Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՅՈՒՆԻՑ ՇՈՈՒ ՉԵՆՔ ՍԱՐՔՈՒՄ»

Ապրիլ 07,2011 00:00

ԿԳ նախարարը հավաստիացնում է, որ կաշառակերներն իրենց արժանի պատիժը ստանում են

«Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների 2010թ. հետազոտության» տվյալներով, 2010 թվականին կրթության ոլորտը համարվել է ամենակոռումպացված ոլորտներից մեկը: Մեկ այլ, նոր հրապարակված «Ուսանողների ընկալումը բուհական համակարգում կոռուպցիայի մասին» զեկույցի համաձայն, կոռուպցիայի երեւույթի տարածվածության մակարդակը 68,6% է: Հարցվածների ընդամենը 5,5%-ն է կարծում, որ կրթական համակարգում կոռուպցիա չկա: Զեկույցում ներկայացված գծապատկերից պարզ է դառնում, որ հարցվածների գրեթե 2/3-ի գնահատմամբ, պետական մարմինները կոռուպցիայի դեմ կամ չեն պայքարում (մոտ 27%), կամ ընդամենը ձեւ են անում, թե պայքարում են (գրեթե 36%): Նման պայքարի դրսեւորումներ տեսնում է հարցվածների միայն 27,6%-ը, բայց յուրաքանչյուր 3 հարցվածից 1-ն է կարծում, թե այդ պայքարն արդյունավետ է:
Հարցված ուսանողների 40%-ն այն կարծիքին է, որ բուհական կոռուպցիան պայմանավորված է համակարգի անկատարությամբ: Հարցվածների երկրորդ մեծ խմբաքանակը՝ յուրաքանչյուր 4-րդը, երեւույթի հիմնական պատճառը տեսնում է ուսանողների ծուլության մեջ: Միեւնույն ժամանակ՝ զեկույցը փաստում է, որ ուսանողներն առավել հակված են մեղադրել համակարգին, քան իրենք իրենց:
Պատկան մարմինները բացասական այս երեւույթից ձերբազատվելու համար գոնե տեսականորեն ջանքեր չեն խնայում: Նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ ԿԳՆ-ն ընդունեց «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թթ. միջոցառումների համալիր ծրագիրը»: Երեկ էլ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը ՀՀ ԿԳՆ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել էր «Բարձրագույն կրթության ոլորտում թափանցիկության ու արդարության ավելացում» թեմայով համաժողով:
«Բուհական համակարգում կոռուպցիոն երեւույթները թե՛ ներբուհական ընդունելության քննությունների, թե՛ ընդունելության քննությունների ընթացքում պայմանավորված են եղել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի խնդրով»,- ելույթի ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, չնայած նախորդ տարի նախարարությունը կրճատեց տարկետման իրավունքով տեղերը, բայց այդ քայլերը դեռեւս բավարար չեն: Նախարարի համոզմամբ, Հայաստանի պայմաններում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ամենաճիշտ մոտեցումը կրթական տարկետումներ չտրամադրելն է եւ ոչ մի հաստատության: Նախարարը գտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ոչ մի նախարարություն միայնակ, այդ թվում՝ ԿԳՆ-ն, ի վիճակի չէ հարց լուծել, կարեւոր է հասարակական լայն ճակատի ձեւավորումը: Ա. Աշոտյանը հավաստիացրեց, որ վերջին 3-4 ամիսների ընթացքում, ինչ սկսել է գործել հակակոռուպցիոն ծրագիրը եւ ռազմավարությունը, կոռուպցիոն երեւույթները նվազել են: Նրա փոխանցմամբ, պատժվողներ եւս եղել են, մի շարք բուհերում եղել են աշխատանքից ազատումներ: Հարցին՝ քանի՞ հոգի են պատժվել, նախարարը այսպես պատասխանեց. «Դուք արյուն եք ուզում, հանգիստ եղեք, արյուն կա, բայց մենք այդ արյունից շոու չենք սարքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել