Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրեցի միտինգավորների թիվն ավելացել է

Ապրիլ 08,2011 00:00

Իսկ իշխանական ճնշումները ձեւափոխվել են

ՀԱԿ-ի կազմակերպած ամեն մի հանրահավաքից առաջ մարզերից դժգոհություններ են հնչում, որ տեղի իշխանավորները խոչընդոտում են բնակիչների մուտքը՝ մայրաքաղաք, փակում են ճանապարհները, պարալիզացնում ավտոկայարանների աշխատանքները: Վերջին շրջանում գյումրեցիների համար կարծես թե այս տեսակի ճնշումներ չկան, համենայնդեպս՝ հանրահավաքի օրերին ոստիկանները զօր ու գիշեր չեն հերթապահում Գյումրիի կամ Մարալիկի մուտքի մոտ ու կանգնեցնում մայրաքաղաք գնացող մեքենաները: Արդյո՞ք մարզի նոր իշխանությունն այնքան դեմոկրատ է, որ հարգում է ընդդիմադիրների՝ հանրահավաքներին մասնակցելու ցանկությունը, թե՞ այլեւս չեն վախենում իշխանափոխության ձգտող ՀԱԿ-ից, իսկ միգուցե կան որոշակի ճնշումներ, որոնք անտեսանելի՞ են լրագրողների համար: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Գյումրիի ՀՀՇ կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանի հետ: «Չէի ասի, թե մուտքը միանգամայն ազատ է, նաեւ չեմ էլ կարող ասել, թե առանձնապես ճնշումներ կան: Կան տեղական իշխանիկների եւ նրանց սպասարկողների մանր, ճղճիմ հորդորներ կամ խորհուրդներ: Տարբեր զարտուղի ճանապարհների ու էժանագին տրյուկների են դիմում: Նման կարգի ճղճիմ ինտրիգներ միշտ էլ լինում են ամեն մի միտինգի ժամանակ, բայց ճանաչելով մեզ, ճանաչելով էն կոնտինգենտին, որն առանց որեւէ բացառության միշտ մասնակցել է նման ակցիաների, նրանք հատկապես մեր կոնգրեսի անդամներն են եւ մեր համակիրները, բնականաբար հաշվի չեն առնում ոչ մի ինտրիգ, ոչ մի հորդոր: Վերջերս սկսել են նույնիսկ օգտագործել ապաքաղաքական մարդկանց, իբրեւ իրենց հորդորներն ավելի ազդեցիկ դարձնելու՝ ազգակցական, ընկերական կապերով: Բայց դա մեր տեսակի համար ասված չէ, ապարդյուն են եղել, ապարդյուն էլ լինելու են», – ասաց Մ. Գրիգորյանը: Ըստ նրա, Կոնգրեսի նկատմամբ վախ միշտ էլ եղել է, կա եւ վերջին շրջանում՝ բազմամարդ հանրահավաքներից հետո ավելի է շատացել: «Հենց միայն սոցիալական լարվածությունը եւ քաղաքացիների՝ մեր գրասենյակ այցելությունները այդ մասին են փաստում: Մարդիկ անելանելի վիճակում են ու այցելում են մեզ նույնիսկ գրասենյակի հետ կապ չունեցող հարցերով, ճարահատյալ, արտագաղթի, բնակարան վաճառելու, ապօրինի ձերբակալված հարազատների, ընտանիքի անդամների, դատավորների նկատմամբ ունեցած դժգոհությունների պատճառով, չկա էդպիսի շաբաթ, որ քաղաքացիները մեզ մոտ չգան: Գալիս են դարդը, հոգսը, խռոված հոգվիճակը մեզ ներկայացնելու, լիցքաթափվելու: Իսկ այսպիսի սոցիալական լարվածության ֆոնի վրա հանրահավաքների մասնակիցների քանակը ավելանում է: Մեզ գալիս-միանում են խանութների տերեր, որոնք ճարահատյալ փակել են իրենց սպասարկման օբյեկտը, ամեն մի նոր հանրահավաքի նոր մարդիկ են ավելանում»,- ասում է պարոն Գրիգորյանը: Իսկ ինչպիսի՞ն է իրենց նախկին ծանոթի կամ մտերիմի՝ Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանի վերաբերմունքը. կարծիքներ են հնչում, որ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Գիզիրյանի՝ մարզպետ դառնալուց հետո տեղի իրավապահները սկսել են իրենց ավելի «ազատ պահել»: «Մենք ընդունում ենք, եթե ասելիք կա կամ ինչ-որ խնդիր, թող առերես նստեն ու ասեն, առավել եւս, որ շեշտում եք, թե մենք ծանոթներ ենք եղել: Ես արդեն ասացի ճղճիմ հորդորների, ինտրիգների ու էժան հնարքների մասին, բայց, պատկերացրեք, չեմ էլ ուզում հետաքրքրվել՝ ով ում ինչ հորդորեց, թաղային տեսո՞ւչը, թե՞ թաղային հեղինակությունը: Ես չեմ ուզում իջնել, բան ունեն ասելու, առերես կասեն, տղամարդավարի էլ պատասխանը կլսեն»: Իսկ մեր այն հարցին, թե ո՞վ ակտիվացրեց բավականին պասիվ վիճակում գտնվող Գյումրիի ՀՀՇ կառույցը՝ գյումրեցու սոցիալական վատ վիճա՞կը, թե՞ ՀՀՇ-ի ներսում կատարված «իշխանափոխությունը», մեր զրուցակիցն ասաց. «Թույլ տվեք չհամաձայնվել ՀՀՇ-ի ակտիվության մասով, եթե քաղաքական գործընթացներից փորձեք հանել ՀՀՇ-ին ու ՀԱԿ-ին, Գյումրի քաղաքում կմնա քաղաքական ամայություն. կմնան կուսակցական գրասենյակների ցուցանակներ, ամեն ցուցանակի տակ 1 կամ 2 հոգի՝ անկապ, վախեցած ու հարմարվող անձնավորություններ»: Իսկ ՀՀՇ-ի կազմում չկա՞ն այնպիսի մարդիկ, որոնք եւ ընդդմադիր են, եւ իշխանամետ. Շիրակի մարզում զավեշտալի դեպքեր են արձանագրվում, կան մարդիկ, որոնք ե՛ւ դաշնակցական են, ե՛ւ ԲՀԿ-ական, ՕԵԿ-ական եւ միաժամանակ հանրապետական մեր հարցին Մ. Գրիգորյանն ասաց. «Այս պահին նման անձնավորություն չկա ՀՀՇ-ի կազմում, իսկ նախկինում եղածներն արդեն իսկ հեռացված են կուսակցությունից: Ամբողջ քաղաքը գիտի նրանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել