Կամ մեկնաբանություններ՝ ասուլիսներում
Երեկ հայ մտավորականներն ու արվեստի գործիչները տարբեր սրահներում քննարկեցին «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանի նվերների մասին: Օրինակ, դերասանուհի Lալա Մնացականյանը, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն ու գրող Հովհաննես Գրիգորյանը «Հայելի» ակումբում էին: Հ. Գրիգորյանի խոսքով, միշտ էլ փոփ-արտը, փոփ-շոուն եղել են առաջնային պլանում. «Պետք է համակերպվենք մրցանակաբաշխության ժամանակ կատարվածի հետ: Զանգվածների համար ստեղծված արվեստը միշտ էլ եղել է սիրելի, սիրելիներն էլ միշտ լավ են ապրում: Երբեւէ Թաթային չպետք է համեմատել որեւէ արվեստագետի հետ: Ի վերջո, նա եւ մյուսները ժողովրդին ուրախացնող մարդիկ են»: Գրողը նշեց, որ Ս. Կարապետյանը մեծ բարերար է եւ շատ բարեգործություններ է արել, միայն թե այդ մրցանակաբաշխության ժամանակ կոպիտ սխալ է թույլ տվել՝ այդքան բնակարաններ նվիրելով. «Բոլորս խռնշկոտել ենք բնակարան բառից: Ճիշտ է՝ լիքն են բնակարանի կարիք ունեցողները, բայց 11-12 բնակարանով ի՞նչ էինք փոխելու… Դրանք հո մեր հաշվի՞ն չեն, Սամվել Կարապետյանի հաշվին են: Իհարկե, հիանալի կլիներ, եթե բոլոր այդ միջոցները տրամադրվեին բարձր արվեստի ներկայացուցիչներին»:
Բեմադրիչ Ն. Ծատուրյանը պատմեց, որ հանդիպումից ազդված՝ գիշերը երազ է տեսել. «Տեսա աշխարհի մի գերղեկավար, նա ասաց՝ ռադներդ քաշեք, ամեն մեկդ գնացեք ձեր երկրում ապրեք, եւ Հայաստանը սկսեց ծաղկել… «Տաշիրի» շոուի ժամանակ ռուսահայերը էդ ո՜նց էին պարում, ո՜նց էին ոգեւորվել… Բոլորը դրսում այնպես են ռուսերեն «չռթում», վախենում են մի ակցենտ զգացվի… Հայաստանում արժեքներ պետք է լինե՞ն, թե՞ ոչ……Մենք խոսում ենք չափանիշների մասին, որոնք այսօր խախտված են»:
Դերասանուհի Լալա Մնացականյանի ձեւակերպմամբ, հասարակության շրջանում նվերների առաջացրած բողոքի ձայները խոսում են մեր հոգեպես աղքատ երկիր լինելու մասին. «Աղքատությունը հիվանդություն է, արատ: Այն, ինչ կատարվում էր՝ բարեգործությո՞ւն է եղել, հարուստ մարդկանց համար բարեգործություն է արվել: Մենք պետք է սովորենք բարեգործություն անել: Նախ ինքդ քո հոգեւոր դաշտում պետք է հարուստ լինես, որ կարողանաս բարեգործություն անել: Եթե ինձ նվիրեն մի բան, ինչից ես շատ ունեմ ու վերցնում եմ, նշանակում է՝ ունեմ աղքատի հոգեբանություն: Այն մարդուն չպետք է մեղադրես, ով ստանում է նվերը, այլ նրան, ով տալիս է: Հիմա մենք ինչո՞ւ ենք մարդկանց մեղադրում: Եթե ձեզ նվիրեին, դուք դրանից կհրաժարվեի՞ք: Պարզապես խնդիրն այն է, որ աղքատ երկրում նման շոուներ չեն կազմակերպում: «Տաշիրի» մրցանակները ավելի շատ ցուցամոլություն էին, քան բարեգործություն: Բարեգործությունը չեն ցուցադրում: Միայն թե խնդիրն այն է, որ մեր երգիչ- երգչուհիները ձգտում են հաճոյանալ պաշտոնյաներին: Խիստ կասկածում եմ, որ Անջելինա Ջոլիի մտքով կանցնի՝ հաճոյանալ, օրինակ, Բարաք Օբամային»:
Մեկ այլ ակումբում անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանն էր «արդարացնում» իր նվեր ստացած բնակարանը: Նա նկատեց, որ բոլոր բնակարանները չէ, որ նվիրել է Սամվել Կարապետյանը, օրինակ՝ իր մեկ այլ բնակարան վարպետը ստացել է «Ararat hotel»-ի սեփականատիրոջից: «Եկեք հասկանանք դա ինչ է: Սա օգնություն չէ արտիստներին: Հայաստանից միայն Ծառուկյանն է եղել, իր կողմից էլ է բնակարան նվիրել, եւ դա լրիվ այլ բան է… Մենք չպետք է վիրավորենք մեր տղաներին: Ես ինչո՞ւ պետք է հրաժարվեմ իմ մրցանակից ու այդպիսով նեղացնեմ……Հակառակը՝ պետք է ոգեւորենք ու «դուխ» տանք նրանց, որպեսզի վաղը-մյուս օրը խեղճուկրակ մարդկանց, ինչ-որ բժիշկների, ակադեմիկոսների կամ դպրոցներին տալու հարցեր առաջ քաշվեն: Թե չէ սենց միանգամից «պանիկա» անել, այդ մարդիկ կվիրավորվեն»,- ասաց նա: