Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐ

Ապրիլ 07,2011 00:00

Աստղագետի դիտարկումները

Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի հետ վերջերս զրուցեցինք տիեզերական աղետների եւ աշխարհի կործանման հնարավոր սցենարների մասին:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Երկրագնդի կամ, ավելի ճիշտ` մարդկության կործանման տարբերակներ է ուսումնասիրում ֆատալիզմ (ճակատագրագիտություն) կոչվող տեսությունը, որը ֆուտուրիզմի (ապագայագիտության) մի բաժինն է: «Մարդկության ապագան պայմանավորված է տեխնիկական զարգացմամբ եւ տիեզերական հետազոտություններով, հատկապես, եթե դիտարկում ենք մի փոքր ավելի հեռավոր ապագան, երբ, ասենք, խոսք լինի Երկրի բնակչության գերհագեցման, բնական ռեսուրսների սպառման եւ արդյունքում` տիեզերական նոր պաշարների հայթայթման կամ նույնիսկ մեկ այլ մոլորակ տեղափոխվելու մասին: Ֆատալիզմը ենթադրում է աշխարհի կործանում հիմնականում երկու տիպի սցենարներով` տիեզերական եւ տեխնոլոգիական աղետների տեսքով: Վերջինների թվին են դասվում, օրինակ, միջուկային պատերազմի հետեւանքով մարդկության ինքնաոչնչացումը եւ մարդկության վրա ռոբոտային (կամ այլմոլորակային) քաղաքակրթության գերիշխանությունը, այսինքն` մարդկության ստրկացումը կամ նույնիսկ բնաջնջումը: Այսինքն, դեռ հարց է` արդյո՞ք լավ կլինի, եթե մարդկությունը կարողանա արհեստական ինտելեկտ ստեղծել»,- ասում է Ա. Միքայելյանը:
Ըստ աստղագետի, հոռետեսական տարբերակներից մեկն է Երկրագնդի բախումը տիեզերական մեկ այլ մարմնի հետ. «Երկրագնդի վրա պարբերաբար ընկնում են երկնաքարեր, ավելի հաճախ` մանր չափերի: Ասուպները, օրինակ, Երկրի մթնոլորտում այդ քարերի այրման հետքերն են, որոնք վայր ընկնող աստղեր են հիշեցնում: Այստեղից պարզ է դառնում, թե որքան կարեւոր պաշտպանական դեր է կատարում մթնոլորտը, ինչի բացակայությունը՝ օրինակ՝ Լուսնի վրա բերել է նրա մակերեւույթի լիակատար ծեծկրտմանը: Երբ Երկրին բախվող երկնաքարը բավականաչափ մեծ է, այն կարող է կործանիչ հետեւանքներ թողնել: Սակայն հաշվի առնելով, որ խոշոր երկնաքարերը եւ գիսավորները շատ ավելի քիչ են, իսկ Երկրի մակերեւույթի փոքր մասն է ցամաք, եւս քիչ տարածք են զբաղեցնում բնակավայրերը, որպես կանոն, երկնաքարերի անկումը նույնպես կործանարար չի լինում: Երկրի պատմության 4 միլիարդ եւ նրա վրա կյանքի գոյության միլիոնավոր տարիների ընթացքում իհարկե եղել են բազմաթիվ նմանօրինակ աղետներ, որոնց հետքերը այսօր էլ երեւում են երկնաքարային խառնարանների տեսքով: Այսօր Երկրի վրա հաշվում են 160 խառնարան, հայտնի օրինակներից է Արեսիբոյի 300մ տրամագծով խառնարանը՝ Պուերտո-Ռիկոյում, որի գոգավորությունն օգտագործվել է աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակի կառուցման նպատակով (կատակով ասած, փաստորեն՝ տիեզերական աղետն օգնել է տիեզերական հետազոտություններին): Իսկ ամենամեծ մարմինների բախումը Երկրի հետ կարող է բերել նրա զգալի ցնցման, պտտման առանցքի եւ ուղեծրի փոփոխության, ինչն արդեն կործանարար կլինի ողջ կենսոլորտի համար (տեսություններից մեկի համաձայն, դինոզավրերը վերացել են խոշոր երկնաքարի բախման հետեւանքով): Այսինքն, նման վտանգ կա, բայց հավանականությունը փոքր է, քանի որ, պատկերավոր ասած` Տիեզերքը դատարկություն է. նրա խտությունը բազմաթիվ անգամ ավելի փոքր է երկրային լաբորատորիաներում ստացվող ամենաբարձր կարգի վակուումից»,- փաստում է Միքայելյանը: Նրա խոսքով, քանի որ տիեզերական մարմինները մեծ մասամբ շարժվում են կանոնավոր ուղեծրերով, այդ դեպքում բախումներն էլ ավելի հազվադեպ են եւ հնարավոր են միայն ուղեծրերի խոտորումների եւ փոփոխության դեպքում: Վերջին ժամանակների ամենախոշոր բախումը, աստղագետի փաստմամբ, տեղի է ունեցել 1993թ., երբ Շոմեյկեր-Լեւիի գիսավորը բախվեց Յուպիտերի հետ: «Ընդ որում, գիսավորը, մինչեւ իր անկումը, մոլորակի հզոր գրավիտացիոն դաշտում փշրվեց մի քանի մասերի, եւ մենք դիտեցինք նրանց անկումը, որոնք միմյանց հերթագայելով՝ լավ տեսանելի հսկա պայթյուններ առաջացրին Յուպիտերի մակերեւույթին: Ի դեպ, 1960-ականների կեսերին Երկրի եւ Լուսնի միջեւ անցել է բավական խոշոր երկնային մարմին, որի մասին վաղօրոք չեն իմացել: Սակայն ներկայումս դիտողական տեխնիկան զգալիորեն ավելի զարգացած է, եւ բոլոր շարժվող մարմինները հսկվում են հարյուրավոր միլիոն կիլոմետրերից սկսած»,- նշում է աստղագետը:
Նա տիեզերական հնարավոր աղետների թվին է դասում Երկրի ջերմաստիճանի կամ այլ կենսական պայմանների կտրուկ փոփոխությունը. եթե ջերմաստիճանի, ճնշման, օդի խոնավության, ճառագայթման մակարդակի, օզոնի շերտի կամ մթնոլորտում թունավոր գազերի պարունակության էական տատանում տեղի ունենա, ապա մարդկությունը եւ ողջ կենսոլորտն իսպառ կվերանան: «Այստեղ ավելի էական է դառնում տիեզերական (թեկուզ եւ թեթեւ) բախումների դերը, քանի որ դրանց մեխանիկական հետեւանքից բացի, կա նաեւ երկրային պայմանների փոփոխության վտանգը: Օրինակ, մենք միշտ խոսում ենք ավելի խոշոր պատճառների մասին, բայց ցանկացած գիսավորի բախումը Երկրի հետ կարող է բերել մթնոլորտի բաղադրության վտանգավոր փոփոխության: Չմոռանանք, որ ընկած երկնաքարերի վայրերում նկատվում են արտասովոր երեւույթներ` քիմիական բաղադրության փոփոխություն, ֆլորայի եւ ֆաունայի անոմալիաներ, օրինակ` կենդանական աշխարհի ներկայացուցիչների մուտացիաներ»,- ասում է Արեգ Միքայելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել