Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

Ապրիլ 07,2011 00:00

\"\"Վրաստանի պաշտոնյաներն առաջին պարզաբանումներն են տվել երկուշաբթի օրը Կոնգոյում տեղի ունեցած՝ վրացական Airzena ավիաընկերության օդանավի աղետի պատճառների վերաբերյալ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, օդանավը աղետի է ենթարկվել Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում՝ վայրէջքի պահին ուժեղ բախվելով թռիչքուղուն: ՄԱԿ-ի աշխատակիցների եւ խաղաղապահների տեղափոխող օդանավի անձնակազմի 4 անդամները Վրաստանի քաղաքացիներ էին, որոնցից երկուսը՝ հայկական ազգանունով: Օդանավի աղետից փրկվել է ուղեւորներից միայն մեկը, զոհվել է տարբեր երկրների, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի ու Ղազախստանի 32 քաղաքացի: Միակ փրկված ուղեւորը լրագրող է՝ Ֆրենսիս Մվամբան, ով հիվանդանոցում ինտենսիվ բուժում է ստանում: Նա պատմել է, որ աղետից առաջ շատ ուժեղ քամի էր, ու օդանավը սկսել է կտրուկ շարժվել: Մվամբան այլեւս ոչինչ չի հիշում, ուշքի է եկել հիվանդանոցում:
Reuters-ի փոխանցմամբ, Կոնգոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Ռոջեր Մեսեն ասել է, որ այդ երկրում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնելու պատմության մեջ սա ՄԱԿ-ի օդանավի առաջին աղետն է: Նա ընդգծել է, որ հիմա օգտակար չէ շահարկել վթարի պատճառները, որոնք կարիք ունեն հետաքննության: Airzena ավիաընկերության հանրության հետ կապերի պատասխանատու Նինո Գիորգոբիանին երեքշաբթի օրը Թբիլիսիում ասել է, թե վայրէջքի պահին օդանավը ուժեղ անձրեւի ու քամու տակ է ընկել, այդ պատճառով հարվածել է թռիչքուղուն, երկու մասի է բաժանվել եւ այրվել: Նրա խոսքերով, աղետի պատճառը կարող են լինել միայն եղանակային վատ պայմանները, քանի որ օդանավը անսարքություն չի ունեցել:
Մինչդեռ «Գրուզիա օնլայն» պարբերականը մեկ այլ վարկածի մասին է գրում. աղետի պատճառը կարող էր լինել ինքնաթիռի անսարքությունը:
Ըստ այս վարկածի, վերջին րոպեին համապատասխան սարքը ցույց է տվել, որ օդանավը գտնվում է 400 մետր բարձրության վրա, դա շփոթմունքի մեջ է գցել անձնակազմին, նրանք կտրուկ իջեցրել են օդանավը, բայց իրականում օդանավը գտնվել է գետնից մի քանի մետր բարձրության վրա, ու արդյունքում ուժեղ բախվել է գետնին ու կոտրվել: Այս վարկածի աղբյուրը համարվում է անձնակազմի հրամանատարը, որը մահացել է հիվանդանոցում, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել