Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԲԱԳԲՈՅԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԿԵՆԴԱՆԻ ՎԵՐՑՆԵԼ»

Ապրիլ 07,2011 00:00

\"\"Կոտ Դ’Իվուարի՝ միջազգայնորեն ճանաչված նախագահ Ալասսան Ուատտարայի ուժերը մարտի 6-ին գրոհել են իշխանությունը զավթած Լորան Գբագբոյի (նկարում)՝ Աբիջանում գտնվող նստավայրը: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Ուատտարայի ներկայացուցիչը: 5 միլիոն բնակչություն ունեցող այդ քաղաքում հնչել են ինքնաձիգերից արձակված կրակոցներ: Գբագբոյի կողմնակիցները Աբիջանում գտնվող ֆրանսիացի զինվորականներին մեղադրել են այդ գրոհին աջակցելու մեջ: «Դա նախագահ Գբագբոյին սպանելու փորձ է»,- հայտարարել է նրա ներկայացուցիչ Աուա Մելոն, թեեւ ՄԱԿ-ի խաղաղապահների ֆրանսիական համակազմի հրամանատարությունը հերքում է այդ տեղեկությունները: Ավելին, ըստ այլ աղբյուրների, Ուատտարայի կողմնակիցները մտադիր են Գբագբոյին «կենդանի վերցնել»:
Ավելի վաղ, Լորան Գբագբոն, որը հրաժարվել էր ճանաչել իր պարտությունը երկրում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, հերքել է իր՝ մրցակցի ուժերին հանձնվելու մասին տեղեկությունները: Նախօրեին ֆրանսիական LCI հեռուստաալիքի հետ հեռախոսազրույցում Գբագբոն հայտարարել էր, թե իր զորքերը քննարկում են կրակի դադարեցման պայմանները, բայց «քաղաքական մակարդակով որոշում դեռ չի ընդունվել»: «Ես հաղթել եմ ընտրություններում եւ չեմ քննարկում իմ հրաժարականի հարցը: Բացարձակապես անհավանական է, որ ամբողջ աշխարհն է այս պոկերը խաղում»,- հայտարարել է Գբագբոն:
Վերջինիս հայտարարությունն արմատապես տարբերվում է իր ներկայացուցիչ Մելոյի հայտարարությունից առ այն, թե բանակցություններ են ընթանում Գբագբոյի եւ նրա հարազատների անվտանգության երաշխիքների ու իրավական անձեռնմխելիության հարցերի շուրջ:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները եւս հայտարարել են, թե ընտրություններում պարտված Գբագբոյի երեք կողմնակիցներ բանակցում են դիմադրությունը անվտանգության երաշխիքների դիմաց դադարեցնելու շուրջ: Նրանց ասելով, բանակցությունները վարում են Գբագբոյի մերձավոր գեներալները:
Հիշեցնենք, որ երկրի ընտրված նախագահ Ուատտարայի եւ ընտրություններում իր պարտությունը չընդունող եւ փաստացի գործող նախագահ Գբագբոյի կողմնակիցների միջեւ դիմակայությունը շարունակվում է արդեն ավելի քան մեկ ամիս: Կոտ Դ’Իվուարում նախագահական ընտրություններից հետո ծայր առած բողոքի զանգվածային ակցիաների եւ զինված գործողությունների արդյունքում սպանվել է մի քանի հարյուր մարդ, շուրջ մեկ միլիոնը լքել է իր բնակատեղին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել