Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննադատությունները չսթափեցրին

Ապրիլ 07,2011 00:00

Անհրաժեշտ է սառեցնել Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված մրցույթները

ՀՀ ճգնաժամային տարիներին գիտության պահպանումը եւ զարգացումը ՀՀ-ում հատկապես իրականացվեց գիտնականների «անկախությունը» պայմանավորող թեմատիկ ֆինանսավորմամբ: Այսօր թեմատիկ ֆինանսավորմանը հատկացված պետական գումարները բավականին սուղ են եւ դրանց օգտագործումը պահանջում է գիտա-պետական նուրբ քաղաքականություն: ՀՀ գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ) իր կազմակերպած մրցույթներով, հատկապես՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2010թ. հոկտեմբերի 18 -ի N 1519 – Ա/Ք հրամանի վրա հիմնվող մրցույթով վերջնականորեն հաստատեց, որ անկարող է իրականացնել ՀՀ գիտության զարգացման քաղաքականություն: Չեմ ցանկանում դարձյալ անդրադառնալ մրցույթի ձախողումը ամրագրող բազմաթիվ պատճառներին եւ փաստարկներին՝ այդ մասին արդեն բազմիցս նշվել է ՀՀ վարչապետին, ՀՀ ԿԳՆ նախարարին եւ ԳՊԿ նախագահին ուղղված նամակներում եւ լրագրերում /https://www.
aravot.am/am/articles/guidepark/0/view/all; https://lragir.am/armsrc/society45834.html եւ այլն/: Կցանկանայի անդրադառնալ այդ փաստարկների վերաբերյալ ԳՊԿ ղեկավարության արձագանքին, որը, մասնավորապես, արտացոլվում է նամակների՝ ԳՊԿ նախագահի պատասխաններում, բողոքարկումների եւ հայտարարված մյուս մրցույթների փորձագիտության կազմակերպման գործընթացում (ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից հայտարարված գիտական հետազոտությունների ծրագրերի աջակցության «ԳՊԿ-ՀՀԲՀՀ-2011» համատեղ մրցույթ, «Արցախի գիտաշխատողների աջակցության ծրագիր-2011» մրցույթ, «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2010» մրցույթ):
Ակնհայտ է, որ բազմաթիվ օբյեկտիվ քննադատություններն անգամ չսթափեցրեցին ԳՊԿ ղեկավարությանը՝ կոնկրետ հարցադրումներին դարձյալ տրվում են անորոշ պատասխաններ, եւ այսօր էլ նույն «ոգեւորությամբ» եւ նույն «որակյալ փորձագետների» միջոցով շարունակվում է մրցույթի բողոքարկումների «վերլուծությունը»: ԳՊԿ-ի կողմից, այս անգամ էլ, անհիմնորեն հետաձգվեց բողոքարկման արդյունքների հրապարակումը: Կան տեղեկություններ, որ հայտարարված մյուս մրցույթների փորձագիտությունը, մասնավորապես՝ կենսաբանական գիտությունների բնագավառում, շարունակվում է ԳՊԿ «թայֆայության» նույն, արդեն բազմակի անգամ քննադատված «համընդհանուր մասնագետ-փորձագետների» միջոցով:
Արտահայտելով բազմաթիվ գիտաշխատողների կարծիքը եւ նշելով, որ գյուղատնտեսական, կենսաբանական, առողջապահական եւ էկոլոգիական գիտությունները եւս վտանգված են, առաջարկում եմ չխուսափել առողջ փորձաքննություն ապահովելու նպատակով թեմաների ֆինանսավորման եւս մեկ-երկու շաբաթվա հետաձգումից, պետք է կասեցնել ԳՊԿ անպատասխանատու գործունեությունը, պետք է գիտությանը հատկացված ֆինանսական միջոցները ծառայեցնել գիտության զարգացմանը: Անհրաժեշտ է անհապաղ սկսել բոլոր հայտերի (նաեւ՝ ԳՊԿ երաշխավորված) նոր, ԳՊԿ-անկախ գիտական փորձաքննություն: Մյուս կողմից, նույն նպատակով, առայժմ պետք է սառեցվեն նաեւ ԳՊԿ կողմից հայտարարված մյուս բոլոր մրցույթները:
Հարցադրումն ունի պետական նշանակություն, եւ ակնկալում ենք ՀՀ կառավարության օժանդակություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել