Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

50-Ը ՔԻՉ Է, ԳՈՆԵ 70 ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻՍՏ ԳՏԵՔ

Ապրիլ 07,2011 00:00

Մաշկավեներաբանները դժգոհում են, որ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ծրագիրը մարզերից տեղափոխել են մայրաքաղաք

\"\"

Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի մաշկավեներաբան, նույն պոլիկլինիկայում գործող «Ուսուցում հանուն առողջության պահպանման» կենտրոնի համակարգող Սեդրակ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում դժգոհություն հայտնեց, որ, ինչպես բժշկական մյուս ծրագրերը, այս մեկն էլ հարկ համարեցին կենտրոնացնել Երեւանում: Բանն այն է, որ տղամարդ հոմոսեքսուալիստներով հարուստ Գյումրիից բացի, «Ուսուցում հանուն առողջության պահպանման» կենտրոնը փակել են նաեւ Վանաձորում: Եվ սա այն դեպքում, երբ վերջին շրջանում հաճախակի է խոսվում Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճման մասին, եւ առաջին հերթին մատնանշվում են հենց Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչները, որոնք կամ խոպան մեկնելուց հետո վարակված են վերադառնում, կամ ծպտված սեռական կյանքով են ապրում ու տհաճ հետեւանքներից զերծ չեն մնում: Ստացվում է, որ այսուհետեւ որքան էլ մասնագետները փորձեն ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց ճշգրիտ թիվ ներկայացնել, միեւնույն է՝ այն չի արտացոլելու իրական վիճակագրությունը, քանի որ մարզերի տղամարդ հոմոսեքսուալիստները տեսադաշտից դուրս են մնալու: «Առավոտի» հետ զրույցում բժիշկ Պետրոսյանն ասաց, որ կենտրոնը Գյումրիում բացվել էր անցած տարվա ապրիլից եւ նպատակը «տղամարդկանց հետ սեռական կապեր ունեցող տղամարդկանց» ՄԻԱՎ-ի մասին գիտելիքներ տալն էր, հետազոտման մեջ ներգրավելը, ստուգելն ու հիվանդությունը հայտնաբերելը: Կենտրոնը նրանց ապահովել է նաեւ պահպանիչ միջոցներով ու տրամադրել տեղեկատվական նյութեր: Մեր զրուցակցի խոսքերով, դեռ մի տարին չլրացած՝ կենտրոնը փակել են, պատճառաբանելով, որ աշխատակիցները Գյումրիում համապատասխան թվաքանակով հոմոսեքսուալիստների չեն հայտնաբերել, չեն հետազոտել:
«Ավանդապաշտ Գյումրիում այդ կարճ ժամանակահատվածում մենք 57 շահառուի արդեն իսկ հայտնաբերել էինք, ուղիղ կեսին էլ ստուգման էինք ենթարկել, որը, իմ կարծիքով, գերազանց ցուցանիշ է: ՄԻԱՎ-ի մեկ դեպք է հայտնաբերվել, որին ուղարկել ենք ՄԻԱՎ կենտրոն՝ բուժման: Միգուցե այս թիվը Երեւանի համար չնչին է, իրենից բան չի ներկայացնում, բայց մեր քաղաքի համար ահռելի է: Ուղղակի չեն պատկերացնում, թե Գյումրիի նման քաղաքում, որտեղ մարդիկ ամեն ինչ կոծկում են, ինչքան դժվար է հոմոսեքսուալիստներին ի հայտ բերելն ու առավել եւս՝ բուժհիմնարկ ներկայացնելը: Դժվար է ասել, թե մարդիկ վերմակի տակ ինչով են զբաղվում: Կենտրոնի երեւանյան պատասխանատուները ավելի մեծ քանակ են պահանջում, օրինակ՝ 70, բայց չեն պատկերացնում, թե դժվար պայմաններում այդպիսի մեծ ցուցանիշ ապահովելն արդեն իսկ հերոսություն է: Միգուցե Գյումրիում հոմոսեքսուալիստների թիվը շատ մեծ է, իրավապահների մոտ գրանցված են, բայց չպիտի մոռանանք, որ մարդիկ իրենք իրենց կամքով պիտի գան ու մեզ դիմեն»,- ասաց մեր զրուցակիցը: Ըստ նրա, թեեւ հետազոտություններն անանուն են, սակայն ինքը թիվ ուռճացնելու, նկարելու ցանկություն չունի: «Սա էն դեպքը չէ, որ նստես ու նկարես, ես 10 տարի աշխատել եմ միջազգային կազմակերպություններում ու միշտ էլ ռեալ պատկեր եմ ներկայացրել, իսկ էս մարդկանց Սովետական միությանը բնորոշ հաշվետվություն է պետք»,- վրդովված ասում է մեր զրուցակիցը: Նրա ներկայացմամբ, «Գլոբալ ֆոնդի առաքելություն Արեւելք» կազմակերպությունը մարտի 1-ին մոնիտորինգ է անցկացրել Գյումրիի «Ուսուցում հանուն առողջության պահպանման» կենտրոնում ու դժգոհ մնացել ինչպես շահառուների թվաքանակից, այնպես էլ կենտրոնի աշխատակիցների կրթությունից: «Պատճառաբանում են, թե աշխատակիցները չունեն համապատասխան որակավորում, մինչդեռ մենք սեպտեմբերին ստացել ենք այսպիսի որակավորում, պատճառաբանությունները, իմ կարծիքով, սուբյեկտիվ են, եթե անգամ թերություններ կային, կարելի էր ժամանակ տալ շտկման: Եթե անգամ չեն ուզում այս ծրագիրը իմ հետ շարունակել, թող ինձ դուրս հանեն, բայց շարունակեն. սա անհրաժեշտ է մեր մարզին, Շիրակում նման ուղղվածությամբ ծրագիր չկա: Կարծում եմ՝ կենտրոնի ղեկավարը՝ սփյուռքահայ Ռաֆի Դուդակլյանը բարեկիրթ, հայրենասեր անձնավորություն է, ուղղակի շրջապատված է այնպիսի մարդկանցով, որոնք իրեն ճշգրիտ ինֆորմացիա չեն ներկայացնում»,- ենթադրում է բժիշկ Պետրոսյանը: Մեզ կենտրոնի փակման հետ կապված այդպես էլ չհաջողվեց զրուցել Ռաֆի Դուդակլյանի հետ, թեեւ պատրաստ ենք լսել նաեւ նրա պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել