Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՀՄԱՅԻՆ ԵՐԻՆՋԸ ՀՈ ԳԱՐԻ՞ ՉԷ, ՈՐ ԱՂՔԱՏԻՆ ՏԱՆ

Ապրիլ 08,2011 00:00

Ի պատասխան գյուղացիների դժգոհություններին՝  մեկնաբանում է գյուղնախարարության պաշտոնյան

Այս տարի ՀՀ նախագահը գյուղատնտեսության ոլորտը հայտարարել է գերակա ճյուղ, եւ կարծես թե որոշ քայլեր են անում այն զարգացնելու համար: Է՛լ խորհրդարանական քննարկումներ, է՛լ օրենսդրական փոփոխությունների պատրաստակամություն եւ անգամ գյուղնախարարի տեղակալներին ու բաժնի պետերին աշխատանքից ազատում: Սակայն, ինչպես գյուղացիներն են ասում, փոխնախարար փոխելով ու լսումներով իրենց հոգսերը չեն թեթեւանում:

Օրերս «Առավոտին» էին դիմել մի քանի ֆերմերներ, որոնք իրենց դժգոհությունն արտահայտեցին կառավարության՝ տավարաբուծության զարգացման ծրագրի ոչ ճիշտ կազմակերպումից: Մեզ դիմած ֆերմերները չցանկացան, որպեսզի իրենց անունները հրապարակենք, քանի որ մտավախություն ունեն, թե նախարարության որոշ պաշտոնյաներ «կընկնեն իրենց հետեւից» եւ առանց այդ էլ իրենց բարդ կյանքն էլ ավելի կբարդացնեն:

Մեզ դիմած ֆերմերները զբաղվում են հիմնականում տավարաբուծությամբ եւ փորձում օգուտ ստանալ տավարաբուծության զարգացման ծրագրից: Նրանց ներկայացմամբ՝ երբ 2007 թվականին գործի դրվեց այդ ծրագիրը, մի փոքր ուրախացան: Սակայն կարճ ժամանակ անց ծրագիրը հիասթափեցրեց:

Գյուղնախարարությունը Գերմանիայից եւ Ավստրիայից 1000-ից ավելի տոհմային անասուն է ներմուծել Հայաստան: Եվ ըստ այդ ծրագրի, անասունները պետք է բաժանվեին տավարաբուծական 15 առաջատար ընկերություններին:

Տոհմային անասուններն իրենց անձնագրերն ունեն, որոնք պետք է փաստեն իրենց «ծնողների», այսպես ասած, «արիստոկրատ» ծագման մասին. թե որքան է նրանց կաթնատվությունն ու մսատվությունը, ինչպիսի «քաջ» առողջություն ունեն եւ այլն: Անասուններին ձեռք բերելուց կարճ ժամանակ անց ֆերմերները պարզել են, որ դրանց կաթնատվությունը շատ ցածր է, բացի այդ, որոշ ժամանակ հետո որոշ ֆերմերներ էլ պարզել են, որ անասունները հիվանդ են: Մեզ հետ զրույցում ֆերմերները վստահաբար հայտարարում են. «Անասունների անձնագրերը կեղծած են, թե չէ՝ անհնար է, որ նման լավ ցուցանիշներով անասունները ոչ լավ կաթ են տալիս, ոչ էլ նորմալ առողջություն ունեն: Տոհմային երինջներին, որպես կանոն, պետք է աճուրդով գնեն, իսկ եթե սենց հիվանդ անասուններ են բերում ու ծախում մեզ վրա, դա նշանակում է՝ գործարաններից մթերման համար հանձնած անասուններ են բերել, համ էլ իրենց վրա էժան է նստում: Մենք կոչ ենք անում՝ համապատասխան մարմինները հետաքննություն անցկացնեն ու պարզեն՝ ինչն ինչոց է»: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին խորհրդարանում գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ փաստեց, որ ներկրած անասունների 50%-ը սատկում, է եւ ավելացրել էր, որ պետք է տեղական ցեղերը բարելավելու ուղղությամբ աշխատել: Ընդ որում, ֆերմերներն այդ անասունները գնել են բավականին թանկ գնով՝ մոտ $3000, այն էլ՝ վարկով: «Սկզբում մտածում էինք՝ վարկով մեզ շատ հարմար է, քանի որ հաշվարկել էինք, որ եթե կաթնատվությունը լինի այնքան, որքան ներկայացված է փաստաթղթերում, ապա կկարողանանք վարկը փակել: Բայց երբ նախարարության հետ պայմանագիր էինք կապում, նրանք բանկից երաշխավորագիր են պահանջել: Բանկն էլ իր հերթին երաշխավորագիր տալու համար տոկոսներ է դրել մեզ վրա: Վերջում մնացինք այդ տոկոսների տակ: Բազմաթիվ գյուղացիներ այս ծրագրի ու տոկոսների պատճառով տուն-տեղը ծախել են ու չգիտեն, թե ինչ անեն»:

Ֆերմերներն անգամ հաշվարկել են, որ եթե 1,5 միլիարդ դրամը, որը կառավարությունը հատկացրել է այդ ծրագրին, տային կոնկրետ ֆերմերների, նրանք այդ գումարներն ավելի արդյունավետ կօգտագործեին. «Եթե այդ գումարով մենք ինքներս գնայինք Գերմանիա կամ Ավստրիա՝ ավելի լավ անասուններ կգնեինք եւ կկարողանայինք պետության գումարն էլ վերադարձնել, դեռ մի բան էլ լավ հարկեր վճարել: Բացի այդ, այդ գումարով կարելի էր մի քանի նորմալ ֆերմա բացել: Ստացվում է, ծրագիր են գրում թղթի վրա, փող են ստանում ու իրենց գրպանները լցնում: Այդ ծրագրի շրջանակներում ֆերմերին անասուն վաճառելիս՝ յուրաքանչյուր կենդանու համար նախարարության որոշ պաշտոնյաներ մաղարիչ էին ուզում: Ոչ մի վերահսկող մարմին չի ներկայացել, մի հատ մեզ հարցնի՝ էդ ծրագրով որ տոհմային երինջներ եք գնել, ի՞նչ վիճակում են, գո՞հ եք: Դե, պարզ ա, նախարարությունը կառավարություն հաշվետվություն ա ներկայացնում ու երինջների անկման ցուցանիշը ցածր ներկայացնում»:

Ըստ ֆերմերների՝ եթե ներկրված տոհմային անասուններն անորակ են, իրենց շատ ավելի ձեռնտու է տեղական անասուններին արհեստական բեղմնավորել կրկին դրսի տոհմային անասունների սերմնահեղուկով. «Սա շատ էժան կարժենա: Կան ամերիկյան եւ եվրոպական ընկերություններ, որոնք տարբեր անասունների սերմնահեղուկներ են ներմուծում, դրանք դրսի ֆիրմաներ են, արդեն փորձված են, որ այդ սերմնահեղուկներն իսկապես բարձրակարգ անասունների են: Այս տարբերակով մեր տեղական անասունների ցեղատեսակն էլ աստիճանաբար կլավանա»:

Մեզ հետ զրույցում գյուղացիները պատմեցին, որ երբ ներկայանում էին նախարարություն եւ դիմում համապատասխան բաժին՝ ներմուծված անասուն ձեռք բերելու համար, իրենց հորդորում էին ՀՀ վարչապետի կամ նախագահի անունով դիմում գրել: Սա արվում է նրա համար, որպեսզի կառավարությանը գյուղնախարարությունը համոզի, թե իբր այդ ծրագիրը լավ է աշխատում, եւ ներմուծվող անասունների պահանջարկ կա, ուստի ծրագիրը պետք է շարունակել եւ, հետեւաբար, եւս մի քանի միլիարդ դրամ հատկացնել:

Շատ գյուղացիներ նաեւ դժգոհում են, որ ծրագիրը նախատեսված է առաջատար տնտեսությունների համար. «Նշանակում է՝ էլի հարուստներին, քիչ թե շատ լավ ապրողներին են օգնում: Մենք էլ կոտորվենք, էլի»:

Այս առնչությամբ գյուղնախարարության անասնապահության եւ տոհմային վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն «Առավոտին» ասաց. «Ծրագիրը սոցիալական չէ, այն ուղղորդված է խոշոր առաջավոր տնտեսությունների համար: Սա ցորեն չէ, գարի չէ, բերեն աղքատներին տան: Բացի այդ էլ, ծրագիրը ոչ աղքատների համար էր, մինչեւ 2010 թվականը ով դիմել է՝ բոլորն էլ ստացել են: 2010-ի աշնանը, երբ կաթի գինը բարձրացավ, բոլորն ուզեցին անասուն պահել: Արդեն 50 հոգի նամակ է գրել, որ ուզում է ներկրված տոհմային անասուն ձեռք բերել»: Ինչ վերաբերում է անասունների իրական հնարավորություններին եւ անձնագրերում ներկայացված սխալ տվյալներին, պարոն Հովհաննիսյանը վստահեցրեց. «Բացառվում է նման բան: Ընդամենը մի ֆերմեր է դժգոհել, որ իր մոտ մի հատ անկում է եղել եւ կաթ չի ստացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել