Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավագ դպրոցները սխալ են

Ապրիլ 08,2011 00:00

Այսպիսի որոշում է կայացրել «Մարդու իրավունքների խաղարկային դատարանը»

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Մխիթար Գոշ» համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Անտաշյանը դիմել է Մարդու իրավունքների դատարան՝ ընդդեմ ավագ դպրոցների: Ըստ հայցվորի, ՀՀ-ում գործող 1400 դպրոցներից 150-ն է ավագ դպրոցի կարգավիճակ ստացել, որտեղ հաճախում են աշակերտների 10,7 տոկոսը: Դրանից հատկապես տուժում են գյուղաբնակ երեխաները, որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո ուսումը գյուղում շարունակելու հնարավորություն չունեն: Լուսինեն ընդհանրապես դեմ է ավագ դպրոցների ներդրմանը, քանի որ բոլոր երեխաները չեն կարողանում ավագ դպրոցներ հաճախել, այդպիսով խտրականություն է առաջանում երեխաների միջեւ, սոցիալական շերտավորվածությունն էլ ավելի ցցուն եւ ընդգծված է դառնում:

Սա ընդամենը «Մարդու իրավունքների խաղարկային դատարան» ծրագրի սցենար է: Ծրագիրն էլ ԱՄՆ-ի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (NED) աջակցությամբ արդեն երկու տարի է՝ գործում է Հայաստանում: Այս տարի, սակայն, առաջին անգամ է փորձ արվում վերանալ կարծրատիպերից եւ սեւեռվել մարզերի բնակիչների խնդիրների վրա: «Մարդու իրավունքների խաղարկային դատարանի» առաջին հանգրվանը Վանաձորն էր:

Խաղարկային դատարանում, ի տարբերություն սովորական դատարանների, հայցվորից, պատասխանողից ու դատավորից բացի, կա նաեւ հանձնաժողով: Կա բաց դատարանում հավաքվող հանրություն, որը հանձնաժողովի անդամների նման հարցեր տալու եւ մեկնաբանության իրավունք ունի: «Վճիռն» էլ կայացվում է պարզ քվեարկությամբ ու որոշվում, թե ով էր ավելի համոզիչ իր փաստարկներում:

Խաղարկային դատարանի նպատակը բնակչության իրազեկման միջոցով հասարակական կարծիքի ստեղծմանն աջակցելն է. «Հայաստանում հասարակական կարծիքի ինստիտուտը չի աշխատելու այնքան ժամանակ՝ մինչեւ քաղաքացիական վերահսկողություն չլինի: Հասարակությունը խոցելի էլ կմնա կամ այդ մեխանիզմը չի աշխատի»,- ասում է Հայաստանում խաղարկային դատարան ծրագրի ղեկավար Գեորգի Վանյանը: Ըստ կազմակերպիչների, պետք է պահանջել իշխանություններից, որպեսզի օրենքներն այնքան հստակ լինեն, որ քաղաքացիները կարողանան պաշտպանել իրենց իրավունքները. «Մենք պետությանը հարկ ենք տալիս, ծառայում բանակում, կատարում ենք մեր քաղաքացիական պարտքը, պետությունն էլ իր պարտականությունն ունի եւ մինչեւ չպահանջենք՝ մեր իրավունքները չի պաշտպանի»,- վստահ է Գեորգի Վանյանը:

Խաղարկային դատարանի մարզային «շրջագայություններով» նաեւ իրազեկման հարց է լուծվում: Մարդիկ տեղեկանում են, թե սեփական իրավունքները պաշտպանելու ինչ մեխանիզմներ կան ու եթե տեղյակ լինեն՝ չեն սպասի, որ իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպությունները, ընդդիմությունն ու իշխանությունը պաշտպանեն իրենց իրավունքները: Քաղաքացին ինքը նախաձեռնող ու ակտիվ, իր իրավունքների պաշտպանության հարցում հետամուտ եւ նախանձախնդիր կլինի: «Սա մի հարթակ է, որտեղ օտարված քաղաքացին հնարավորություն կունենա իրեն հուզող խնդիրները արծարծել եւ ձեւավորել հասարակական կարծիք»,- կարծում են խաղարկային դատարանի կազմակերպիչները:

Վանաձորում խաղարկային դատարանը 22 դեմ, 8 կողմ քվեարկությամբ բավարարեց հայցվորի պահանջը ու որոշեց, որ ավագ դպրոցների ներդրումը սխալ էր: Միայն սուրճի սեղանի շուրջ ուսուցիչները խոստովանեցին, որ ավագ դպրոցների համակարգի ներդրմամբ աշակերտներից շատ տուժել են իրենք: Սա, սակայն, մնաց դատարանի պատերից դուրս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել