Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կողմ արտահայտվենք այս իշխանությանը

Ապրիլ 08,2011 00:00

Կոչ են անում այս իշխանության  ներկայացուցիչները

Երեկ լրագրողների հետ հանդիպեցին կոալիցիոն երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ Հանրապետական Արտակ Զաքարյանը (ՀԱԿ ներկայացուցիչ Լ. Սարգսյանի հետ բանավիճելիս) եւ «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Վարդան Բոստանջյանը, ովքեր գրեթե նույնաբովանդակ պատասխան տվեցին լրագրողների հարցին՝ կգնա՞ խորհրդարանական ընտրությունների կոալիցիան մեկ միասնական ցուցակով, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չէր բացառել միասնական ցուցակով գնալու հավանականությունը: ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը եւս, պատասխանելով խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն միասնական ցուցակով հանդես գալու հավանականության մասին հարցին, նշեց. «Այս պահին միասնական ցուցակը բացարձակապես տրամաբանական չի հնչում, չի լինելու նման բան, համոզված եմ»։ ԲՀԿ-ական պատգամավորը, սակայն, չի բացառել, որ ձեւաչափերի փոփոխության դեպքում հնարավոր է կոալիցիայի՝ դաշինքով հանդես գալը։ Լրագրողի հարցին՝ այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ կոալիցիոն հուշագրի վերաստորագրումը, պարոն Բոստանջյանն ասաց. «Կոալիցիոն նոր հուշագրի իմաստն այն էր, որ բոլոր պարագաներում ցանկացած քաղաքացի վստահ լինի, որ իր երկիրն ունի ամուր հիմք: Մենք պետք է նաեւ, ի դեմս այս նոր հուշագրի, կողմ արտահայտվենք այս իշխանությանը, դա մերն է, եւ բոլոր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ երեւույթները կանցնեն»:

Ըստ պարոն Բոստանջյանի՝ ամեն մարդ սեփական կարծիքի իրավունք ունի (նկատի ունի ՕԵԿ նախագահին- Մ. Ե.), սակայն միասնական ցուցակով գնալու հարց «Բարգավաճ Հայաստանում» չի քննարկվել:

Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանին ավելի հաճախ ուղղվող հարցը վարչապետի պաշտոնանկության հավանականությանն էր վերաբերում: Պատգամավորի ներկայացմամբ, Հանրապետականի ներսում վարչապետի հրաժարականի հարց չի քննարկվում, եւ վարչապետի հրաժարականի մասին լուրերը մամուլն է տարածում: «Մեզ մոտ տարբեր ժամանակներում էլ տարբեր պաշտոնյաների հրաժարականների մասին պարբերաբար լուրեր են շրջանառվել, կարծում եմ, որ սա հերթական նման լուրն է»,- ասաց ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը։ Կառավարության գործունեության շուրջ առաջացած աղմուկին ի պատասխան՝ Արտակ Զաքարյանն ասաց. «Եթե ասեմ, որ կառավարության ներկա գործունեությունը փայլուն գործունեություն է, եւ բոլորը ողջունում են, իհարկե, այդպես չէ։ Ես ինքս էլ գտնում եմ, որ կան խնդիրներ, որոնք պետք է ոչ թե երկու օր հետո, այլ այսօր լուծել, բայց դա դեռ չի նշանակում, որ այսօրվա մեր կառավարությունն իր առջեւ դրված եւ իր ստանձնած պարտավորությունները չի իրականացնում։ Այդպես չէ, ես կարծում եմ, որ իրականացնում է եւ արդյունավետ է իրականացնում»:

Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւս մտածում է, որ «մենք դեռ չենք կարողանում բարձր արդյունավետություն ապահովել»։ Եվ, ըստ պատգամավորի, երկրի նախագահը վերջին շրջանում իրականացնում է կոնկրետ քայլեր, որպեսզի «իրենց տեղերում լավ կադրեր աշխատեն»: Բոլոր հեռացված կադրերը, ըստ պատգամավորի՝ ունեն գործունեության ինկուբացիոն շրջան, որպեսզի բացահայտեն իրենց ներուժը. «Կարելի է ենթադրել, որ մինչ այս մենք գտնվել ենք ինկուբացիոն շրջանում, իսկ հիմա պահն այնպիսին է, որ այլեւս հնարավոր չէր սպասել»: Վարդան Բոստանջյանը նորմալ համարեց ներկայիս իշխանության երեք տարվա «ինկուբացիոն շրջանը», որը ըստ տնտեսագետ-պատգամավորի՝ «մեզ նման փոքրիկ երկրի համար լավ էլ նորմալ ժամկետ էր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել