Ընթացիկ տարում պետական բյուջեից մոտ 250 միլիոն դրամ կհատկացվի Սյունիքի մարզի ավագ դպրոցների բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքների համար: Ավելի քան 110 միլիոն՝ Սիսիանի ավագ դպրոցի համար, 68 միլիոն՝ Կապանի թիվ 2 ավագ դպրոցին, 50 միլիոն՝ Կապանի թիվ 9 ավագ դպրոցին:
Իսկ Համաշխարհային բանկի աջակցությամբ, «Նախադպրոցական կրթության որակի եւ մատչելիության ապահովման» ծրագրով մարզի 20-22 համայնքներում կներդրվի մոտ 250 հազար դոլարին համարժեք դրամ: Սյունիքի մարզի 7 դպրոց ՀՀ նախագահի «Դպրոցների համակարգչայնացում» ծրագրի շրջանակում մինչեւ մայիսի 1-ը կստանա 70 համակարգիչ, յուրաքանչյուրը՝ 10 հատ: Իսկ մինչ եկող ուստարվա սկիզբ՝ Սյունիքի ավագ դպրոցները կստանան տեխնիկական պարագաներ, գրադարանային կահույք: