Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՄ ՑԱՆԿԱՆԱ՝ ՆՐԱՆ ԷԼ ՆՎԵՐ ԿՏԱ

Ապրիլ 08,2011 00:00

«Ձեր այդ քայլը հայ մեծահարուստներին լավ դաս կլինի, որպեսզի նրանք ձեռնպահ մնան անտեղի շռայլություններից եւ անհարկի նվիրատվություններից»,- նշել էր «Շիրակ» կենտրոնը «Տաշիր-2011» երաժշտական մրցանակաբաշխության կապակցությամբ իր տարածած հայտարարության մեջ: Այստեղ նույնպես հնչում էր նույն կոչը, որ վերջին օրերին տարածված է համացանցում եւ թերթերում, որ բնակարաններ ստացած արվեստագետները, որոնք չունեն դրանց կարիքը՝ ցուցաբերեն քաղաքացիական դիրքորոշում եւ հրաժարվեն այդ նվիրատվությունից՝ դրանք փոխանցելով անօթեւան ընտանիքներին:

Անդրադառնալով նման կոչերին եւ այս կապակցությամբ «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին ուղղված քննադատությանը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն «Առավոտին» ասաց. «Սամվել Կարապետյանը 10 տարի է՝ տասնյակ միլիոնավոր դոլարների չափով բարեգործություն է իրականացրել Հայաստանում եւ Արցախում: Որեւէ անգամ չտեսանք, որ այդ նույն լրատվամիջոցները կամ կայքերը շնորհակալություն հայտնեին հայրենասեր, բարերար այդ անձնավորությանը: Եվ չի կարելի այսօր այդպես սեւացնել ու վարկաբեկել նրան: Այն դեպքում, երբ նա իր անձնական ունեցվածքից է նվերներ տվել: Գուցե սխալ է արել, բայց ում ցանկանա՝ նրան էլ նվեր կտա: Իսկ ո՞վ է ասում, թե նա Շուշան Պետրոսյանին չպիտի նվեր տար. մի՞թե մենք ունենք իր ոճի մեջ նրանից լավ երգչուհի: Կամ Սիրուշոյից լավ երգչուհի կա՞ իր ոճի մեջ: Հաստա՛տ չկա:

Ամեն դեպքում՝ դա Սամվել Կարապետյանի անձնական գործն էր եւ իրավունքը՝ որոշել, թե ում է նվեր տալիս: Եվ չի կարելի քննադատել բարերարի արած բարեգործությունը: Այնպես են անում, որ մեր երկրից բոլորը երես թեքեն: Այս թշնամանքը պետք է հանել ժողովրդի միջից: Լավ բանը՝ բարեգործությունն էլ են վատ գնահատում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել