտնչողը: Սփյուռքի հիմնական խնդիրը երիտասարդությանը հայ պահելն է»,- նկատեց Հրանուշ Հակոբյանը: Սփյուռքի նախարարը գտնում է, որ այսօր սփյուռքում գործող կանանց բոլոր կազմակերպությունները համակարգելու խնդիր կա, իսկ սփյուռքի այն կառույցներում, որտեղ չկան կանանց հզոր կազմակերպություններ, պետք է ստեղծել նման օղակ:

Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմենուհի Ստեփանյանը նշեց, որ հայ կինը սփյուռքում, բացի իր ավանդական դերը ստանձնելուց, նաեւ ընտանիքի կրթողն է եղել եւ հայ կնոջ աշխատելը դրսում նախապատվելի չի եղել: ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից Սվետլանա Պողոսյանը եւս շեշտեց, որ չնայած հայ կնոջ համար առաջնահերթ է համարվել ընտանիքը, բայց չեն անտեսվել նաեւ այն կանայք, որոնք որոշակի ուշադրություն են դարձրել նաեւ մասնագիտական, աշխատանքային առաջընթացին՝ կարիերային:

Պատմաբան Գեւորգ Յազըճեանն էլ նշեց, որ այսօր սփյուռքում նկատվում է խառնամուսնությունների աճ, հայ կանանց պահանջներն ավելացել են, հայուհիները ցանկանում եմ, որ իրենց ընտրյալները շքեղ մեքենաներ, բանկային հաշիվներ ունենան, ինչը միշտ չէ, որ հաջողվում է: Արդյունքում շատ հայկական գաղթօջախներում եւ մասնավորապես Ստամբուլում հայ աղջիկները նախընտրում են ամուսնանալ օտարների, այդ թվում՝ թուրքերի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել