Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՖԻՐՄԱ» ՇՈՐԵՐՆ ՈՒ «ԷԼԻՏԱՐ» ՍԵՐՄԵՐԸ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ

Ապրիլ 08,2011 00:00

\"\"Կոմկուսում ոգեւորված չեն գյուղատնտեսության ոլորտին հատկացված կառավարության ուշադրությունից

Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարի մոտ դրական տրամադրություններ չի առաջացնում գյուղին եւ գյուղատնտեսությանն ուղղված «կառավարական» հայացքը: Գյուղը փրկելու այս իշխանական մոլուցքի մեջ Ռուբեն Թովմասյանը շինծու, արհեստական, սեփական անձն ընդգծելու նման մի բան է տեսնում: Այս ամենն առաջին տպավորություն չէ, այլ հայրենի գյուղն ու գյուղատնտեսությունը փրկելուն ուղղված նախագահի հրամանին հետեւած հանպատրաստից, առանց հստակ ծրագրերի կառավարության տարբեր չինովնիկների կողմից արվող քայլեր են: «Նախագահը շատ գեղեցիկ շարադրեց իր կարծիքը գյուղի մասին, որից հետո քաղաքական կամ գյուղական գործիչներ համարվող մարդիկ գեղեցիկ հագնվում են եւ տեսախցիկի առջեւ իրենց բառերով կրկնում են նախագահի ասածները: Թեմա է, որի շուրջ խոսում են: Մինչդեռ, եթե ուզում են գյուղացու աշխատանքն արդյունավետ լինի, ոչ մի դեպքում չի կարելի գյուղատնտեսությունն առանձին դիտարկել՝ որպես երկրի տնտեսության ճյուղ, անկախ այն հանգամանքից, թե գյուղատնտեսությունը համախառն արտադրանքի որ տոկոսն է կազմում: Գյուղատնտեսությունը պետք է արդյունաբերությանը զուգահեռ դիտարկել, այլապես արդյունավետություն չի լինի»,- ասում է մեր զրուցակիցը՝ հիշելով խորհրդային տարիների գյուղատնտեսության փորձը, երբ Հայաստանում գյուղատնտեսության բնագավառում աշխատում էին շուրջ 13 հազար տրակտոր, շուրջ 12 հազար հատիկահավաք, վարող-հնձող եւ այլ տեսակի տրակտորներ, լիարժեք գործում էին մեքենատրակտորային կայանները. «Այս ամենի բացակայության եւ հողի նման խայտառակ սեփականաշնորհման պայմաններում երբեք արդյունքի հասնել չեն կարող: Եվ կարիք չկա այս թեմաները կրկին դասախոսության թեմա դարձնել. շատ ու շատ դասախոսություններ տարիներ շարունակ լսել ենք, բայց գործը տեղից չի շարժվում»: Մեր զրուցակիցը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ նման «պրոֆեսորական» մոտեցման արդյունքն էր, որ այսօր սահմանամերձ գյուղերը գրեթե դատարկ են, երիտասարդները զանգվածաբար լքում են գյուղերը, իսկ տարեցները դեռ սովետական տարիներին գնած հագուստ են կրում: Գյուղական քարուքանդ ճանապարհների ֆոնին էլ ավելի է աչք զարնում վահանակը, որի վրա անգլերենով գրված է գյուղի անունը:

ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը վրդովված է նաեւ անընդհատ գովազդվող կառավարության այն որոշումներից, որոնց համաձայն՝ իբր ցածր տոկոսադրույքներով վարկեր են տրամադրվում գյուղացիներին, մինչդեռ դրանց դիմաց պահանջում են տուն կամ ոսկի. «Սա առնվազն ձեռք առնել է: Խեղճ գյուղացին 20 տարի թալանվել է՝ հիմա որտեղի՞ց գրավ դնի: Գյուղեր կան, որ անասունը մորթում են, որ վարկերը վճարեն. էդ եղավ օգնությո՞ւն: Այսպես կուրորեն ղեկավարել գյուղատնտեսությունը կարող են միայն անտեղյակ մարդկանց խմբերը»: Այն, որ նախագահն ասաց, թե պետք է կանգնել գյուղացու կողքին, Կոմկուսում հասկացել են այսպես, որ գյուղապետները, մարզպետարանները պետք է կոնկրետ եւ լոկալ խնդիրներին վերաբերող առաջարկներ անեն, իսկ նախագահը պետք է յուրաքանչյուր մարզում ունենա գյուղատնտեսության հարցերով իր անձնական ներկայացուցիչները, որոնք ոչ թե տեսախցիկների առջեւ գյուղական ֆոնին ելույթներ կունենան, այլ գործով կզբաղվեն. «Թե չէ՝ գյուղացին վիզը ծռած աղի արտասուք է թափում, մենք ստեղ ժողովներ ենք անում ու «ֆիրմա» կոստյումով, փողկապով ու ակնոցներով հայտարարություններ ենք անում: Դրանով գյուղատնտեսություն կզարգանա՞, ինչքան էլ «էլիտար» սերմեր ու անասուններ բերեք: Պետք է հաշվի առնել Հայաստանի լեռնային լինելու հանգամանքը, էդ «էլիտարները» մեր լեռների համար չեն: Հողի կուլտիվացման, թունաքիմիկատների, պարարտանյութերի մասին խոսելով՝ դրանց գները չեն իջնում: Կտրուկ, իրական, պետական միջամտություն է պետք: Հողի ապահովագրման հարց պետք է լուծվի, որ գյուղացին կարկուտից, երաշտից, ցրտահարությունից պաշտպանված լինի»: Ի դեպ, Կոմկուսում հատկապես կարեւորում եւ համար առաջին խնդիր են համարում հացահատիկի եւ հացամթերքների արտադրությունը, մանավանդ, որ Հայաստանը փաստացի պատերազմական իրադրությունում է: Թովմասյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ խորհրդային տարիներին անջրդի համարվող Արթիկի շրջանի Փանիկ, Անիի շրջանի Ձիթանքով, Ախուրյանի շրջանի Հովունի եւ Արարատյան դաշտավայրի որոշ գյուղերի ցանքատարածությունների մեկ հեկտարից 60 ցենտներ ցորեն էին ստանում:

Ընկեր Թովմասյանը անձնական ամբիցիաներ եւ հավակնություններ չունի, բայց կարծում է, որ իր ասածներում ռացիոնալ հատիկ կա, եւ եթե դրանք պատկան մարմինները կնկատեն՝ ինքը պատրաստ է հիմքերն ամբողջությամբ ներկայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել