Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՉԱՐԻՔԸ

Ապրիլ 07,2011 00:00

Երկրի տերը նախագահի աթոռն է, ոչ թե ժողովուրդը

Մենք բոլորս ապրում ենք մի երկրում, ուր պետական եւ ոչ մի կառույց լիարժեք չի ծառայում ժողովրդին, չնայած վարձատրվում է ժողովրդի կողմից գանձված գումարներից: Ներկայիս պետական կառավարման համակարգում այդ ծառայությունները ցանկացած օրինախախտման դեպքում, կլինի այն բնապահպանական, մարդու իրավունքների, քրեական թե ցանկացած այլ բնագավառի, պատասխանատվություն են կրում ըստ վերադասի ցանկության, ոչ թե ըստ օրենքի կամ ժողովրդի պահանջի: Հետեւաբար նրանք վերածվում են կամակատարների մի ամբոխի, որը գործում է այնպես, ինչպես վերադասը կթույլատրի: Վերադաս, ով հնարավորություն ունի անտեսել ոչ միայն օրենքն ու սահմանադրությունը, այլեւ ժողովրդի պահանջները: Նման պետություններում թե ժողովուրդը, թե ընդդիմադիր կառույցները իրավազուրկ են եւ չունեն որեւէ լծակ երկրում ընթացող գործընթացների վրա ազդելու համար: Հասկանալու համար, թե որտեղից է վերադասը նման հնարավորություններ ստանում, բավական է բացել ՀՀ սահմանադրությունը եւ կարդալ «նախագահի լիազորություններ» բաժնից գոնե առաջին հոդվածը: Միայն հիմարը կամ անգրագետը, ով տառաճանաչ չէ, կարող է չհասկանալ, որ նման լիազորություններին տիրապետող անձը միմիայն կամովի պետք է ենթարկվի օրենքին, ինչը սովորաբար չի լինում: Հետեւաբար հարց է ծագում, ինչպես կարելի է հույս ունենալ, որ ոստիկանությունը, դատարանները, վերահսկիչ պալատը, Սահմանադրական դատարանը, կառավարությունը եւ պետական այլ կառույցներ կծառայեն ժողովրդին: Բնական է, որ առաջին հերթին նրանք կծառայեն այն անձին, ով բազմած է նախագահի աթոռին: Եթե հաշվի առնենք տնտեսական ծանր իրավիճակը, ուր գոյատեւելն անգամ բարդ խնդիր է, ուր անհնար է առանց վերադասի հովանավորության ապահով զբաղվել որեւէ գործով, ապա միանգամայն պարզ է, թե ինչու են պետական ծառայողները, մեծահարուստները եւ այլ անձինք վերածվում կամակատարների: Նման միջավայրում պարզ եւ հասկանալի է, որ ազնիվ, սկզբունքային եւ հայրենասեր անձը չի կարող ենթարկվել այդ կանոններին եւ հետեւապես չի կարող տեսանելի դաշտում հայտնվել, նա դուրս կմղվի բոլոր պետական կառույցներից: Հետեւաբար պարզ եւ հասկանալի պետք է լինի նաեւ այն, թե ինչու Ազգային ժողովում, թե պետական մյուս կառույցներում հայտնվում են հասարակությունում ցածր արժեք ունեցող անձինք եւ նրանց թիվը գնալով ավելանում է:
Այժմ անդրադառնանք չարիքի ծնունդին: Այն սկիզբ առավ 1990-ական թվականներին, երբ արցախյան շարժման արդյունքում իշխանության եկած անձինք չկարողացան դիմակայել իշխելու գայթակղությանը: Սկզբնական շրջանում մեծ լիազորություններ տրվեցին վարչապետին, այնուհետեւ՝ նախագահին: Վերջինս էլ այդ լիազորությունները չարաշահելով՝ կարողացավ քաղաքական դաշտից դուրս մղել եւ զրկել հակառակորդներին՝ պետական գործընթացներին միջամտելու հնարավորությունից: Դրանից հետո հանրաքվեի դրվեց իրենց իսկ նախապատրաստած սահմանադրության նախագիծը: Ժողովուրդը, չնայած տեղեկատվության պակասին, զգալով վտանգը, չընդունեց ներկայացված նախագիծը, բայց քանի որ պետական կառավարման ողջ համակարգը արդեն կենտրոնացված էր մի խումբ մարդկանց ձեռքին, նրանք կեղծեցին հանրաքվեի արդյունքները եւ ամրագրեցին այդ չարաբաստիկ նախագիծը: Այսպիսով՝ ժողովրդի ձեռքից վերջնականապես խլվեց իշխանությունը, պետությունում հաստատելով «սուլթանի եւ շեյխերի» տիրապետություն: Երկիրը բզկտվեց ու ենթարկվեց թալանի եւ մինչ այժմ շարունակում է կրել թե տնտեսական, թե բարոյահոգեբանական ահռելի վնասներ: Խորտակվեց ժողովրդի մեջ հավատը երկրում արժանապատիվ եւ բարեկեցիկ ապագա ունենալու հանդեպ: Սկսվեց մեծ արտագաղթ, որը մինչ այժմ շարունակվում է: Այս ամենը հանգեցրել է ներկայիս սոցիալ- տնտեսական, բարոյահոգեբանական եւ քաղաքական խոր ճգնաժամի: Նման իրավիճակի պահպանումը կարող է հանգեցնել թե պետության, թե հայրենիքի կորստի:
Արդեն տասնվեց տարի է՝ Հայաստանում գործող քաղաքական խմբավորումները պատերազմ են մղում կեղծիքով ձեւավորված իշխանական աթոռների համար եւ դեռ քաղաքական թատերաբեմում չի հայտնվել այն ուժը, որը կառաջնորդի ժողովրդին ոչ թե աթոռակռվի, այլ նոր սահմանադրության ընդունման, նոր կառավարման համակարգի ձեւավորման, ի վերջո՝ նոր պետության ստեղծման: Պետություն, ուր ցանկացած պաշտոնատար անձ եւ պետական կառավարման միավոր ստիպված կլինի գործել օրենքով եւ ծառայել ժողովրդին ու հայրենիքին, այլ ոչ թե մեկ անձի կամ խմբի: Չկա այսօր այն ուժը, որը կձգտի առաջին հերթին վերադարձնել ժողովրդին նրանից խլված իշխանությունն ու արժանապատվությունը:
Այժմ մի քանի խոսք պետական կառավարման համակարգերի մասին: Գոյություն ունեն ընդամենը երեք տեսակի կառավարման համակարգեր.
– Միապետական, երբ պետական կառավարման բոլոր մարմինները ենթարկվում են մեկ անձի:
– Խմբակային, երբ կառավարման լծակները գտնվում են մեկ խմբի ձեռքին:
– Ժողովրդավարական, որի հիմնական հատկանիշներից առաջնային է այն, որ ժողովուրդը ունի հզոր լծակներ՝ կառավարման մարմինների վրա ազդելու, իսկ նրանք էլ տարանջատված են այնպես, որ հնարավոր չէ նրանց միավորումը եւ կառավարումը մեկ կենտրոնից, այսինքն՝ անհնարին է զավթել իշխանությունը:
Ցավոք սրտի, Հայաստանում գործում է 70% -ից ավելի միապետական, իսկ մնացած մասով՝ խմբակային կառավարման մի համակարգ, որը ժողովրդավարության հետ բացարձակապես որեւէ կապ չունի:
Ներկա արատավոր միջավայրում դեռ մի կերպ կարելի է հասկանալ պետական ծառայողների կամակատար պահվածքը, կուսակցությունների աթոռակռիվը՝ գահին բազմելու համար, բայց անհասկանալի է, այսպես կոչված, քաղաքագետների, պետական կառավարման մասնագետների ստրկամտության զարհուրելի աստիճանը. որտեղից այն սարսափելի ատելությունը սեփական ժողովրդի հանդեպ, որը մղում է նրանց դրական գույներով ներկայացնել ներկա սահմանադրությունը: Մի՞թե նրանք այնքան տգետ են, որ պարտադիր սահմանադրության նախաբանում պետք է գրված լիներ, որ երկրի տերը նախագահի աթոռն է, իսկ ժողովուրդը՝ ճորտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել