Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԶՈՐԱՑՐՎԱԾ ՉԵՄ

Ապրիլ 07,2011 00:00

Փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը եղել է պաշտպանության նախարարության Գյումրիի N զորամասի հետախուզական դիվիզիոնի հրամանատար, զինղեկ՝ տարբեր դպրոցներում: 15 տարի առաջ «անհամապատասխանության համար» ազատել են աշխատանքից, մինչ օրս զորացրված չէ եւ պահպանել է զինվորական համազգեստն ու կոչումը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է կրում այդ համազգեստը, երբ զինված ուժերում չէ, Ա. Հովհաննիսյանը պատասխանում է. «Համազգեստ կրելու իրավունք ունեն բոլոր նրանք, ովքեր ծառայում են, նրանք, ովքեր թոշակի են անցել 20 տարի ծառայելուց հետո եւ՝ ովքեր դասավանդում են զինվորական գործ: Ես մինչ օրս զորացրված չեմ: Համազգեստ կրում եմ ավելի քան 50 տարի»:
15 տարի առաջ պաշտպանության նախարարի տեղակալ Նորատ Տեր-Գրիգորյանցի որոշմամբ փոխգնդապետի՝ աշխատանքից ազատվելու հարցով նշանակվեց ծառայողական քննություն, որն այդպես էլ չավարտվեց:
Ալբերտ Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ 08.08.10թ. Հատուկ քննչական ծառայության աջակցությամբ պարզվեց. «ՀՀ պաշտպանության նախարարի 14.09.95թ. 2756 հրամանով ինձ անհիմն զորացրման հիմք հանդիսացած ատեստացիան իրականում չի անցկացվել, ինչը պնդել եմ 15 տարի շարունակ»:
Պաշտպանության նախարար Ս. Օհանյանին օրեր առաջ ուղարկած նամակում փոխգնդապետը գրում է. «Այս անհիմն «պիտակից» ինձ վերջապես «ազատելուց» հետո, այլ պիտակներ չեմ ունեցել, բացի նրանից, որ միակն եմ եղել, այնպիսին, որ եթե ՀՀ ԶՈՒ-ում 2-րդն իմ տվյալներով հայտնաբերեք, ես կհրաժարվեմ իմ բոլոր պահանջներից»:
Ալբերտ Հովհաննիսյանն ասում է, որ Ս. Օհանյանի թույլտվությամբ, սկսած 2010 թվականից, ստանում է «գոյատեւման զինթոշակ», որից զրկված է եղել 15 տարի: Այդ գումարը կազմում է 70 000 դրամ:
Նախորդ տարիների գումարները դեռ չեն վերականգնվել:
Փոխգնդապետն իր խախտված իրավունքների մասին դիմել է նախկին եւ ներկա զինդատախազներին, գլխավոր դատախազին. «Դիմելու կամ բողոքելու այլ եղանակ, մոտեցում, պարզաբանում կա՞, բառեր կան, որոնք չեմ օգտագործել, որը կսթափեցնի, դեմքով կշրջի բոլորին, ում դիմել եմ, ինչու չէ՝ նորանշանակ զինդատախազին, որ հարցիս վերջնական լուծում տրվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել