Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԵՐ ԻՍԿ ՍԱՀՄԱՆԱԾ ՆՇԱՁՈՂԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՈՒՔ ՈՎՔԵ՞Ր ԵՔ

Ապրիլ 08,2011 00:00

\"\"ՀԱԿ-ին հարցնում է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը

– ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ արդեն շուրջ մեկ ամիս տեւող բանավեճը հասավ նրան, որ 2008թ. մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր զրույցի մասին Ստեփան Սաֆարյանի պատմածից հետո ՀԱԿ-ի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարեց. «Իմ տպավորությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի ուրվականը պտտվում է «Ժառանգության» մեջ՝ Դաշնակցության դեմքով եւ մնացած սպեկտրով»: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գնահատականին:

– Ինձ թվում է, որ ՀԱԿ-ը հայտնագործել է մի քարոզչական խաղալիք, որով, երբ որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ ինչ-որ քայլեր է անում, որոնք չեն մտնում ՀԱԿ-ի խաղի կանոնների մեջ (Ազատության հրապարակում քաղաքական հացադուլ է հայտարարվում, կամ փաստեր են ներկայացվում, որոնցով կասկածի տակ է դրվում «Թող ոչ մի զոհ չպահանջվի՝ ինձնից բացի» չարենցյան տողերով Լեւոն Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը)՝ անմիջապես այդ խաղալիքը ցույց է տալիս Ռոբերտ Քոչարյանի ուրվականը: Ես չգիտեմ, թե ՀԱԿ-ն ինչքան է սարսափում այդ ուրվականից, բայց հիշողությունը կորցրածներին ուզում եմ հիշեցնել, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպես հայտնվեց այստեղ ու նախագահեց Հայաստանը:

1997-ին, երբ նախագահական ընտրությունների աննախադեպ կեղծումից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական ճգնաժամը չեզոքացնելու նպատակով ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց Հայաստան որպես վարչապետ, արդեն իսկ այն ժամանակ ակնհայտ էր, որ դա լուրջ դիվանագիտական սխալ էր, չէր բխում Արցախի շահերից, եւ այս զոհաբերությունն արվում էր միմիայն օրվա իշխանությունը փրկելու նպատակով:

Այնուհետեւ ՀՀՇ-ն հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած կառավարության գործունեության քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու մասին: Իսկ 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ, հիշեցնեմ, ՀՀՇ-ն պաշտպանեց Քոչարյանի թեկնածությունը, ՀՀՇ ղեկավար անդամներն անգամ ներգրավված էին նրա նախընտրական շտաբում՝ փողոց առ փողոց, տուն առ տուն ջանադիր քարոզում էին, աշխատում նրան ներկայացնել իբրեւ համազգային միասնական թեկնածու՝ անփոխարինելի այլընտրանք Կարեն Դեմիրճյանին ու Վազգեն Մանուկյանին:

Ու թեեւ այժմ նրանք հայտարարում են, թե այդ ընտրությունները կեղծվել են, բայց հիշենք նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությանը, շնորհավորեց նրան՝ դրանով իսկ օրինականացնելով այդ ընտրությունները:

Իսկ ՀՀՇ վարչության ներկա նախագահը եւ տարբեր տրամաչափերի այլ հհշականներ երկար ժամանակ բարձր պաշտոններ էին զբաղեցնում այն ժամանակվա կառավարությունում եւ այլ ոլորտներում:

Հիշեցնեմ նաեւ, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որ հանդես եկավ կոչով՝ համախմբվել գործող նախագահի շուրջ: Իսկ 2003թ. ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ հհշական մամուլը սարկազմիկ կեցվածք դրսեւորեց այդ պահին Քոչարյանին միակ իրական այլընտրանք հանդիսացող Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ, ինչը, կարծում եմ, նույնպես իր դերն ունեցավ ընտրությունների ընթացքի վրա:

Հիմա հարց եմ ուղղում Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ իր թիմակիցներին. բարոյակա՞ն է արդյոք հրաժարվել սեփական կենսագրությունից եւ իրենց արած գործերը բարդել ուրիշի վրա:

– Եթե իրոք ընդդիմադիր թեւերը ոչ միայն հռչակելով, այլ իրապես են ցանկանում հասնել արտահերթ ընտրությունների՝ որքանո՞վ է այս չդադարող գզվռտոցը նպաստում այդ նպատակի իրականացմանը: Չէ՞ որ այդ դեպքում պիտի փորձեին ձեռք բերել առավելագույնս շատ դաշնակիցներ: Բայց արդյոք սկսված պայքարն ուղղակի մրցակցին ամեն գնով ոչնչացնելու ջանքերի արտահայտությո՞ւն չէ:

– Ես կասկածում եմ, որ ընդդիմությունն այսօր ունի նույն պլատֆորմը, եւ իրոք ցանկանում են հասնել արտահերթ ընտրությունների: «Ժառանգության» անունից կարող եմ ասել, թե իրոք գտնում ենք, որ պետության մեջ իրավիճակ փոխելու համար անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ: Համաձայն չեմ նաեւ այն վերլուծաբանների հետ, որ «Ժառանգություն»-ՀԱԿ հակասության հիմնական պատճառն ընդդիմադիր ձայները միմյանցից «խլելն» է: Խնդիրը բոլորովին այլ է:

Մարտի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից գոնե ինձ համար պարզ դարձավ, որ կա միջնորդավորված երկխոսություն նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ: «Հիմա» կարգախոսն առաջին անգամ մերժելով՝ հայտարարվեց, թե երկխոսություն սկսելու համար առաջնային են 3 պայմաններ, որոնք ըստ էության կա՛մ իրականացվել են, կա՛մ գտնվում են իրականացման վերջնափուլում: Առաջին երկուսն արդեն իրականացվել են՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց, որ առանց ամպագոռգոռ խոսքերի էլ կարելի է մտնել Ազատության հրապարակ: 2-րդ պայմանի կապակցությամբ հիշեցնեմ, որ իշխանությունը երբե՛ք չի ասել, թե չի բացահայտելու մարտի 1-ը՝ եթե այսպիսի հավաստիացումներ են պետք ՀԱԿ-ի առաջնորդին: Երրորդ պայմանի մասով՝ ակնկալում եմ, որ մյուս քաղբանտարկյալներն էլ առաջիկայում դուրս կգան բանտից, եւ տա Աստված, որ դա հնարավորինս շուտ լինի:

Կարծում եմ, որ «Ժառանգության» նկատմամբ ՀԱԿ-ի ագրեսիվ եւ ժխտողական կեցվածքի պատճառն այն է, որ նրանց թվում է, թե «Ժառանգությունը» կարող է բացահայտել ու խոչընդոտել իշխանությունների հետ իրենց երկխոսությունը: Քավ լիցի՝ երկխոսեք ինչքա՜ն ուզում եք: Ի վերջո կան վերիշխանական, վերկուսակցական, ազգային անվտանգությանը վերաբերող հարցեր, որոնք չեն կարող լուծվել առանց այդ երկխոսության: Այս առումով չեմ ուզում գնահատական տալ: Այլ հարց է, որ ՀԱԿ-ը ժամանակին ընդդիմության համար նշաձող էր սահմանել, թե նրանք, ովքեր Աստծո ամեն օր չեն ասում, որ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա, եւ կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, կամ եթե չեն ասում, որ իշխանավորները տականքներ ու սրիկաներ են, մոնղոլ-թաթարներ, որոնցից օր առաջ պետք է ազատվել՝ նրանց պիտակավորում էին իբրեւ կեղծ ընդդիմություն: Հիմա ուզում եմ նրանց հարց տալ՝ ձե՛ր իսկ սահմանած նշաձողի չափանիշներով՝ դուք ովքե՞ր եք: Թող մի քիչ ավելի ազնիվ լինեն իրենց պահվածքի մեջ՝ թե՛ սեփական ընտրազանգվածի, թե՛ ընդհանրապես քաղաքական դաշտի եւ հատկապես` ընդդիմության հանդեպ: Ընդդիմադիր դաշտի համախմբմանը խոչընդոտող հիմնական պատճառն այս ընթացքում եղել են ՀԱԿ-ի որոշ ղեկավարներ՝ իրենց սահմանած այդ նշաձողով, որով որոշում էին, թե ով է ընդդիմություն, ով՝ ոչ:

– Կարծո՞ւմ եք արդյոք, որ այրված են «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի միջեւ համագործակցության բոլոր կամուրջները: Դրանք փրկելու առաջարկներ են արվում՝ ասենք, որ դադարեցվեն փոխադարձ հարձակումները:

– Ընդդիմության հետ կամուրջներ այրելու հարց չկա՝ սա արհեստական հարցադրում է: Ինձ զարմացնում են ՀԱԿ-ի ներկայացուցիչների երեսպաշտական կոչերը «Ժառանգությանը»՝ կամուրջները չայրելու մասին, այն դեպքում, երբ իրենց քարոզչամիջոցներով օրնիբուն զբաղված են հենց այդ կամուրջներն այրելով: Ընդդիմության միջեւ առկա հակասությունների հիմնական պատճառը ՀԱԿ-ի ներկայացուցիչների վերջին շրջանի կեցվածքն է՝ իրենց առաջնորդի գլխավորությամբ: Ոմանց խորհուրդ կտամ չոգեւորվել, թե ընդդիմադիր դաշտը սեփականաշնորհել են եւ այն կարող են ուղղորդել այնպես, ինչպես ուզում են: Այդ հանրահավաքների մասնակիցների զգալի մասը 1996-ի ընտրությունները կեղծելու պատճառով նույն կրքոտությամբ ու անկեղծությամբ պայքարում էր Տեր-Պետրոսյանի դեմ: Ինչպես այն ժամանակ՝ այսօր էլ նրանք անկեղծորեն ուզում են ազատվել օրվա իշխանություններից: Նրանց հետ պետք է անկեղծ լինել: Առաջիկայում, կարծում եմ, քաղաքական դաշտն ավելի կհստականա եւ ավելի տեսանելի կլինի՝ ով ով է: Իսկ որ ընդդիմության համախմբման համար պետք է իրական քայլեր անել եւ ոչ թե երեսպաշտական կոչեր՝ սա պետության ներկա վիճակի հրամայականն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել