Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջին հայկական 3D ֆիլմը՝ «Կուկարաչա»

Ապրիլ 07,2011 00:00

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ առաջին հայկական եռաչափ անիմացիոն «Կուկարաչա» ֆիլմի պրեմիերան:
Նախագծի հեղինակ եւ պրոդյուսեր Վահե Սարգսյանը խոստովանեց, որ երբ սկսում էին ֆիլմի նկարահանման նախապատրաստությունները, շատերը քմծիծաղով էին վերաբերվում այդ նախագծին, ասելով, որ Հայաստանում հնարավոր չէ նկարահանել լիամետրաժ 3D ֆիլմ: Ֆիլմի արտադրությունը տեւել է մոտ 4 տարի, իրականացվել է երկու խոշոր կազմակերպությունների համագործակցության արդյունքում՝ ռուսական Paradise եւ հայկական Touch FX: «Կուկարաչայի» վրա աշխատող հիմնական խումբը բաղկացած էր 15-20 հոգուց, իսկ բյուջեն կազմել է $4.5 մլն: Աշխարհահռչակ անիմացիոն ֆիլմարտադրող Մաքս Հովարդը զարմացած էր, որ հաջողվել է նման ռեսուրսներով այդպիսի ֆիլմ նկարահանել: Համեմատության համար Վ. Սարգսյանը նշեց, որ այսպիսի ֆիլմեր նկարահանելու համար, օրինակ, Walt Disney ընկերությունում աշխատում է 200-500 մարդ, իսկ բյուջեն տատանվում է $120-$150 միլիոնի միջեւ: Նրա խոսքերով՝ իրենց խնդիրն էր ապացուցել, որ հնարավոր է նմանատիպ նախագիծ իրականացնել Հայաստանում եւ քայլ առ քայլ զարգացնելով արտադրությունը՝ գումարներ ու մասնագետներ բերել մեր երկիր: «Մենք ունենք լավ բազա, ունենք Սահակյանց, ով դպրոց է հիմնել, որը ունի զարգացման հնարավորություններ: Ուղղակի պետք է ինտեգրվել համաշխարհային արտադրությանը եւ աստիճանաբար կատարելագործվել»,- ավելացնում է ֆիլմի պրոդյուսերը:
Մարտի 24-ին ֆիլմը ցուցադրվել էր նաեւ Մոսկվայում եւ բավականին լավ արձագանքներ ստացել: Առաջին շաբաթվա ընթացքում «Կուկարաչան» հավաքել է մոտ $1մլն, զարմացնելով նույնիսկ արտադրողներին:
 «Կուկարաչան», որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «շեկ խավարասեր», պատմում է հենց այդ կենդանիների մասին: Վ. Սարգսյանի խոսքերով, իրենք ցանկացել են ցույց տալ, որ պարտադիր չէ մարդուն գնահատել իր արտաքինով, պետք է հասկանալ մարդու էությունը, եւ բարին փնտրել ամենուր:
«Կուկարաչան» տեւում է 77 րոպե, սաունդթրեքը՝ «Բամբիռինն» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել