Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՉԵՆ ՏՎԵԼ

Ապրիլ 08,2011 00:00

Սյունիքում երեխաների հաշվառումը ձգձգվում է ոչ միայն տեխնիկական պատճառներով

Այս տարվա մարտի 16-ին «Համակարգիչ է պետք» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ նրան տեղեկացրել են, որ Կապանում երեխաների պետռեգիստրում գրանցման գործը դանդաղ է ընթանում, քանի որ այդ նպատակի համար առանձնացված է մեկ համակարգիչ եւ անձնագրային բաժնի մեկ աշխատակից: Նման խնդիր կա նաեւ Գեղարքունիքի Մարտունի քաղաքում: Ու պատասխանատուները Արմեն Գեւորգյանին ասել էին, որ այսպես շարունակվելու դեպքում չեն հասցնի մինչեւ կառավարության սահմանած վերջնաժամկետ` մայիսի 30-ը ավարտել աշխատանքը: Արմեն Գեւորգյանին առաջարկվել էր մեկ համակարգիչ եւ մեկ հաստիք ավելացնել, աշխատանքը արագացնելու համար: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, Կապանում դեռ շարունակում են մեկ համակարգչով աշխատել: Երեխաների հաշվառման գործընթացին մասնակից են նաեւ մարզպետարանի տարածքային, կրթության վարչությունները, նախադպրոցական եւ դպրոցական կրթական հաստատությունները, համայնքի ղեկավարները: Մարզի անձնագրային բաժիններում ավելորդ կուտակումներից խուսափելու համար մշակվել են գրաֆիկներ: «Նախապես մարզի բոլոր կրթական հաստատություններին ուղարկել ենք դիմումների ձեւերը, տեղերում պատրաստվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները, որպեսզի քաղաքացիները մի քանի անգամ անձնագրային բաժիններ չգնան-գան, իզուր ժամանակ չկորցնեն: Նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններն օժանդակում են գործընթացի արագացմանը: Բացի այդ, եթե ծնողն ունի ե՛ւ դպրոցահասակ, ե՛ւ մանկապարտեզահասակ երեխա, փաստաթղթերը միանգամից պատրաստվում են մեկ հաստատությունում՝ ծնողներին նույն հարցով տարբեր հաստատություններ չուղարկելու համար: Երեխաների գրանցման հետ կապված պետք է ծնողներն իրենք որոշեն, թե որ հասցեում են իրենց երեխային գրանցում, ընդ որում՝ 2 ծնողների ներկայությունը պարտադիր է: Այս առումով թերեւս բարդություններ կան եւ հետագայում կբախվենք արդեն այս խնդրին. կան դեպքեր, որ ծնողներից մեկը կամ միաժամանակ երկուսը բացակայում են երկրից: Մեր ուսումնասիրություններից եւ ահազանգերից ելնելով, ենթադրում ենք, որ վերջում բախվելու ենք հիմնախնդրին: Իսկ առայժմ, ընդհանուր առմամբ, գործընթացը նորմալ ընթանում է իր հունով», – «Առավոտի» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի տարածքային վարչության պետ Սեյրան Ավետիսյանը: Տաթեւի գյուղապետն արդեն դիմել է մարզպետարան եւ փորձել պարզել՝ ինչ անեն, ինչպես հաշվառեն-գրանցեն երեխային, եթե ծնողները գտնվում են արտերկրում, իսկ երեխան տատիկ-պապիկի մոտ է ապրում: Նման երեխաներ կան ոչ միայն Տաթեւում: Իսկ դժվարություններ կան նաեւ խնամակալության հանձնված երեխաների գրանցման կամ ամուսնալուծված ծնողներ ունեցող երեխաների գրանցման գործընթացում, երբ ծնողները համաձայնության չեն գալիս երեխայի գրանցման հասցեի հարցում: Իսկ գյուղաբնակների դժգոհությունն այն է, որ երեխաների հաշվառման համար պետք է հեռավոր գյուղերից երկար ճանապարհ կտրեն` քաղաքներ հասնելու եւ անձնագրային բաժիններ ներկայանալու համար:

Ըստ Սյունիքի մարզպետարանի տարածքային վարչության տրամադրած տեղեկատվության` մարզում երեխաների հաշվառման գործընթացը ներկա դրությամբ կատարված է ավելի քան 50 տոկոսով: Վերջնաժամկետը, ինչպես ասվեց, մայիսի 30-ն է:

Մարզում հաշվառման ենթակա է 24 500 երեխա, որի մոտ 15 տոկոսը նախադպրոցական հաստատություններ չհաճախող երեխաներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել