Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ. «ՆԱԽ՝ ԸՄԲԻՇ, ՀԵՏՈ ՄԻԱՅՆ ԶԱՎԱԿ»

Ապրիլ 07,2011 00:00

\"\"Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Դորտմունդում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունից վերադարձել է տուն: Երեկ «Առավոտը» զրուցեց գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հետ:
– Մեկական ոսկի ու արծաթ, երկու բրոնզ եւ թիմային երրորդ տեղ. մասնակցությունից եւ արդյունքից գո՞հ եք:
– Մասնակցությունից ընդհանուր առմամբ գոհ եմ: Բոլորն էլ լավ հանդես եկան: Միայն թե Սասուն Ղամբարյանից ավելին էի սպասում: Նրա մեջ առաջին անգամ հոգեբանական  արգելք նկատեցի, որը նա չկարողացավ հաղթահարել: Վահան Ջուհարյանն էլ այդ առումով աշխատելու տեղ ունի: Մյուսների ե՛ւ գոտեմարտերից, ե՛ւ արդյունքներից բավարարված եմ:
– Նաեւ Արսեն Ջուլֆալակյանից ու Յուրի Պատրիկեեւի՞ց:
– Պատկերացրեք՝ այո: Գիտեմ, որ բոլորն էլ նրանցից մեդալ, այն էլ՝ ոսկե մեդալ էին սպասում: Բայց թող զարմանալի չթվա, Արսենից գոհ եմ ավելի, քան երբեւէ: Բացատրեմ, թե ինչի համար: Նա Եվրոպայից 25-30 օր առաջ ծնկի լուրջ վնասվածք էր ստացել, որի պատճառով մոտ տասն օր, ինչպես ասում են, հետ էինք բերում, ինչը հիմնականում կարողացել էինք: Ավելին ասեմ. ես անգամ պատրաստ էի նրան փոխարինել Վարշամ Բորանյանով, որը նույնպես լավ ըմբիշ է, բայց, անկեղծ ասեմ, Եվրոպայի այս առաջնությունում Արսենին լիարժեք փոխարինել չէր կարող: Արսենն էլ, որ այդ քաշային կարգում հավաքականի առաջին համարն է, համոզեց իր պատճառաբանությամբ: Ափսոս, որ չհասցրեց համեմատաբար լավագույն մարզավիճակի հասնել: Այդ վիճակում նա շահեց մեկնարկային գոտեմարտը, երկրորդում վնասեց ուսը: Էլ չեմ խոսում ծնոտին ստացած բացվածքի մասին, որին կարելի էր արդեն երկրորդական նշանակություն տալ: Երրորդ տեղի համար պայքարում, որը դիտել են հեռուստադիտողները, նա շատ մոտ էր բրոնզին, սակայն չբավականացրեց մեկ վայրկյանը, խանգարեցին մի քանի սանտիմետրը եւ ընդամենը ձեռքի պաշտպանողական մի շարժումը, որ հաստատ կաներ, եթե հենց այդ ուսի վնասվածքը չխանգարեր:
– Արսենը Ձեր որդին է: Հիմա ինչ ասում եք, Ձեր մեջ ավելի շատ հա՞յրը չի խոսում:
– Մենք հայր ու որդի ենք տանը, բայց՝ ոչ հավաքականում: Արսեն Ջուլֆալակյանը մարզումների ու հավաքների ժամանակ նույն կարգավիճակում է. ինչ հավաքականի մյուս անդամները: Նա մյուսների համեմատ ոչ մի առավելություն չունի՝ թիմակիցների հետ հավասար կատարում է գլխավոր մարզչի բոլոր հրահանգները: Ու եթե ոչ ավելի, ապա՝ առնվազն հավասար չափով: Հավաքականում բոլորն էլ ինձ համար հավասար են: Այնպես որ, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի պայքարելու, կամային որակների դրսեւորման իրողությունը հայր եւ որդի հարաբերությունների հետ ոչ մի առնչություն չունի, թեեւ դրա համար ուրախ եմ եւ որպես հայր, եւ որպես հավաքականի գլխավոր մարզիչ: Միջազգային մրցումներում՝ դրանք կլինեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններ կամ օլիմպիական խաղեր, խնդիրը երկրի հեղինակությունն է, այլ ոչ թե արյունակցական հարաբերությունը:
– Եվրոպայի քառակի չեմպիոն Յուրի Պատրիկեեւի այս անգամվա բրոնզե մեդալի մասին ի՞նչ կասեք:
– Յուրիի մակարդակի մասին խոսելն իսկ ավելորդ է: Մենք հավաքականում նրան  մոտավորապես հավասար երկրորդը չունենք: Իսկ ինչ վերաբերում է թուրք մրցակցին, միայն նա չէ, որ մակարդակով հավասար է մեր Յուրային: Միջազգային մրցագորգերում մեկ Յուրան կարող է հաղթել, մեկ թուրքը կամ այլ այլազգի: Ըստ ամենայնի, Յուրայի մրցակիցն այս անգամ ավելի լավ էր նախապատրաստվել:
– Յուրի Պատրիկեեւը տարվա մեծ մասը բնակվում եւ մարզվում է Կրասնոդարում: Գիտենք, որ նրա հետ մշտական կապ պահպանում եք: Հնարավո՞ր է, որ նա այս անգամ թերացել էր:
– Մեկ ճշտում. նա միայն դրսում չի մարզվում: Երբ մենք պլանավորում ենք, որ նա պիտի մարզումային մրցակիցներով ապահովված լինի, դա անպայման կազմակերպվում է, իսկ երբ ծրագրած լինում ենք հատուկ պատրաստություն, նա լինում է մեր բազայում, մեր հավաքականի հետ:
– Առաջնության հերոսը Ռոման Ամոյանն էր:
– Ամոյանը մարզավիճակի գագաթին էր եւ իդեալական հանդես եկավ՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ասում են, որ ՖԻԼԱ-ն նրան ճանաչել է Եվրոպայի առաջնության լավագույն ըմբիշ: Սպասենք: Մոտ օրերս այդ մասին պաշտոնական հայտարարություն է լինելու: Հուսով եմ, որ դա հենց Ռոմանն է լինելու:
– Մեր հավաքականում նորեկներ եւ երիտասարդներ էլ կային, որոնք լիովին արդարացրին մարզիչների սպասելիքները:
– Այո: Եվ դա մեզ ապագայի հույս է տալիս: Նորեկներից է 84 կգ քաշային 23-ամյա Արթուր Շահինյանը: Նա երիտասարդներից մեծերի հավաքական տեղափոխվելուց հետո առաջին անգամ լուրջ արդյունքի հասավ՝ Դորտմունդում դառնալով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար գոտեմարտում նա հանդիպեց գերմանացու հետ, որին երկրպագում էր ամբողջ դահլիճը: Մրցավարներն էլ ինչ-որ տեղ փորձեցին «բարի աչքով» նայել մրցագորգի տիրոջը: Բայց Շահինյանը, դրսեւորեվ պայքարելու կամք, նպատակասլացություն, հաղթեց ոչ միայն մրցակցին, այլեւ մրցավարներին ու գերմանացի երկրպագուներին ու նվաճեց բրոնզե մեդալ:
Հիմա գանք Արթուր Ալեքսանյանին: Գերմանիայում 96 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած գյումրեցի 20-ամյա ըմբիշի արածն իսկական հերոսություն էր: Անցած տարի նա աշխարհի երիտասարդների չեմպիոն դարձել էր 84 կգ քաշային կարգում: Նրան ես առաջադրեցի բարձրանալ մեկ աստիճան վեր, որպեսզի աճող օրգանիզմը ստիպված չլինի շատ կիլոգրամներ գցել: Դորտմունդում նա գրեթե իր սովորական քաշին էր՝ 94 կգ, իսկ մրցակիցները՝ ութից ինը կիլոգրամ ավելի: Սյսինքն՝ նաեւ մասսայով ու փորձով էին գերազանցում: Բայց Արթուրը պայքարեց մինչեւ վերջ: Նույնիսկ եզրափակչում նա չէր համակերպվում պարտության հետ ու մինչեւ վերջին վայրկյանը կռիվ էր տալիս:
– Արթուր Ալեքսանյանին տեսնո՞ւմ եք Լոնդոնի մրցագորգում:
– Ինչո՞ւ չէ: Եվ ոչ միայն նրան: Մեր նպատակը եկող օլիմպիական խաղերում հնարավորին չափ շատ՝ բոլոր յոթ քաշային կարգերում մասնակից ունենալն է եւ մեդալների համար պայքարելը:
– Բայց այս առաջնությունը ցույց տվեց, որ բացթողումներ, այնուամենայնիվ, կան:
– Այո: Անթերի աշխատանք չի լինում: Դրանց վրա պիտի աշխատենք: Դրա համար ֆեդերացիան, օլիմպիական կոմիտեն եւ նախարարությունը ոչինչ չեն խնայել ու սրանից հետո էլ չեն խնայի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել